Եփրեմ Պատրիարքի հարուցած հալածանքը – Մխիթարն ապաստանում է Վեղարավորների վանքում – Գրադարան – Mashtoz.org

Եփրեմ Պատրիարքի հարուցած հալածանքը – Մխիթարն ապաստանում է Վեղարավորների վանքում

Մխիթարի Պոլիս հասնելուց հետո, գրեթե մեկ տարվա ընթացքում (1700 թվականի Հուլիսից մինչև 1701 թվականի Սեպտեմբերը), երեք Պատրիարքներ – Մխիթար Կորդվացին, Մելքիսեթ Սուպհին և Եփրեմ Ղափանցին – կռիվների ու ժխորի մեջ, բռնությամբ կամ կաշառքով, հաջորդաբար ելան ու ընկան Պատրիարքական Աթոռից: Որոտացող մրրկալից ամպերի նման դեմ առ դեմ կանգնել էին երկու հակառակ կողմեր, ատելությամբ լի, որոնք մի փոքրիկ կայծի էին սպասում, որպեսզի իրար վրա հարձակվեին և հոշոտեին իրար: Այդ կայծը եղավ հետևյալ դիպվածը: Ադրիանապոլսի ազգային եկեղեցում մեծ խնդիր ծագեց մի պարզ ընթերցվածի համար. հակառակորդ կողմերին պատկանող երկու կղերիկոսներ իրար հետ վիճում էին, ամեն մեկը պնդելով, թե այդ ընթերցումը կատարելու իրավունքն իրենն էր: Այն աստիճան, որ խնդիրը հասավ քաղաքի Առաջնորդին, որ նույն ինքը Եփրեմ Ղափանցին էր: Նա, որ հակառակասեր ու փառամոլ անձնավորություն էր, այդ խնդիրը պատրվակ դարձրած և ամեն իրավունք ոտնակոխ արած, բուռն կերպով սկսեց հալածել իր թեմում գտնվող բոլոր այն հայերին, որոնց ժողովուրդը «ֆռանկ» էր անվանում, Հռոմեական Եկեղեցու հետ միաբանելու պատճառով: Ողջամիտ ու արդարախոհ երեք քահանաներ, որոնք համարձակվեցին Առաջնորդի քմահաճո բռնությունների դեմ պաշտպանել հալածվածներին, նրա բարկությանը զոհ գնացին. այլազգի Ֆեյզուլլահ դենպետի ձեռքով, որն այդ օրերին Ադրիանապոլսում էր գտնվում թագավորի հետ միասին, արքունի մի հրովարտակ ստանալով, ձերբակալել տվեց այդ քահանաներին և Պոլիս տանել տվեց՝ դատապարտելով թիավարության պատժին: Մելքիսեթ Պատրիարքը նույնպես, որ համարձակվեց ձայն բարձրացնել ի պաշտպանություն անմեղների, Եփրեմ Առաջնորդի քսությամբ՝ արքունի ատյանի առաջ ամբաստանվեց որպես թիկունք խռովարարներին և տերության դեմ ապստամբողներին, կորցրեց Պատրիարքական Աթոռը և ինքը նույնպես դատապարտվեց թիավարության պատժին: Եփրեմը բարձրացավ, այդ էլ արդեն երրորդ անգամ, իր ոճիրների պատվանդանի վրա կանգնեցված աթոռին, որն ամուր պահելու և իր ուզածի պես գործելու համար՝ ուրիշ խոչընդոտ չէր տեսնում իր դիմաց, քան կաթողիկե մասի գլխավորները հանդիսացող չորս ողջամիտ, գիտուն ու առաքինի վարդապետներին. Մխիթար Սեբաստացուն, Խաչատուր Կարնեցուն, Պետրոս Մծխեթացուն և Սահաթջի Սարգիս Եվդոկիացուն, որոնց ժողովուրդը սիրում էր ու մեծարում: Այդ չորսի դեմ էլ արքունի հրովարտակ գրել տվեց Եփրեմը, որպեսզի ձերբակալվեին, աքսորվեին կամ էլ թիավարության դատապարտվեին:

Այդ մրրիկը դեռ Պոլիս չհասած, լուրը բարեկամների միջոցով հասավ հիշյալ վարդապետներին, որոնք էլ աճապարեցին փախչել կամ թաքնվել: Մխիթարը, իր անձից ավելի աշակերտներով և գործով մտահոգ, որ չլինի թե նրանց վնաս հասնի, իրեններին պատվիրեց գրքերն ու կահկարասին փութով տանել դրացիների տները, փակել վանատան դռները, գնալ իրենց ծնողների կամ ծանոթների մոտ և ամեն կերպ զգուշանալ, մինչև որ մրրիկը հանդարտվի: Իսկ ինքը Հայր Մանուելի հետ փութաց Ղալաթիայում գտնվող Հիսուսյանների մենաստանը, սակայն այնտեղ արքունի հրովարտակի առաջ բոլորովին ապահով և վտանգից զերծ չլինելու պատճառով չընդունեցին նրան, այլ՝ խորհուրդ տվեցին գնալ Բերայում գտնվող Վեղարավորների վանքը, որը Ֆրանսիայի դեսպանատանը կից և նրա հովանավորության ներքո լինելով, ազատ էր ամեն վտանգից: Բայց ժամն արդեն ուշ էր. ինչպե՞ս կարող էին առանց նկատվելու կտրել անցնել այդ երկար ճանապարհը, առանց բացահայտվելու և բոլոր փողոցների մեջ թափառող բազմաթիվ որոնողներից ձերբակալվելու: Տագնապալի պահ էր դա, բայց նա, հույսն Աստծո վրա դրած, որոշեց գնալ Բերա: Հազիվ էր ոտքը Հիսուսյանների վանքից դուրս դրել, երբ ետևից հասան քաղաքապետի զինվորները, հայի զգեստներով ծպտված և Մխիթարին ծանոթ մի հայի առաջնորդությամբ, որոնք իրենից հեռու էին հազիվ մի հարյուր քայլ: Զինվորներն իրենց առաջնորդողի հետ հասան նրան և մոտից անցան առանց նրան ճանաչելու, թեև Մխիթարն իր սովորական զգեստներով էր, ինչպես ժամանակին պատահել էր Սուրբ Աթանասին, երբ նա փախչում էր իր թշնամիներից: Զինվորներն առաջ անցան և ուղիղ դեպի Մխիթարի վարձած տունը գնացին, որը փակ ու դատարկ գտնելով, հուսահատ ետ դարձան: Քիչ անց, Մխիթարը հասավ Ֆրանսիայի դեսպանատուն, ուր այլևս ազատ էր վտանգից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։