Խնդրում է և իրեն շնորհվում է Սուրբ Ղազար կղզին – Գրադարան – Mashtoz.org

Խնդրում է և իրեն շնորհվում է Սուրբ Ղազար կղզին

Անցյալում այնքա՜ն մեծ դժվարություններից չընկճվողը չընկճվեց նաև այս առաջին անհաջողությունից: Անսասան տոկունությամբ շարունակեց իր ջանքերը և մեծամեծների դռները բախելը, հուսալով Միաբանության համար որպես մշտական բնակավայր ձեռք բերել գոնե լճակում եղած կղզիներից մեկը: Մտքում այդ գաղափարը հղանալուց հետո այցելեց բոլոր կղզյակները և ուշադիր աչքով զննեց, թե ո՛րն է իրենց համար հարմարագույնը: Մի քանիսը քաղաքից շատ հեռու նկատեց, ինչը կդժվարացներ հաղորդակցությունը և իրենց ամենօրյա կարիքները հոգալը. մի քանիսն էլ շատ մոտիկ էին և քաղաքի աղմուկն ու շառաչը կխանգարեին վանական անդորրն ու լռությունը. մյուսները, քաղաքի թիկունքում գտնվելով, մատնված էին ամայության ու մոռացության, քաղաքի կյանքից ու շարժումից զրկված: Մխիթարն այնպիսի կղզի էր որոնում, որ չափավոր հեռավորություն և մեծություն ունենար, լիներ օդավետ, բարեշունչ. լռության ու հանդարտության հետ միասին ունենար բոլոր անհրաժեշտ հարմարությունները, որպեսզի առանձնանալով՝ կարողանային մասնակցել նաև քաղաքի կյանքի շարժմանը, գործունեությանը, կենդանությանը: Պահանջվող այս բոլոր հատկությունները փոքր ի շատե ուներ Սուրբ Ղազար անունով կղզյակը, որ հեռու չէր քաղաքից, ուներ չափավոր մեծություն և մի հնամենի եկեղեցի. ուներ մի փոքրիկ պարտեզ, ուր կարող էին ունենալ իրենց բանջարանոցը, կային երկու ջրհոր և մի քանի խարխուլ սենյակներ: Այդ կղզին, որ առաջին հայացքից արդեն գրավեց Մխիթարի ուշադրությունը և հազիվ մեկ տասնամյակ հետո, նրա մեծագործ հանճարի շնորհիվ, դառնալու էր ճարտարապետական արվեստի մի փոքրիկ հրաշակերտ, դրախտ՝ իր գեղեցիկ բուսականությամբ, մի սրբավայր, գիտնականների ու հայազգիների համար ուխտատեղի, այցելավայր՝ թագավորների ու իշխանավորների, Հայ Ազգի գրական գործունեության գլխավոր կենտրոնն ու շարժիչը, արժե ծանոթացնել ընթերցողներին, համառոտ ակնարկ տալով նրա նախկին պատմությանը և այն դեպքերին, որոնք տեղի էին ունեցել Մխիթարի Ուխտի այնտեղ հաստատվելուց առաջ:

Շատ հին է Սուրբ Ղազար կղզին: Սկզբում, նախքան 810 թվականը, այնքան աննշան ու ամայի է եղել, որ առանձին անուն անգամ չի ունեցել, և այնտեղ ա՛յլ բնակիչներ չեն հիշվում, քան մի պարտիզպան, որ ապրում էր այդ մի կտոր հողը մշակելով, և մի ձկնորս, որ իր արհեստը գործադրում էր մոտիկ ջրերում: Մինչ Մխիթարի ձեռքն անցնելը, այդ կղզին մի տեսակ սև ճակատագիր է ունեցել. եղել է ապաստարան մարդկանց ամենաթշվառ մասի՝ ուրուկների, հիվանդների և մուրացիկ աղքատների: 810 թվականին, ծերակույտի վճռով կղզին հանձնվում է Ֆուզինայի Սուրբ Հիլարիոն վանքի Բենեդիկտյաններին. սակայն այդ անխոնջ կրոնավորներն անգամ անկարող են լինում շենացնելու կղզին և այն մնում է նույն ամային ու լքվածը, մինչև որ վանականները հարկադրված հեռանում են այնտեղից թե՛ տարածքի փոքրության, և թե՛ քաղաքից հեռու լինելու պատճառով: 1182 թվականին, վենետիկցի մի հարուստ ազնվական՝ Լևոն Պավլինին, Հուբերտ անունով բենեդիկտյան աբբայից նվեր ստանալով այդ կղզին, այնտեղ շինել է տալիս մի եկեղեցի հանուն Սուրբ Լևոն քահանայապետի. եկեղեցու կողքին էլ կառուցում է մի հիվանդանոց, այնտեղ փոխադրելու համար այն բազմաթիվ ուրուկներին, որոնց համար շատ փոքր էր քաղաքում եղած հիվանդանոցը: Այդ դարերին, ովքեր ուխտի կամ առևտրի համար գնում էին Արևելք և հատկապես Պաղեստին, շատերն իրենց հետ բերում էին բորոտություն կոչվող սարսափելի հիվանդությունը: Ժողովուրդը, Ավետարանում հիշվող աղքատ Ղազարոսին շփոթելով Քրիստոսի բարեկամ Ղազարոսի հետ, բոլոր հիվանդանոցների ու բորոտանոցների եկեղեցիները Սուրբ Ղազար էր կոչում: Այդ ժամանակվանից է, ուստի, որ թե՛ կղզին, և թե՛ եկեղեցին սկսեցին կրել Սուրբ Ղազար անունը, որը Պատրիարքական Մայր Տաճարի իրավասության ներքո գտնվելով՝ ուներ իր առանձին առաջնորդն ու պատարագիչ քահանան: Երբ բորոտների թիվը Տասնվեցերորդ դարի կեսին այնքան նվազեց, որ հազիվ մի քանի հոգի էին մնացել, ծերակույտը որոշեց կղզու եկամուտներով այնտեղ բնակեցնել քաղաքում շրջող մուրացիկներին, որոնք քաղաքացիներին տաղտուկ էին պատճառում փողոցներում ու եկեղեցիներում: Այդ որոշման իրագործումը երկար չտևեց. 1601 թվականին կղզու հիվանդները և ամբողջ տնտեսական իրերը փոխադրվեցին քաղաքի մեծ հիվանդանոց, որի եկեղեցին նույնպես Սուրբ Ղազար էր կոչվում, Սուրբ Հովհաննես-Սուրբ Պողոս եկեղեցուն կից, և որի կողքին հետո կառուցվեց նաև Դոմինիկյանների վանքը: Կղզին դարձյալ ամայի ու անբնակ մնաց՝ իր խարխուլ եկեղեցիով, հին, կարկատուն շենքերով, կիսավեր պարիսպներով ու փոքրիկ բանջարանոցով: Շուրջ 1660 թվականին, մի խումբ Դոմինիկյան հայրեր Կրետե կղզուց փախչելով եկան Վենետիկ և նրանց բնակության տրվեց Սուրբ Ղազար կղզին: Բայց այդ կրոնավորները երկար չմնացին այնտեղ: Կարծես Մխիթարին էր վերապահված այդ անշուք կղզյակի բախտը փոխելը և լճակի մյուս կղզիներից ավելի հռչակավոր դարձնելը:

Ահա այդ վիճակում էր Սուրբ Ղազարը, երբ 1716 թվականին Մխիթարն առաջին անգամ այցելեց կղզին, և հույս ունենալով, որ կկարողանա այն ծառայեցնել իր գործին, աշխատեց ձեռք բերել այն, իր բարեկամ իշխանավորների միջոցով իր խնդրանքը ներկայացնելով ծերակույտին: Իսկ ծերակույտը, կամենալով այդ խնդիրը քննել եկեղեցական տեսանկյունից դիտված, հանձնեց տերության երկու հմուտ աստվածաբան իրավագետներին, որոնք Մարիամի Ծառաներ կոչվող Միաբանությունից էին, որպեսզի քննեին և իրենց կարծիքը հայտնեին: Նրանք, խնդիրը և Միաբանության Սահմանադրությունն ու նպատակը քննելով, վճռեցին, որ ծերակույտը կարող է քաղաքի մեջ մի վանք տալ հայ կրոնավորներին որպես մշտնջենավոր բնակարան: Ծերակույտը 1717 թվականի Օգոստոսի 26ի վճռով Սուրբ Ղազար կղզին շնորհեց Մխիթարին և Միաբանությանը որպես մշտնջենավոր բնակարան, որի փոխարեն Միաբանությունը պարտավորվում էր մշտապես, ամեն օր մի Պատարագ մատուցել կղզու նախկին բնակիչների՝ Մուրացիկ կոչվող կրոնավորների դիտավորության համաձայն. երկրորդ՝ ամեն տարի Սուրբ Ղազարի տոնի օրը ութ լիտր մոմեղեն տալ նույն կրոնավորներին, ամեն քսան տարին մեկ՝ չորս լիտր մոմ ևս ավելացնելով վրան: Բայց քանի որ կղզին Մխիթարին տրվեց վարձակալական ձևով, որպեսզի հիշյալ կրոնավորները երբևէ չկարողանային այն ետ պահանջել, դաշնագրի մեջ շատ անգամ գրվեց «մշտնջենավոր բնակություն» արտահայտությունը, բացահայտ կերպով նշելով, որ եթե հանկարծ ինչ որ մի ժամանակ որևէ խնդիր ծագի և ուզենան ետ պահանջել վանքը, պարտական լինեն հատուցել Միաբանության կողմից կատարված շինությունների ծախսը, այն է՝ մոտ տասը հազար մարչիլ, այն ժամանակվա դրամով: Սակայն ժամանակների և դեպքերի հոլովույթի մեջ այնպես պատահեց, որ Հասարակապետությունը կործանվեց, իսկ հետագա կառավարությունները կրոնավորների վանքերի հետ գրավելով նաև նրանց իրավունքները, Սուրբ Ղազարի սեփականությունն անցավ Ավստրիական Կայսրության ձեռքը: Միաբանությունը Տասնիններորդ դարի առաջին կեսին, 1833 թվականին, երբ Վենետիկում դեռ իշխում էին ավստրիացիները, նրանցից գնեց Սուրբ Ղազարը, որով կղզին իր սեփականությունը դարձավ և այդպես Միաբանությունն ազատվեց բոլոր պարտավորություններից:

 
 
Ջովաննի (Հովհաննես) Երկրորդ Կոռնարո (1647-1722),
111րդ Դուքս (Դոժ) Վենետիկի Հանրապետության (1709-1722)
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։