Ինչպե՞ս էին պատրաստվում և առաքվում քարոզիչները – Գրադարան – Mashtoz.org

Ինչպե՞ս էին պատրաստվում և առաքվում քարոզիչները

Միևնույն ողբերի ու աղերսանքների արձագանքները Վենետիկ էին հասնում Կարինից, Հալեպից, Փոքր Ասիայի քաղաքներից, Կովկասից և Եվրոպայի հայկական գաղութներից, որոնց Մխիթարն ա՛յլ պատասխան չուներ, քան զույգ-զույգ քարոզիչներ ուղարկելը, անխոնջ ու անձնվեր մշակներ, որոնք կրոնի տարածման և Ազգի լուսավորության համար ամեն վտանգ հանձն առած, առագաստավոր նավերով ճեղքում էին մրրկալից ծովերը, հետիոտն կտրում անցնում էին լեռներն ու ձորերը, հաղթահարում էին հորձանապտույտ գետերն ու ավազակուտ ճանապարհները, նետվում էին հալածանքների ու պատերազմների բոցերի մեջ, իրենց ենթարկում էին տարափոխիկ հիվանդությունների, խոշտանգումների ու բանտարկության: Եվ այդ բոլորն անում էին որպես միակ նպատակ ունենալով Ազգի հոգևոր և մտավոր վերածնունդը:

Այդ քարոզիչներին պատրաստում էր նույն ինքն Մխիթարը, նրանց իր անձի կաղապարով ձուլելով, իր հոգու կրակով վառելով և իր աննկուն սրտի արիությամբ ոգևորելով: Միաբանությանս առաջին ժամանակագրին հետևելով տեսնենք, թե նա ինչպես էր պատրաստում քարոզիչներին: Մեկնումից օրեր առաջ նրանց հաճախակի կանչում էր իր սենյակը, խրատում էր, թե աշխարհի մեջ ինչպե՛ս պետք է վարվեն ամեն աստիճանի ու կարգի մարդկանց հետ. թե ինչպե՛ս պետք է զգուշանան աշխարհի վտանգներից և չխաբվեն սատանայի խորամանկություններից. թե որքա՛ն ջանք և ուժ պետք է գործադրեն, որպեսզի կարողանան եռանդով, արթնությամբ և լավագույնս կատարել իրենց պաշտոնը, որպես միակ նպատակ ունենալով Աստծո Փառքը և հոգիների փրկությունը: Ընդհանուր և տեսական խրատներից հետո տալիս էր նաև գործնական հրահանգներ և կանոններ, որպեսզի դրանց համեմատ շարժվեին ամեն տեսակ իրադրության մեջ, զգաստությամբ և զգուշությամբ վարվեին ամենքի հետ, ձրիաբար քարոզեին Աստծո Խոսքը, ուրիշների գործին չխառնվեին, մանավանդ՝ երբ խոսքն այնպիսի հարցերի մասին էր, որոնք ուղղակի կապ չունեին իրենց առաքելական պաշտոնի հետ: Նրանց ուսուցանում էր մոլորվածներին ու անուղղաներին ճիշտ և ուղիղ ճանապարհի վրա դնելու, մեղքն ու մոլությունները խորշելի ցույց տալու, առաքինությունը սիրելի դարձնելու համար պատշաճ միջոցները: Հորդորում էր սիրով կրել վշտերը, նեղությունները, կարոտությունը, աղքատությունն ու հալածանքները: Յուրաքանչյուրին տալիս էր իր առաքելության պաշտոնագիրը, որտեղ հատուկ պատվերներից բացի նշված էին նրանց քարոզչության սահմանները. թե ո՛ր գավառներն էին այցելելու, ո՛ր քաղաքներում ու գյուղերում էին քարոզելու, որքա՛ն ժամանակ էին մնալու յուրաքանչյուր վայրում և ե՛րբ էին վանք վերադառնալու: Առաքելության պաշտոնագրի հետ միասին տալիս էր նաև վարդապետական իշխանության վկայականը և Սուրբ Ժողովի վճռագրի պատճենը, որն Արևելք գնացողները պետք է ցույց տային Պոլսի Առաքելական Փոխանորդին: Վանքից մեկնելու օրը բոլոր միաբանները հավաքվում էին եկեղեցում և միասնաբար աղոթում էին քարոզիչների ճամփորդության ու գործերի հաջողության համար: Երբ աղոթքն ավարտվում էր, մեկնող քարոզիչները ծունր էին դնում Աբբահոր առաջ, որն համառոտ, բայց ազդու հորդոր էր ասում, օրհնում էր նրանց՝ հանձնելով Աստծո և Սուրբ Կույսի խնամքին ու պահպանությանը: Վերջում բոլոր միաբանները հերթով ուսահամբույր էին անում և նրանց ուղեկցելով մինչև վանքի դուռը՝ հրաժեշտի ողջույն էին տալիս: Իսկ երբ քարոզչությունից վերադառնում էին, բոլոր վանականները հավաքվում էին եկեղեցում և դաս առ դաս երգում էին գոհաբանական օրհներգը («Զքեզ Աստւած»), և Աբբահայրը բոլոր միաբանների հետ ուրախության հանդես էր անում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։