Ժամանակագրություն Մխիթարի կյանքի և գործունեության – Գրադարան – Mashtoz.org

Ժամանակագրություն Մխիթարի կյանքի և գործունեության

1676, Փետրվար 7 – Ծնվում է Մխիթարը և մկրտվելով անվանվում է Մանուկ:

1681 – Ուսման է տրվում մի քահանայի մոտ:

1683-1684 – Ճգնության առաջին փորձը:

1685 – Սուրբ Նշանի վանահայր Անանիա եպիսկոպոսից ընդունում է առաջին չորս աստիճանները:

1686 – Հոգևոր կրթություն ստանալու նպատակով սկսում է հաճախել երկու «հոգետես» կույսերին:

1691 – Սուրբ Նշանի վանահայր Անանիա եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է Սարկավագ:

Սեպտեմբեր – Աշակերտում է Միքայել եպիսկոպոսին և նրա հետ ուղևորվում է Էջմիածին:

1692, Փետրվար – Հասնում է Էջմիածին, ուր մնում է երկու ամիս:

Ապրիլ – Գնում է Խորվիրապի և Սևանի վանքերը: Սևանում նրան հայտնվում է Սուրբ Աստվածածինը:

Մայիս – Գնում է Բասենի վանքը, ուր մի տարուց ավելի դաստիարակ և ուսուցիչ է լինում պատանիների համար:

1693, Հունիս – Թողնում է Բասենի վանքը և վերադառնում է Սեբաստիա:

Հոկտեմբեր – Աչքերի սաստիկ ցավով է անցկացնում ամբողջ ձմեռը:

1694, Մայիս – Աչքերն առողջանում են: Սուրբ Նշանի վանքում նվիրվում է սրբազան ուսումների:

1695, Մարտ – Եվդոկիացի Հովնան վարդապետի հետ գնում է Հալեպ:

Մայիս 30 – Վկայագիր է ստանում Հիսուսյան Հայր Անտոն վարդապետից և Հռոմ գնալու նպատակով ուղևորվում է Կիպրոս:

Հունիս – Կիպրոսում շատ ծանր կերպով հիվանդանում է և տարբեր վշտեր ու տառապանքներ է կրում մինչև Սեպտեմբեր ամիսը:

Սեպտեմբեր – Մեկնում է Կիպրոսից և վերադառնում է Սեբաստիա, ուր հասնում է ձմռան առաջին օրերին:

1696 – Գարնանը քահանա է ձեռնադրվում, սկսում է իր քարոզչությունը և հղանում է Միաբանություն հիմնելու գաղափարը:

1697, Ապրիլ – Մեկնում է Պոլիս, այնտեղ Խաչատուր վարդապետին հանդիպելու և Միաբանության մասին խոսելու նպատակով: Քարոզում է Ղալաթիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Սեպտեմբեր – Պոլսից մեկնում է Կարին: Ճանապարհին ալեկոծության է ենթարկվում Սև Ծովի վրա:

1698-1699 – Կարին հասնելով, գնում է Կարմիր կամ Հնձուց կոչվող վանքը, ուր նշանակվում է պատանիների դաստիարակ և ուսուցիչ:

1699 – Կարմիր վանքի վանահայր Մարգար եպիսկոպոսից ընդունում է վարդապետական գավազանը:

1700 – Թողնում է Կարմիր վանքը և Կարինում սկսում է այլևս բացահայտ քարոզել կաթողիկե դավանանքը:

Հուլիս – Վերջնականապես թողնում է գավառները, գնում է Պոլիս և այնտեղ քարոզում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Օգոստոս – Պոլսից և գավառներից ոմանք աշակերտում են Մխիթարին:

Հոկտեմբեր – Պոլսում հրատարակում է ուրիշների կողմից թարգմանված կամ շարադրված մի քանի հոգևոր գրքերը:

1701, Ապրիլ – Բերայում տուն է վարձում և այնտեղ է հավաքում իր աշակերտներին:

Սեպտեմբեր 8 – Միաբանության Հիմնադրումը Սուրբ Աստվածածնի պաշտպանության ներքո:

1701-1702 – Եփրեմ և Ավետիք Պատրիարքները սկսում են հալածել Կաթողիկե Հայերին:

1702 – Մխիթարը հալածանքների ժամանակ ապաստանում է Վեղարավորների վանքում: Իր աշակերտների մի մասին ճանապարհ է դնում դեպի Մոռեա:

Սեպտեմբեր – Ավետիք Պատրիարքի ձեռքից ազատվելով, իր աշակերտներից մի քանիսի հետ փախչում է Զմյուռնիա:

Հոկտեմբեր – Զմյուռնիայից դեպի Մոռեա նավելով, փոթորիկի է հանդիպում Արշիպեղագոսի մոտ:

1703, Փետրվար – Նեապոլիս քաղաքում գտնում է իր աշակերտներին և նրանց հետ միասին հաստատվում է Մեթոն բերդաքաղաքում:

1705, Հուլիս 1 – Իր աշակերտներից երկուսին ուղարկում է Հռոմ, ստանալու համար Կղեմես ԺԱ Սրբազան Քահանայապետի հավանությունը:

1706, Մարտ – Մեթոնի վանքի հիմնարկումը և մի մասի շինությունը:

1708, Մարտ 1 – Սուրբ Անտոնի անունը կրող եկեղեցու հիմնարկումն ու կառուցումը Մեթոնում:

1712 – Սուրբ Աթոռն իր հավանությունն է տալիս Միաբանությանը, իսկ Մխիթարին շնորհում է Աբբահայր տիտղոսը:

1715, Մարտ 1 – Մխիթարն իր աշակերտների մեծամասնության հետ մեկնում է Մեթոնից, լսելով թուրքերի մոտալուտ հարձակման մասին:

Ապրիլ – Հասնում է Վենետիկ և բնակության համար տուն է վարձում Սուրբ Մարտինի եկեղեցու հարևանությամբ:

1717, Օգոստոս 26 – Ծերակույտի վճռով Մխիթարին և իրեններին է տրվում Սուրբ Ղազար կղզին:

Սեպտեմբեր 8 – Միաբանության հանդիսավոր մուտքը Սուրբ Ղազար:

1718, Մայիս – Մխիթարը ճանապարհորդում է դեպի Հռոմ, Միաբանությունը զրպարտություններից արդարացնելու համար:

Հունիս 10 – Մխիթարի առաջին և հանդիսավոր հանդիպումը Կղեմես ԺԱ Սրբազան Քահանայապետի հետ:

Սեպտեմբեր 26 – Սուրբ Ժողովը Մխիթարին և Միաբանությունը արդարացնում է կեղծ ամբաստանություններից:

Դեկտեմբեր 6 – Մխիթարը մեկնում է Հռոմից և նույն ամսվա 20ին հասնում է Վենետիկ:

1721 – Սկսվում է եկեղեցու շինարարությունը:

1724 – Վանքի սենյակների կառուցումը (Ծերոց սրահի):

1726, Մայիս – Նորընծայարանի կառուցումը:

1732, Մարտ – Վարժարանի կառուցումը:

1733, Հունիս 15 – Աստվածաշունչ մատյանի տպագրությունը:

1737, Սեպտեմբեր 18 – Մատթեի Մեկնության տպագրությունը:

1738-1740 – Վանքի կառուցապատման ամբողջական ավարտումը:

1739, Հոկտեմբեր – Մխիթարը կրկին բռնվում է դալուկ հիվանդությամբ: Ամբողջ ձմեռն անցկացնում է տառապելով և միայն գարնանը առողջանում է:

1742, Սեպտեմբեր 22 – Օրհնության նամակ է ստանում Բենեդիկտոս ԺԴ Սրբազան Քահանայապետից, որին նվիրել էր հայերեն Աստվածաշնչի մի փառակազմ օրինակ:

1746 – Կրկին բռնվում է դալուկ հիվանդությամբ, ապա որոշ ժամանակով առողջանում է:

1749, Փետրվար – Վերջին անգամ բռնվում է նույն հիվանդությամբ և երկու ամիս համբերատար ժուժկալությամբ կրում է բոլոր ցավերը:

Ապրիլ 27 – Սրբությամբ ավանդում է հոգին և թաղվում է յուրակերտ տապանի մեջ:

Մայիս 19 – Ավարտվում է Հայկազյան Բառարանի տպագրությունը:

1750-1751 – Մխիթարի մարմնի փոխադրումը եկեղեցու բեմի վրա պատրաստված տապանի մեջ:

1899, Դեկտեմբեր 5 – Տապանի վերջին բացումը և նշխարների փոխադրումը Ավագ Խորանի առաջ փորված նոր տապանի մեջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։