Երկու անգամ ծանր հիվանդանում է – Գրադարան – Mashtoz.org

Երկու անգամ ծանր հիվանդանում է

Այդ միևնույն 1698 թվականին, երկու անգամ, գարնանը և ամռան սկզբին, վանքում տարածվեց մի տարափոխիկ ծանր հիվանդություն, որով Մխիթարից բացի գրեթե բոլորն էլ վարակվեցին: Նա անզգույշ ու անխոհեմ գտնվելու աստիճան անձնվիրությամբ հոգում և խնամում էր բոլորին, ծառայում, սրտապնդում, մինչև որ ինքն էլ ծանր կերպով հիվանդացավ, երբ մյուսներն արդեն ապաքինվելու վրա էին: Այնպիսի սաստիկ գլխացավ էր ունենում, որ կարծում էր, թե աչքերի բիբերը դուրս էին գալիս: Անփորձ մի բժիշկ, գլխացավն արյան առատության հետևանք համարելով, ճակատի մի երակը բացեց, ինչից նա չափազանց արյուն կորցրեց և մահվան դուռը հասնելու չափ տկարացավ: Վանքում բժշկի ու դեղերի պակասության պատճառով գնաց քաղաք, իր բարեկամ Պողոսի տուն, ուր թեև ամեն խնամք ու դարման անպակաս էին, բայց տանտերը վախենալով, թե կարող է մեռնել և իրեն կարող են Մխիթարի մահվան համար պատասխանատու համարել, նրան տարավ հասարակաց մի իջևանատուն: Մխիթարի միակ խնամողը եղավ Հովհաննես աշակերտը, որն իր վարդապետի օրինակով սովորել էր անտրտունջ համբերություն ցավերի և արիություն՝ ձախորդ պատահարների մեջ: Սակավ ժամանակում Մխիթարը բոլորովին առողջացավ, վանք վերադարձավ և նորից սկսեց դաստիարակության և ուսուցչության իր գործն ու գրավոր աշխատանքները:

Այդ առաջին տկարությունից հազիվ էր կազդուրվել, երբ մի քանի ամիս հետո, այդ նույն տարվա ձմռան սկզբում, մի սաստիկ հազով բռնվեց, որն իրեն տանջում էր գիշեր ու ցերեկ: Կոկորդը ներսից ուռելով գրեթե ամբողջովին փակվեց, խեղդվելու աստիճան գրեթե, այնպես, որ հեղուկ կերակուրներն անգամ հազիվ էր կարողանում կուլ տալ: Այսպես, Մխիթարի դալար հասակն անընդհատ ցավերի ու տառապանքների մեջ անցավ, հիվանդությունների դեմ մաքառելով և միշտ մահվան եզերքին խարխափելով: Այս անգամ ևս ստիպվեց քաղաք գնալ, ուր փոքր ինչ խնամքն ու զգուշությունը բավական եղան նրան հազից ազատելու:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։