Իր թարգմանություններն ու ինքնագիր փոքր երկասիրությունները – Գրադարան – Mashtoz.org

Իր թարգմանություններն ու ինքնագիր փոքր երկասիրությունները

Գրքեր հրատարակելու գործում Մխիթարն ա՛յլ նպատակ չէր հետապնդում, քան միայն՝ իր ազգակիցների հոգևոր և մտավոր շահն ու առաջադիմությունը: Եվ ինքը, որպես կրոնավոր և եկեղեցական, անշուշտ ամեն ինչից ավելի վեր էր դասում հոգևոր և կրոնականկրթությունը, և սա՛ է պատճառը, որ նրա գրած, թարգմանած և հրատարակած գրքերի մեծամասնությունը վերաբերվում է կրոնական նյութերին: Տարիներ ի վեր ուզում էր աշխարհաբար լեզվով «Քրիստոնէական» մի դասագիրք շարադրել նրանց համար, ովքեր գրաբարը չէին հասկանում, բայց կասկածելով, որ թերևս ոմանց կողմից կմեղադրվի որպես նորամուծություններ անող, իր այդ դասագիրքը նախ գրաբարով գրեց և 1725 թվականին տպագրեց, այբբենարանով հանդերձ: Մի տարի անց, սակայն, աշխարհաբար լեզվի մի քերականություն շարադրելով և նրա առաջին մասը տպագրելով, «այնուհետև մի կողմ թողեցի մեղադրվելու կասկածանքը», գրում է աշխարհաբար Քրիստոնեականի առաջաբանում, «և այս համառոտ Քրիստոնեական վարդապետությունը շարադրեցի աշխարհաբար լեզվով: Եվ եթե նույնիսկ անուս մի հոգի միայն օգտվի և սրա կարևոր մասերն ուսանի, ուրեմն արժեր, որ ես ձեռնարկեի այս աշխատությունը»[1]:

Կարծես Մխիթարին վերապահվել էր ամեն բանի մեջ առաջնությունն ունենալ. նա եղավ աշխարհաբար լեզվի գործածման և զարգացման առաջին մղիչը, և որպեսզի այն չմատնվեր ամեն մի գրողի քմահաճույքին, կանոնների տակ դրեց, մի դրության վերածեց և հիշյալ «Քրիստոնէականի» առաջաբանում ջատագով հանդիսացավ աշխարհաբարի օգտակարության հարցում. «Ազգիս անտերունչ լինելու պատճառով է, որ աշխարհաբարն անգործածական է դարձել գրքերում: [...] Ուստի, եթե ընթերցողները սկզբնական դժվարություններից չնեղվեն և այն չպախարակեն, այլ մանավանդ թե՝ ամեն ջանք և փույթ գործի դնեն այն լավագույնս ուսանելու, շուտով կհամոզվեն, թե որքա՜ն օգտակար է աշխարհաբարի գործածումը գրքերում»: Աշխարհաբար «Քրիստոնէականի»վերջում կցեց իր «Տաղարանը», որպես «ի զուարճութիւն մանկանց ուսանողաց զՔրիստոնէական վարդապետութիւն»: Աշխարհաբարի իր շարադրած քերականությունը, որի մասին առանձին խոսելու ենք հաջորդ գլխում, թարգմանեց թուրքերենի և տպագրեց, վերջում էլ հայերեն և թուրքերեն բառերի մի փոքրիկ բառարան կցելով, մասնավորապես Գաղատացի թուրքախոս հայերի համար, որպեսզի դրանով հայերեն լեզուն ուսանեին:

Մխիթարն Ազգի մեջ այնքան հռչակվեց որպես հրատարակիչ, որ բազմաթիվ նշանավոր անձինք, ինչպես շատ անգամներ հիշված Պետրոս վարդապետ Տփխիսեցին, Ստեփանոս վարդապետ Ռոշքյանը և ուրիշներ, նրան էին դիմում իրենց ինքնագիր երկասիրությունները կամ թարգմանությունները հրատարակելու համար: Նա հաճախ էր գրում Պոլսում կամ գավառներում գտնվող իր քարոզիչ միաբաններին, որպեսզի նախնիների ձեռագրեր որոնեն և գտածները վանք ուղարկեն՝ հրատարակելու համար: Նրա գրասեր և ուսումնասեր հոգին երևում է հետևյալ խոսքերում, որոնք ուղղել է Տիրացու Մաղաքիա Ճէվահիրճյանին, որն այդ ժամանակվա հայազգի նշանավոր գրագետներից ու բանասերներից մեկն էր. «Այն բոլոր պիտանի գրքերից, որոնք նշանակել էիր նամակիդ մեջ, մենք չունենք այս յոթը. Դիոնիսիոս Արիսպագացի, որ թարգմանվել է Ստեփանոս Լեհացի վարդապետի կողմից. Գիրք հոգւոց, որ նույն վարդապետի թարգմանությունն է. Լամբրոնացու Սաղմոսների Մեկնությունը. նույնպես Լամբրոնացու՝ ԺԲ Մարգարեների Մեկնությունը. Հովհան Ոսկեբերանի՝ Գործք Առաքելոցի Մեկնությունը, որ թարգմանել է Գրիգոր Կաթողիկոսը. նույնպես Հովհան Ոսկեբերանի՝ Պողոս Առաքյալի ԺԴ Նամակների Մեկնությունը. և Սուրբ Բարսեղի Վեցօրէից գիրքը: Եթե այդ գրքերն ունենայինք, թերևս մի հարմար առիթով տպագրեինք, որքան կարելի է սրբագրելով ընդօրինակողների անհոգության պատճառով սպրդած վրիպակներն ու խանգարումները: Իսկ ինչ վերաբերվում է հարցիդ, թե մենք ի՞նչ գրքեր ունենք կամ ի՞նչ նոր բան թարգմանեցինք, պատասխանում եմ, որ համեմատաբար շատ սակավաթիվ են մեր ունեցած գրքերը, և մինչև այժմ շատ քիչ բան ենք թարգմանել, քանի որ Մոռեայից Վենետիկ տեղափոխվելը մեզ գրեթե տասը տարի կտրեց գրական աշխատանքներից, ինչպես նաև մեր չքավորությունը, մենաստանիս բնակարանների շինությունը և ուրիշ ձախողություններ չթողեցին, որ աչքներս բացենք՝ գրություններով և դասախոսություններով զբաղվելու համար: Հազիվ յոթը տարի է, որ մի քիչ շունչ առանք և սկսեցինք առաջ տանել ուսման գործը և հետամուտ լինել թարգմանություններին ու գրագրությանը»[2]:

Այդ ժամանակ վանքում սեփական տպարան չունենալու պատճառով քաղաքում էին տպագրում բոլոր գրքերը. գլխավոր տպագրապետներն էին Անտոն Բորտոլին, Դեմետր Թեոդոսյանը և Մկրտիչ Ալբրիցցին, որոնց անունները կարդում ենք Մխիթարի տպած գրքերի տիտղոսաթերթերի վրա: Իրոք, շատ տաժանելի աշխատանք էր այդ ժամանակ գրքի տպագրությունը. և՛ տեղն էր հեռու, և՛ շարողներն էին անտեղյակ մեր լեզվին, իսկ տառերն էլ հնացած ու մաշված էին: Սրա համար էլ Աբբահայրը, իր մեծ գործերի տպագրությունը դեռ չսկսած, հետամուտ եղավ ձեռքբերելու հայերեն մաքուր տառերի մի հավաքածո: Երբ իր բարեկամներից մեկը՝ Հարություն անունով մի հայ վաճառական, պատրաստվում էր Ամստերդամ գնալ, Մխիթարը նրան հանձնարարեց հարցուփորձ անել և իմանալ, թե ի՞նչ է եղել Ոսկան վարդապետի տպարանը և թե ո՞ւմ մոտ են մնացել նրա գործածած տառերն ու դրանց պողպատե կաղապարները: Վաճառականը գնալով քննեց և տեղեկացավ, որ նույն քաղաքում բնակվող մի տեղացի դրանք բռնագրավել է չվճարված պարտքի դիմաց: Գինը հարցնելով՝ տեղեկացրեց Մխիթարին. նա էլ նամակով հանձնարարեց, որ գնի և իր հետ բերի Վենետիկ: 1729 թվականին վաճառականը վերադարձավ Վենետիկ և իր հետ բերեց տպագրական տառերի պղնձե կաղապարները և դրանց յուրաքանչյուրի պողպատե նշանագծերը: Այդ տառերը, ըստ կարգի և մեծության, երեք տեսակի էին. մեծ, միջին և փոքր: Յուրաքանչյուր տեսակն ուներ իր գլխագրերը, ինչպես նաև կետերի, շեշտերի և ուրիշ նշանախեցերի կաղապարները, որոնք անհրաժեշտ են կատարյալ տպագրության համար: Միջին և մանր տառերն ունեին իրենց հարմար և համեմատական նոտրագրերը, մինչ մեծ տառերն այս մեկը չունեին: Կային նաև շարականի խազերի ամբողջական և կատարյալ նշանագծերը, բոլորն էլ պողպատից: Այս տառերով է, որ Մխիթարն հետո տպագրեց իր ամենակարևոր երկասիրությունները. Մատթեի Մեկնությունը, Հայկազյան Բառարանը և ուրիշ երկեր, որոնց մասին խոսելու ենք հաջորդ գլխում, իսկ դրանցից առաջ, 1733 թվականին, իրականացրեց Աստվածաշնչի ամբողջական տպագրությունը, որն իր հրատարակությունների մեջ առաջնակարգ տեղ է գրավում:

[1] Գիրք Քրիստոնէական վարդապետութեան աշխարհաբառ լեզուաւ, Վենետիկ 1727, էջ 4:
[2] Մխիթար Աբբայի նամակը Տիրացու Մաղաքիային, 1732 Հուլիս 28: Սույն նամակում Մխիթարը հիշատակում է նաև Հայերենի ընդարձակ բառարանի շարադրումը և Աստվածաշնչի մոտակա հրատարակումը, և նման ուրիշ հարցեր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։