Եկեղեցու վերանորոգումը հաջորդ Աբբաների օրոք – Գրադարան – Mashtoz.org

Եկեղեցու վերանորոգումը հաջորդ Աբբաների օրոք

Նախևառաջ, Մխիթարի անմիջական Հաջորդի՝ Մելգոնյան Աբբահոր գահակալության առաջին տարիներին եկեղեցու բեմը մի քանի աստիճան վեր բարձրացվեց, որի հետ՝ նաև Ավագ Խորանը, այն իր սկզբնական դիրքից ավելի ետ տանելով: Իսկ դասը Ավագ Խորանի առջև փոխադրվեց, ըստ ազգային ծիսական սովորության: 1816 թվականին, պարոն Աղեքսանդր Ղարամյանն Ավագ Խորանի ետևում իր ծախսով շինել տվեց սյունակերտ, եռանկյունաձև վերնազարդով կամարը, երեք արձաններով և Աստոլֆոնի նկարչի ձեռքով նկարված Սուրբ Ղազարի յուղաներկ պատկերով, որն այդտեղ մնաց մինչև 1899 թվականը: Նույն բարերարի ծախսով ընդարձակվեց նաև ավանդատունը, այնտեղի խորանը զարդարվեց մարմարե քարերով, որմերն ու դարանները դրվագվեցին ընկույզի փայտով: Այս ամենը նշված է ավանդատան ավազանի վերևում տեղադրված արձանագրության մեջ, որն ասում է.

 
Ի վայելչութիւն փառաց տանն Աստուծոյ
Աղեքսանդր Ռաֆայէլ Ղարամեան
յօժարեցայ
կճեայ սեամբք վերնազարդ յօրինուածովք և նոր պատկերաւ
պայծառացուցանել զԱւագ Խորան եկեղեցւոյս
կանգնեալ և զխորան աւանդատանս
համօրէն զարդուք որմոցն և յատակին և աւազանին
և բացմամբ երկուց կողմնական դրանց եկեղեցւոյս
յիշատակ անմոռաց բարեացապարտ դաստիարակին իմոյ
Յարգոյ Հօր Նիկողայոսի վարդապետի Բուզայեան
ի թուին Հայոց ՌՄԿԷ. յամի Տեառն 1816. ի մայիսի 30:
 
Նույն ժամանակներում նորոգվեց նաև եկեղեցու հատակը. նախկին աղյուսապատ շերտի փոխարեն դրվեցին մարմարե սալեր: Վաթսունական թվականներին ներկվեցին եկեղեցու տանիքն ու պատերը, բայց դարձյալ մնացին նույն անշուք պարզության մեջ: 1884 թվականին վերցվեցին դասի ծանր նստարանները, որոնք պատրաստված էին ընկուզենու փայտից, և դրանց տեղը դրվեցին այժմյան նուրբ ու թեթև նստարանները և կարմրագույն մարմարից շինված գեղեցիկ վանդակասյունը:

Բայց եկեղեցու նորոգման և ձևափոխման գործում ամենաուշագրավ նորությունները տեղի ունեցան Տասնիններորդ դարի երկրորդ կեսին, Կյուրեղյան Աբբահոր օրոք: Բեմն ընդարձակելու նպատակով քանդվեց խորանաձև ճակատը, որի սյուները փոխադրվեցին գավիթ, և կառուցվեց կամարազարդ կոնքը, հինգ նրբաձև պատուհաններով, որոնցից կենտրոնական երեքի մեջ զետեղվեցին նկարազարդ, գույնզգույն ապակիներով պատրաստված Սուրբ Ղազարի, Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի սրբապատկերները, մինչ երկու կողմնակի պատուհանները դարձյալ գունագեղ ապակիներով զարդարվեցին բուսական պատկերներով: Ավագ Խորանը է՛լ ավելի ետ տարվեց և բեմի վրա ընդարձակ տարածք գոյացավ, որով հնարավորություն ստեղծվեց ավելի հանգիստ կերպով և գեղեցիկ շուքով կատարելու եկեղեցական արարողությունները: Բեմի երկու կողմնակի որմերի վերնամասում նկարվեցին գլխավոր Առաքյալների պատկերները, իսկ խմբարանի կամարակիր սյուների վերևում, ոսկեզօծ խճանկարով պատրաստված շրջանակների ներսում, հետագայում պատրաստվեցին նույնպես խճանկար սրբապատկերներ հայազգի Սրբերի ու Սրբուհիների դիմանկարներով: Կապուտակ ու աստղազարդ առաստաղը կազմում է սրբարանի երկինքը, ուր մարդու աչքը բարձրանում է՝ որմերի ու կամարների վրա ցանված ոսկեգույն խաչերի միջով անցնելով: Ահա այսպես, ամեն բան խորհրդավոր է այնտեղ, ուր ամեն միտք ակամա սկսում է խորհել Անհունի մասին և ձգտել նրան ու պաշտել, իսկ ամեն սիրտ՝ սուրբ խաղաղության մեջ կամենում է սիրել անսահման գեղեցկությունը: Ապա մաքրվել ու նկարազարդվել են նաև ավանդատունն ու գավիթը: Վերջինիս առաստաղին նկարվել են երեք սրբապատկերներ. մեջտեղինը ներկայացնում է Տիրամորը, որ մայրական գորովով հսկում է Մխիթարի մենաստանի վրա, իսկ մյուս երկուսը ներկայացնում են Հիմնադրի վարքի մեջ պատմված տեսիլքները:

Արդ անցնենք հիշատակելու վանքի մյուս մասերի կառուցումը ևս, ըստ ժամանակագրական հերթականության:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։