Թողնում է Սևանը և գնում Բասենի վանք, ուր եկեղեցու լուսարար և տղաների դաստիարակ է լինում – Սկսում է քարոզել – Վերադառնում է Սեբաստիա – Գրադարան – Mashtoz.org

Թողնում է Սևանը և գնում Բասենի վանք, ուր եկեղեցու լուսարար և տղաների դաստիարակ է լինում – Սկսում է քարոզել – Վերադառնում է Սեբաստիա

Աստվածամոր երանավետ տեսիլքից հետո հազիվ մի շաբաթ կամ մի քիչ ավելի մնալով Սևանի վանքում, որոշեց այնտեղից էլ հեռանալ և վերադառնալ Սեբաստիա, ուր մի նոր ուղղություն էր տալու իր գործերին: Այդ նույն՝ 1692 թվականի Ապրիլ ամսվա վերջին կամ Մայիսի սկզբին, իրեն ուղեկցող Ստեփանոսի հետ Երևան գնացին, ուր մի քանի օր սպասելուց հետո՝ միացան Կարին գնացող մի կարավանի: Եղանակը մեղմ ու հաճելի էր, գարունը ծաղկազգեստ պճնել էր ճանապարհները: Այս անգամ առանց որևէ նեղություն կրելու, մերթ հետիոտն և մերթ գրաստով, հասան Բասենի Սուրբ Աստվածածին վանքը[1]: Կարինից մի օրվա ճանապարհ հեռու, Ծիրանի կոչված լեռան արևելյան ստորոտին, մի գեղեցիկ բլրի վրա է կանգնած վանքը, որի դիմաց տարածվում է մի դալարագեղ դաշտավայր. վերջինիս միջով դարձյալ Երասխն է անցնում, գեղեցկացնելով ու կենդանացնելով այդ տեղերն իր մանվածավալ պտույտներով: Երկու ուղևորները գիշերը վանքում անցկացրեցին: Իրենց այցելած առաջին վայրը եղավ Սուրբ Աստվածածնին նվիրված եկեղեցին, որ թեև փոքր, բայց գեղեցիկ էր ու գմբեթածածկ: Ժամատան մեջ, ճիշտ դռան դիմաց, Մխիթարը տեսավ Աստվածամոր մի պատկեր, որ շատ նման էր իրեն հայտնված տեսիլքի Տիրամոր պատկերին: Սիրտն ուրախությամբ լի, ծնրադրեց ու աղոթեց եռանդագին: Հետո գնաց վանքի Առաջնորդ Մելիքսեթ եպիսկոպոսի աջը համբուրելու և իր հարգանքը մատուցելու: Եպիսկոպոսը, տեսնելով պատանու համեստ ու շնորհալի պահվածքը և լսելով նրա իմաստալի խոսքն ու զրույցը, սիրտը կապվեց և հորդորեց, որ վանքում մնա և թեմի տղաներին ուսուցիչ լինի: Մխիթարն էլ իր հերթին տեսնելով եպիսկոպոսի բարեմտությունը, ինչպես նաև ի սեր Աստվածամոր պատկերի, ընդունեց նրա առաջարկը: Հաջորդ օրը, գործերը կարգավորելու համար՝ ուղեկցի հետ մի քանի օրով քաղաք գնաց, ուր գտավ ծնողների կողմից իրեն ուղարկված զգեստները: Դրանցից պետք եղածը վերցրեց, իսկ մնացածը վաճառեց ու այդ գումարով իր համար անհրաժեշտ գրքեր գնեց: Իրեն ուղեկցող Ստեփանոսը, մինչդեռ, Սեբաստիա մեկնեց, իր հետ տանելով ծնողներին գրած Մխիթարի նամակը։

Մխիթարն հազիվ էր ոտք դրել քաղաք, երբ նրա ժամանման լուրը տարածվեց ամբողջ քաղաքով մեկ: Նրա անունը դեռ բոլորի շուրթերին էր և հիշում էին Ավետարանի այն ընթերցումը, որ հուզել էր բոլորի սրտերը: Այդ ժամանակ քաղաքի Առաջնորդն էր Ավետիք եպիսկոպոսը, որին արդեն հասել էր Մխիթարի համբավի մասին լուրը, և որն ամեն հնար գործադրեց՝ նրան իր մոտ պահելու համար: Բայց պատանին, որն արդեն շա՜տ խոստումներ էր լսել և միշտ հուսախաբ մնացել, այս անգամ տեղի չտվեց եպիսկոպոսի խոսքերին: Սակայն խոհեմ գտնվեց և նրա զայրույթը չշարժելու համար՝ երկիմաստ պատասխաններ տալով ազատվեց նրանից: Եվ քաղաքից շուտափույթ հեռանալով և Բասենի վանքում ապաստանելով, այլևս չվերադարձավ Կարին: Վանքի Առաջնորդը Մխիթարին լիովին վստահելով, նրան հանձնեց եկեղեցու լուսարարի պաշտոնն ու մանուկների դաստիարակության գործը[2], երբ Մխիթարն ինքը տակավին դեռահաս պատանի էր: Մխիթարը, եռանդով ու խնամքով կատարելով իր այդ գործերը, մնացած ժամանակը տրամադրում էր աղոթքին և հոգևոր գրքերի ընթերցանությանը: Երբ Ավետիք եպիսկոպոսը տեսավ, որ Մխիթարը չի վերադառնում, մարդ ուղարկեց վանք, որպեսզի կա՛մ խոստումներով, կա՛մ սպառնալով համոզեն և Կարին բերեն նրան: Երբ բոլոր հնարքներն անօգուտ եղան, միտքը դրեց բռնի ուժով իր մոտ բերել համբավաշատ սարկավագին, բայց իր այս մտքից շուտով հրաժարվեց, Բասենի վանքի Առաջնորդից երկնչելով, որն իրենից շատ ավելի ազդեցիկ անձնավորություն էր:

1693 թվականի սկզբին, հավանաբար Փետրվար կամ Մարտ ամսին, Բասենի Առաջնորդը Կաթողիկոսից հրաման ստացավ հովվական այցելության ելնելու իր թեմի Ուխթիք և Նարիմ գավառներին: Առաջնորդը, որ բարեսիրտ մարդ էր, բայց զուրկ՝ եկեղեցական գիտությունից, և անկարող՝ քարոզելու, քանի որ Տովբիթի պատմությունից բացի ուրիշ բան չէր իմանում, իրեն օգնական վերցրեց Մխիթար սարկավագին, գնահատելով նրա գիտելիքներն ու խոսելու շնորհքը: Արարողությունների ժամանակ Մխիթարին հանձնեց Հայսմավուրքն ու Ավետարանը կարդալու և վերջինիս պատմությունները մեկնելու, ինչպես նաև՝ տոն օրերին վերաբերվող քարոզներ ու ներբողներ կարդալու պարտականությունը: Ժողովուրդն ուրախանում էր և խուռներամ շտապում դեպի եկեղեցի, երբ իմանում էր, որ Մխիթար սարկավագն է կարդալու Ավետարանը, կամ ասելու օրվա քարոզը: Բազմաթիվ էին այնպիսիք, որ վաղուց արդեն մոռացել էին եկեղեցու ճանապարհը, բայց ահա գալիս էին լսելու նրա քարոզները, որոնք աստվածասեր սրտից բխելով՝ հոգևոր օծում ունեին ու չէին նմանվում մյուս վարդապետների քարոզներին: Մխիթարի անունը գնալով տարածվում ու հայտնի էր դառնում: Այնքան, որ նրա շուրջը ստվարանում էր հիացողների և նախանձողների թիվը: Առաջնորդն ուրախանում էր նրա հաջողություններով: Շատերը, նրա քարոզները լսելով, փափաքում էիննրան իրենց վարդապետ կամ եպիսկոպոս ունենալ: Միայն Մխիթարն ինքն էր, որ իրեն անարժան էր համարում այդ պատիվներին, որովհետև գիտեր, որ ինքն իսկ անձամբ առաջնորդի ու խրատների կարիքն ունի տակավին, որի համար էլ կամենում էր թողնել նաև Բասենի վանքը և իր հայրենի քաղաքը վերադառնալ, մանավանդ որ լսել էր երկու քույրերից մեկի մահվան մասին և կամենում էր գոնե մյուս քրոջը կենդանի տեսնել:

Դեռ վանքում էր, երբ Բասենի մոտիկ գյուղերում տարածվեց ժանտախտ հիվանդությունը, որին բազմաթիվ մարդիկ ճարակ դարձան, նրանց մեջ նաև նշանավոր մի հարուստի որդին, որ Մխիթարին հասակակից էր: Այդ ժամանակի սովորության համաձայն, մեռած պատանու զգեստները և ինչ որ ուներ, տարան վանքի Առաջնորդին: Նա էլ բարեմտաբար դրանք Մխիթարին տվեց, իսկ նա զգեստների կարիք ունենալով՝ առանց որևէ կասկածի սկսեց գործածել դրանք: Վտանգն անխուսափելի կարող էր լինել, մանավանդ Մխիթարի նման պատանու համար, որն ի բնե արիասիրտ լինելով՝ զգուշության ոչ մի միջոց չէր գործադրել: Բայց նա չհիվանդացավ, ոչինչ չպատահեց նրան: Նա առաջվա նման առողջ ու կայտառ էր:

Բասենի վանքում եղած ժամանակ փորձության ենթարկվեց նաև նրա պարկեշտության առաքինությունը, երկու անհամեստ կանանց միջոցով: Բայց Աստծուն ապավինած պատանին հաղթեց ինքն իրեն և այդ վտանգավոր փորձությունից պատվով դուրս ելավ: Մխիթարի առաջին կենսագիրն այսպես է պատմում այդ դեպքերը. «Բասենի գավառի գյուղերից մեկում մի այրի կին կար, որ մի մինուճար դուստր ուներ: Կինը տեսնելով Մխիթարի առույգությունը, ուշիմությունն ու վայելչագեղ արտաքինը, աչք դրեց նրա վրա և ուզում էր համոզել նրան, որ իր դստերը կնության առնի: Եվ քանի որ կինը հարմար չէր գտնում անձամբ հայտնել նրան իր այդ ցանկությունը, մարդիկ ուղարկեց, որպեսզի խոսեն նրա հետ և հնարավոր ամեն միջոց գործադրելով՝ համաձայնություն կորզեն: Սրբասեր պատանին, երբ լսեց նրանց առաջարկությունը և իրեն համոզելու նրանց համառ փորձերը, զայրացավ և այնքան խիստ կշտամբեց, որ նրանք ամաչելով այլևս չկրկնեցին իրենց առաջարկը: Մի անպատկառ կնոջից էլ շողոմ ու վատթար խոսքերով ու ձևերով փորձվեց նա, բայց Քրիստոսի շնորհիվ նրան հաղթելով՝ այդ անգամ էլ անբասիր մնաց»: Այս և նման փորձությունների դեմ, որոնք մերթ ընդ մերթ հարձակվելով նեղում էին իրեն, նա աղոթքից բացի ուրիշ ոչ մի զենք չուներ: Վանքում չկար բազմափորձ և հոգու խնդիրներին գիտակ ուսուցիչ, որպեսզի նրան վստահեր իր սրտի գաղտնիքները և օգտակար խորհուրդներ ստանար: Վերջում, ճարահատված, նա մի վարդապետի դիմեց, որը կամավոր գործած մեղքը ակամա մտածումներից չտարբերելով, իր խոսքերով ավելի շփոթեցրեց պատանուն: Իսկ երբ ասաց, թե մտքով գործած մեղքերն ավելի ծանր են, քան գործով եղածները, Մխիթարի խիղճն ամբողջովին ալեկոծվեց և բոլորովին կորցրեց սրտի խաղաղությունը: Նա, որ հետո ուղղելու և մխիթարելու էր այլոց սիրտը, հարկ էր, որ փորձվեր և իր կյանքով ապրեր սրտի բոլոր վերքերն ու տառապանքները և հոգեկան բոլոր դժվարին վիճակները: Նյութական կամ բարոյական վշտերը կամ փորձությունները, եթե մարդ դրանցից չի ընկճվում կամ պարտվում, միշտ օգտակար են հոգուն, որովհետև սրբում են ու ամրապնդում, ինչպես սաստիկ հողմերն են օդը մաքրում: Մխիթարի զգայուն սրտի համար պակաս տառապանք չէր նաև տեսնելը, որ աշակերտների վրա իր թափած ջանքն ու աշխատանքը, որոնց դաստիարակն էր ինքը և ուսուցիչը, անպտուղ էր մնում: Մի տարուց ավելի է, ինչ ամենայն ջանադրությամբ վարում էր այդ պաշտոնը, բայց տղաների մոտ ո՛չ ուսման, ո՛չ էլ առաքինության զգալի առաջադիմություն չէր նկատում: Նրանց պակասում էր հիմնականը. զուրկ էին ընտանեկան դաստիարակությունից: Իսկ Մխիթարին տակավին պակասում էր կյանքի այն փորձառությունը, որ ժամանակի ընթացքում ստանալու էր և որով կարողանալու էր լրացնել այդ պակասը:

Այս ամենն ի նկատի առնելով, որոշեց վերադառնալ Սեբաստիա, ուր Աստված իրեն թերևս մի ուրիշ ճանապարհ ցույց կտար: Մխիթարից բաժանվելը մեծ վիշտ պատճառեց վանքի Առաջնորդին ու միաբաններին, որոնց համար նրա ներկայությունը շատ օգտակար էր: Միտքը փոխելու համար ամեն հնար ի գործ դրեցին, բայց ի զուր: Դուրս ելավ Բասենի վանքից, անձայն գնաց Կարին և Սեբաստիա գնացող կարավանի սպասելով՝ մի քանի օր բնակվեց իրեն ծանոթ Պողոս անունով մի բարեպաշտ ու հարուստ մարդու տանը: Սա, ժամանակին Հռոմ քաղաքը ուխտի գնացած լինելով, հիացմունքով էր հիշում իր այնտեղ տեսածները. պատմում էր նրանց բարեպաշտության, կրոնի ազատության, իմաստուն ու առաքինի վարդապետների, եկեղեցական գեղեցիկ հանդեսների ու հոյակապ տաճարների մասին: Այդպիսի բաներ պատմելով նա այնքան հուզեց Մխիթարի հոգին, որ պատանին հաստատ որոշում կայացրեց հարմար առիթի դեպքում Արևմուտք գնալ և այդ ամենն իր սեփական աչքով տեսնել: Այդ մի քանի օրը, որ այնտեղ մնաց, գիշեր ու ցերեկ ընթերցանությամբ անցկացրեց, թերթելով տանը գտնվող բոլոր օգտակար և հոգևոր գրքերը, որոնց մեջ կար նաև Կղեմես Գալանոսի եռահատոր գործը. «Յաղագս միաբանութեան Հայոց ընդ Հռովմէական եկեղեցւոյ», որոնցից իրեն հարկավոր բազմաթիվ կարևոր վկայություններ քաղեց: Մի շաբաթ անց, 1693 թվականի Մայիսի վերջավորության, կարավանը ճանապարհ ընկավ դեպի Սեբաստիա: Նրանց հետ էր նաև Մխիթարը:

[1] Ավանդության համաձայն, այս վանքը հիմնել է Գրիգոր Մագիստրոսը, որն իսկ թաղված է եկեղեցու ձախակողմյան դռան առաջ, քարաշեն տապանի ներքո: Ավանդաբար նաև պատմվում է, որ այս վանքում ժամանակ առ ժամանակ ապաստանել են Հայոց Կաթողիկոսները, փախչելով զանազան թշնամիների հարձակումներից, և որ այս վանքում երկու անգամ կատարվել է Սրբալույս Մեռոնի օրհնության արարողությունը:
[2] Մեկին լուսարարի պաշտոն հանձնել՝ նշանակում էր ամենամեծ ու անմնացորդ վստահություն ունենալ նրա հանդեպ, քանի որ լուսարարի ձեռքում էր գտնվում եկեղեցու բոլոր արծաթեղեն ու ոսկեղեն սպասների պահպանությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։