Ինչպիսի ուսուցումներ էր տալիս Մխիթարն իր աշակերտներին նամակներով – Գրադարան – Mashtoz.org

Ինչպիսի ուսուցումներ էր տալիս Մխիթարն իր աշակերտներին նամակներով

Նախապես տրված ընդհանուր հրահանգներով չբավարարվելով, Մխիթարն առանձին նամակներով ևս խրատում, հորդորում ու սրտապնդում էր քարոզչության մեկնած վարդապետներին, նույնիսկ կռվի դաշտում, նեղությունների ու ձախողությունների ժամանակ. «Ամբողջ տիեզերքը շրջապատված է նեղություններով ու խաչերով. և դրանք ոսկու հանք են, որտեղից խոնարհ և աստվածասեր քրիստոնյան առատ ոսկի է հանում համբերությամբ ու բարի գործերով, և դրանով գնում է Երկնքի Արքայությունը: Դիզե՛նք, ուրեմն, սիրելիս, խոնարհության փայտը, որի տակ դնելով Աստծո սիրո կայծը, վառենք համբերության շնչով, և այդպես կհալվեն ու կմաշվեն նեղությունները, իսկ մենք կհավաքենք մեր առաքինությունների արդյունքը: [...] Ուստի ամենևին հոգ չանենք, եթե նախատվենք հակառակորդներից կամ արհամարհվենք ծանոթներից. եթե մեզնից ավելի փոքրերը կամ մեծերը դատեն կամ մերժեն մեզ. հոգ չանենք, եթե այսօր պարսավեն մեզ, իսկ վաղը՝ բամբասեն, որովհետև սրանք նոր կամ զարմանալի բաներ չեն, և մեզ հավիտենական վարձատրության առիթ են լինելու: Ջանա՛ համբերությամբ հաղթել հակառակորդներին և երբեք մի՛ վհատվիր, երբ տեսնես քեզ ձախողությունների կամ նեղությունների մեջ»[1]: Ոսկեբերանի սրտին արժանի խոսքեր են սրանք և իմաստներ, որոնք ամենամեծ ուժն ու ազդեցությունն էին ձեռքբերում մի այնպիսի անձի գրչի տակ, որի ամբողջ կյանքը վշտակրությունների մի անընդհատ շարք էր եղել:

Տեսնելով, թե ինչպիսի՛ գաղափարականներով էր կրթում Մխիթարն իր քարոզիչների սիրտն ու հոգին, և թե ի՛նչ ուղղություն էր տալիս նրանց, միայն այդ ժամանակ կկարողանանք ըմբռնել, թե որքա՛ն անիրավ էին հակառակորդները, երբ Մխիթարին ու նրա աշակերտներին զրպարտում էին իբրև արծաթասեր, խռովարար և վնասակար անձինք: Ահա նրա նամակներից մի հատված. «Ջանա՛ ամեն կերպ սիրով ու համբերությամբ վարվել բոլորի հետ. մանավանդ որբերին, այրիներին և աղքատներին օգտակար եղիր նրանց նեղությունների մեջ: Եթե մեկն ուզի ողորմություն տալ քեզ, նրան հորդորիր, որ աղքատներին տա. մի՛ մտածիր, թե վանքն էլ դրա կարիքն ունի. քանի որ եթե մենք աղքատների համար հոգանք, Աստված էլ մեր կարիքները կհոգա: Եվ որքանով որ դա հնարավոր է, թող ո՛չ թե քո, այլ՝ օտարի ձեռքով տրվի այդ ողորմությունը»[2]:

«Ինչպես շատ անգամներ ասել եմ, դարձյալ հիշեցնում եմ քեզ, թե որքա՜ն գյուղեր ու ավաններ կան, ուր Հիսուսի անունն անգամ չգիտեն: Արդ, եթե մի քաղաքից հալածվեք, գնացեք այդ ավանները և նրանց սովորեցրեք Աստծո անունը: [...] Եվ երբ կծաղկեցնեք և կպայծառացնեք այդ տեղն էլ, և այնտեղ էլ ձեզ արգելքներ կհասնեն, որ չքարոզեք, այնտեղից էլ ելեք, գնացեք ուրիշ տեղ և այնտեղ ևս ծաղկեցրեք Քրիստոսի հավատքը: Լա՛վ համոզվեցեք այս բանին. որ մեր պարտքն է աշխատել և ծաղկեցնել, իսկ տիրելը և իշխելը ուրիշների իրավունքն է»[3]:

«Ջանա՛ երկայնմտությամբ և խոհեմությամբ կառավարել ժողովրդին, և միշտ մտածիր հոգիների փրկության մասին: Սիրով համբերիր, եթե որևէ մեկից վիշտ կրես, և երբեք չվհատվես, եթե մեկն արհամարհի կամ այպանի քեզ. քանի որ միայն այն ժամանակ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը կլինես, երբ նախատվես ու նեղություն կրես, և ո՛չ թե՝ երբ պատիվ ու մեծարանք ընդունես բոլորից: [...] Այն օրը, որ վիշտ կամ զրկանք չկրեցիր, չկարծես, թե մեծ վաստակ կամ շահ ունեցար. ընդհակառակն՝ կորցրեցիր այն, ինչպես երկրագործն է կորցնում այն օրը, երբ չի կարողանում հերկել կամ սերմանել»[4]:

Ահա այս ոճով Մխիթարի գրեթե բոլոր նամակները, մանավանդ իր աշակերտներին գրածները, գեղեցիկ խրատների մի հյուսվածք են, որոնց մեջ հաճախ հեղում է, – միշտ նոր եռանդով, – համբերության, սիրո, անհիշաչարության և ա՛յլ առաքինությունների գովքը, և դրանք գործադրելու եղանակներն է ուսուցանում: Բայց ինչը որ Մխիթարի բնավորության ամենաակնառու հատկանիշն է կազմում, դա նրա անընչասիրությունն է, սաստիկ ատելությունը արծաթասիրության ախտի դեմ, որը թեև խորապես քանդակել էր իր աշակերտների սրտում, այդուհանդերձ հաճախ վերադառնում էր այդ հարցին իր ազդու խոսքերով, որպեսզի անջնջելի դարձներ այդ համոզումը: Ուրիշ որևէ պատվեր տալու ժամանակ Մխիթարի խոսքերում տեսանելի է մի քաղցրություն, մի տեսակ զիջողություն՝ պարագաների համեմատ. բայց երբ խոսքը դրամի մասին է, դառնում է անողոք, խիստ հրամայող. այլևս այն մեղմ ու ճկուն գրիչը չէ, որ գիտի նաև ներողամիտ լինել մարդկային թերությունների նկատմամբ, այլ՝ մի սուր է, որ փայլատակում է, սպառնում, կտրում: Իր աշակերտներից մեկին գրում է. «Իմացիր, որ եթե մեկն ուզենա շուրջառ կարել մեր եկեղեցու համար, կարևոր չէ՝ մեծագին կամ էժանագին կտորից, բնավ թույլ չտաս, քանի որ առայժմ դրա կարիքը չունենք, և կարողների համար էլ մեծ բեռ ու ծախս կլինի»[5]: Դարձյալ. «Գրեցի, որ ոչ մեկից հիշատակ չընդունի վանքի համար, ո՛չ զգեստեղեն և ո՛չ արծաթեղեն, իսկ եթե մեկն էլ ողորմություն տա Միաբանության համար, հարկ է հրաժարվել և չընդունել բնավ: [...] Կրոնավորն ինչպես անարծաթ ելնում է մենաստանից, նույնպես անարծաթ պետք է վերադառնա»[6]: «Իսկ մեր վանքին տրված ողորմությունների և հիշատակների համար, ինչպես որ առաջ գրեցի, շատ զգույշ եղիր: [...] Եվ եթե մեկն ինքնակամ հոժարությամբ կամենա որևէ բան նվիրել Միաբանությանը, դու ջանա՛ նրանց միտքը փոխել և արգելել, ասելով, որ մենք դրա կարիքը չունենք. ավելի լավ է, որ այդ ընծայի կամ հիշատակի արժեքը աղքատներին տրվի»[7]:

Այսպիսի սկզբունքներով սնված և տոգորված անձինք ակնհայտ է, որ ոչ մի դժվարության առաջ կանգ չէին առնելու, ամեն տեղ գրկաբաց ընդունվելու էին և իրենց վիթխարի ջանքերով կարողանալու էին խամ ու խոպանի վերածված հողը կրկին բերրի ու ծաղկալի բուրաստան դարձնել: Եվ ժողովուրդը, նրանց առաքինության փորձը մի անգամ առնելով, կապվելու էր նրանց, և Մխիթարյանը դառնալու էր ճշմարիտ քարոզչի տիպար օրինակը: Այսպես՝ ընդհանուր կերպով տեսնելուց հետո, թե ինչպիսի հոգիով էին պատրաստվում Մխիթարյան առաջին քարոզիչները, անցնենք թռուցիկ մի ակնարկ տալու նրանց առաքելական գործունեությանը, որն այդ ժամանակ հիմնականում երեք կամ չորս կենտրոններում էր ամփոփվում. ա) Պոլիս, բ) Գավառները, գ) Տավրոնոն կամ Բելգրադ, որին հետո փոխարինեց Նայսոց քաղաքը, և դ) Եղիսաբեթուպոլիս կամ Բաշֆալով քաղաքը Տրանսիլվանիայում:

[1] Նամակ Հայր Պողոս Սիմոնյանին, 1721 Մարտ 20:
[2] Նամակ Հայր Հակոբ Բուզայանին, 1730 Մարտ 8:
[3] Նամակ Հայր Հակոբ Բուզայանին, 1721 Հուլիս 8:
[4] Նամակ Հայր Հակոբ Կարնեցուն, 1726 Մայիս 5:
[5] Նամակ Հայր Հակոբ Բուզայանին, 1727 Դեկտեմբեր 12:
[6] Նամակ Հայր Եղիա Մարտիրոսյանին, 1728 Փետրվար 8:
[7] Նամակ Հայր Պետրոս Նուրումյանին, 1728 Հունիս 8:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։