Խաղաղություն հաստատելու փորձեր են կատարվում – Գրադարան – Mashtoz.org

Խաղաղություն հաստատելու փորձեր են կատարվում

Այն ժամանակ, երբ Մխիթարը Վեղարավորների վանքում փակված աշխատում էր ապահովել Միաբանության կյանքը, հալածանքը քաղաքում պարագաների համեմատ սաստկանում կամ հանդարտվում էր: Մինչև իսկ, երկու հակառակ կողմերի գլխավորների համաձայնությամբ և ֆրանսիացի դեսպանի ու Վեղարավորների մեծավոր Հայր Հակինթոսի նախաձեռնությամբ, հալածանքը բոլորովին դադարեցնելու և Հայ Ազգի մեջ խաղաղություն հաստատելու համար պատրաստվեց մի պայմանագիր, որն հայերեն լեզվով շարադրվեց և Խաչատուր վարդապետի կողմից լատիներենի թարգմանվեց: Այդ պայմանագրի բովանդակությունը հետևյալն էր.

«Հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Ամենասուրբ Կույս Մարիամի և մեր Սուրբ Հայր Գրիգոր Լուսավորչի. Աստծո մեծագույն փառքի և Հայ Ազգի հանդարտության ու հավիտենական փրկության համար՝ հավիտյանս և ցմիշտ խաղաղություն թող հաստատվի այն Հայերի միջև, որոնք լատինների եկեղեցիներն են գնում, և այն Հայերի, որոնք ազգային եկեղեցիներն են գնում, հետևյալ հոդվածներում բովանդակված դաշինքի և պայմանների համեմատ:
 
Արդ, պետք է գիտենալ, որ ազգային եկեղեցիները գնացող Հայերից պահանջվում են հետևյալները.
Ա. Վերոհիշյալ Հայերը հավատքի նոր դավանություն չպետք է պահանջեն այն Հայերից, որոնք լատինների եկեղեցիներն են գնում:
Բ. Վերոհիշյալ Հայերը լատին եկեղեցիները գնացող Հայերից չպետք է պահանջեն, որ նզովեն Պապին, Հռոմեական Սուրբ Եկեղեցին, Սբ. Լևոն Մեծ Պապին և Քաղկեդոնի ժողովը: Նզովված լինեն նրանք, ովքեր այդպիսի նզովքներ կպահանջեն:
Գ. Այսուհետև, Հայոց եկեղեցիների մեջ չպետք է նզովեն Սբ. Լևոն Մեծ Պապին և Քաղկեդոնի ժողովը, տարվա այն մի քանի օրերին, ինչպես լինում էր առաջ:
Դ. Իսկ Լատին Եկեղեցին հաստատում է Հայ Եկեղեցու Ծեսը և ուզում է, որ բոլոր Հայերը պահեն այն. ուզում է միաժամանակ, որ հայ քահանաներն ըստ Հայ Ծեսի և ո՛չ ըստ լատինականի կատարեն աստվածային պաշտամունքը և մատուցեն Սուրբ Պատարագը. ուզում է նույնպես, որ միություն լինելուց հետո, աշխարհականները Հայոց եկեղեցիները գնան և այնտեղ ընդունեն Եկեղեցու Սուրբ Խորհուրդները: Դարձյալ, վերոհիշյալ Հայերը, Հռոմեական Եկեղեցին ճանաչելով սուրբ և գլխավոր, իսկ նրա որդիներին՝ իրենց որպես ավագ եղբայրներ, իրենց եկեղեցիներում չպետք է գործեն և վարդապետեն որևէ մի բան, որ հակառակ է Հռոմեական Եկեղեցուն:
 
Իսկ այն Հայերից, որոնք լատինների եկեղեցիներն են գնում, պահանջվում են հետևյալները.
Ա. Պետք է, որ նրանք Հայոց եկեղեցիները գնան:
Բ. Սույն վերոհիշյալ Հայերը (այն է՝ կաթողիկեները) պետք է, որ Կիրակի օրերին և մանավանդ մեծ տոներին Հայոց (ազգային) եկեղեցիները գնան և այնտեղ խոստովանվեն ո՛ր քահանային որ ուզում են, և հաղորդվեն մյուսների հետ, ըստ Հայ Ծեսի, և ինչպես առաջ ասացինք՝ պահեն Հայ Ծեսն ու արարողությունները և նրանց համեմատ կատարեն պատվիրված ծոմերն ու պահքերը:
 
Ուստի, հետևյալներն են պահանջվում երկու համաձայնող կողմերից էլ.
Ա. Այդ երկու կողմերից ով որ հերետիկոս կոչի իր եղբորը, պետք է պատժվի և պիտի հանձնվի Ֆրանսիայի բարձրապատիվ դեսպանի ձեռքը, որն իր իշխանությամբ, ըստ օրենքի, պատժելու համար նրան պետք է մատնի քաղաքապետի ձեռքը. և այդպես, մի անհատի հանցանքը չպետք է ծանրանա ընդհանուրի վրա, որով պետք է պատժվի միայն հանցավորը, և անմեղները չպիտի ամբաստանվեն:
Բ. Դարձյալ, ով որ հիշյալ դաշինքի ու պայմանների նկատմամբ զանցառու լինի, պետք է հանձնվի հիշյալ դեսպանի ձեռքը, և նա էլ պետք է քաղաքապետին մատնի՝ պատժելու համար որպես խաղաղության և Հայ Ազգի հանդարտության խանգարիչ:
Գ. Երկու կողմերն էլ այս միաբանության և համաձայնության պայմանագրի մեկական կնքված օրինակ պետք է ուղարկեն (Հռոմի) Հավատասփյուռ Սուրբ Ժողովին և Սուրբ Էջմիածնի Ընդհանրական Պատրիարքին (Կաթողիկոսին), որպեսզի երկու կողմերն էլ տան իրենց համաձայնությունն ու հաճությունը, և դրանով անփոփոխ և հարատև մնա պայմանագիրը Ֆրանսիայի բարձրապատիվ դեսպանի պաշտպանության ներքո, որին նույնպես տրվում է սույն պայմանագրի կնքված մի օրինակ, ինչպես նաև կնքված մի ա՛յլ օրինակ տրվում է Բերայի Սուրբ Լյուդովիկոս վանքի Վեղարավորներին, որպեսզի նրանց դիվանների մեջ պահվի որպես ներկա հաշտության մի արձանագիր:

Գրվել է Կոստանդնուպոլսո Բերայում, 1701 թվականի Հոկտեմբերի 26ին»:

Հաջորդում են ստորագրությունները. Պոլսի նույն ժամանակվա Առաքելական Փոխանորդի, ուրիշ լատին կրոնավոր մեծավորների, Խաչատուր վարդապետի և ամենից վերջում՝ Վեղարավորների մեծավոր Հայր Հակինթոսի:

Սույն պայմանագիրը, եթե կողմերը հարգեին այն, կտար հուսացված արդյունքը, այն է՝ միություն և համաձայնություն կհաստատվեր երկու կողմերի միջև. անտարակույս՝ շա՜տ վեճեր ու հակառակություններ կկանխվեին, որոնք այդ ժամանակ և նաև հետո՝ անչափ աղետների ու արյունահեղությունների պատճառ հանդիսացան: Գրեթե մի ամբողջ դար հալածվեցին Հայ Կաթողիկեները, պարզապես իրենց դավանանքի համար: Եվ նրանց ամբողջական բաժանման պատճառ եղան, մասամբ, հակառակ կողմից առաջ քաշված չափազանց պահանջները, որով չհարգելով յուրաքանչյուր անհատի խղճի ազատությունը, Կաթողիկե Հայերին ստիպում էին նզովել այնպիսի անձանց և վարդապետություններ, որոնք Սուրբ և ճշմարիտ էին նրանց համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։