Խորանների շինությունը – Գրադարան – Mashtoz.org

Խորանների շինությունը

Վենետիկում բնակվող հարուստ Հայերից մեկը, Սահրատ Շեհրիմանյանը, 1735 թվականին մի ծանր հիվանդությամբ բռնվեց, և երբ բժիշկները հուսահատ ետ քաշվեցին, դիմելու ա՛յլ մեկը չմնաց, Աստվածամորից բացի: Եվ ուխտ արեց, որ եթե Աստված իրեն առողջություն շնորհի, իր ծախսով և գեղեցիկ մարմար քարերով շինել կտա մեր եկեղեցու Աստվածամոր խորանը: Աբբահայրը մի օր այցելության է գնում հիվանդին և նա խոսակցության ընթացքում Մխիթարին պատմում է իր ուխտի մասին: Վանք վերադառնալով, Աբբահայրը հիվանդի խնդրանքի համաձայն՝ միաբաններին հանձնարարում է աղոթել նրա համար: Մի քանի օր անց, ի մեծ զարմանս բժիշկների, մահամերձ հիվանդը բոլորովին առողջանում է և ազնվորեն կատարում է նաև իր ուխտը: Գորշախայտ մարմարի սրբատաշ քարերով կառուցել է տալիս Սուրբ Աստվածածնի խորանը, այնպես, ինչպես անփոփոխ մնում է մինչև այժմ: Խորանի առաջ իր համար պատրաստել է տալիս մի դամբան, որի մեջ էլ թաղվում է 1745 թվականին: Դամբանի վրա հետո դրվում է հետևյալ տապանագիրը.

Եդեալ եղեւ ի յայս տապան
Աղայ Սահրատըն Գասպարեան
Ճուղայեցի Շահրիմանեան
Այր բարեպաշտ ազնուական,
Սա շինեաց աստ զայս սուրբ սեղան,
Եւ ընդ նմին զիւր գերեզման.
Ելից զընթացս պանդխտութեան,
Հանգեաւ ի Տէր ի ծերութեան.
Յամի Տեառն 1745, դեկտ. 25:
 

Աստվածածնի խորանի շինությունից մի տարի անց, Արևելքի անվերջանալի խռովքներից ուրիշ շատերի հետ խույս տվեց և Վենետիկում ապաստանեց Զմյուռնիայի Մինաս արքեպիսկոպոսը: Մխիթարի համբավը նրան ձգեց դեպի Սուրբ Ղազար, որի հետ սիրտը կապվեց առաջին իսկ այցելության ժամանակ: Դեռ վանք չհասած նա կարծում էր, թե տեսնելու էր Արևելքի անկարգ վանքերից մեկը, բայց երբ տեսավ վանքի գեղեցկությունն ու մաքրությունը, հոգեսեր և ուսումնասեր վանականներից կազմված բարեկարգ Միաբանությունը, սիրտը փղձկաց, որ ինքը չէր արժանացել այդպիսի երջանիկ բախտի: Երանի տվեց Աբբահորն ու միաբաններին, որ բնակվում էին մի այնպիսի վայրում, որ հոգու և մտքի դրախտն էր թվում: Այցելելով եկեղեցի, տեսավ Աստվածամոր մարմարաշեն խորանը, իսկ դիմացը՝ Սուրբ Անտոնի խորանը՝ խեղճ ու անշուք: Հարցնելով իմացավ, որ պատճառը դրամական միջոցների բացակայությունն էր: Արքեպիսկոպոսը խոստացավ իր ծախսով, ճիշտ Աստվածածնի խորանի նման, միևնույն ձևով և մարմարներով, կառուցել տալ նաև Սուրբ Անտոնի խորանը: Խոստումը կատարեց, և Աբբահայրն անձամբ հսկեց շինությանը, ինչպես արել էր նաև մյուս անգամները: Հետևյալ տարին, 1737 թվականին, երբ խորանի կառուցումն ավարտվեց, Արքեպիսկոպոսն անձամբ այն օծեց և վրան ձայնավոր Սուրբ Պատարագ մատուցեց: Խորանի աջակողմում, սյան խարիսխին քանդակված է հետևյալ արձանագրությունը. «Յիշատակ է Սուրբ Սեղանս յարգոյ – Ակնցի Փերվազեան կոչեցելոյ – Մինասայ Արքեպիսկոպոսի Զմիւռնիոյ – 1737»: Մինաս Արքեպիսկոպոսը երկար տարիներ մնաց Վենետիկում և Մխիթարյան միաբանների ձեռնադրիչը եղավ մինչև իր մահը, որ տեղի ունեցավ 1757 թվականին, և թաղվեց յուրակերտ դամբանում, Սուրբ Անտոնի խորանի առջև, ինչպես կարդում ենք տապանագրի վրա.

Շինեցաւ տապանս ի դիր հանգստեան
Մինասայ մեծի Րաբունապետի,
Որ ի Փերուազեանց տանէ Ակնեցի
Արհիեպիսկոպոս Զմիւռին քաղաքի.
Լքեալ զիւր պատիւ աստեն պանդխտի,
Ցուցանէ առ մեզ բազում երախտի.
Եւ կանգնէ զայս սուրբ խորան խնկելի
Որոյ ընդ հովանեաւ ի Քրիստոս հանգչի,
Յամի Տեառն 1757, դեկտեմբ. 24:
 

Աստծո տունը պայծառացնելու համար բարերարները կարծես մրցում էին իրար հետ: Հայության պանդուխտ որդիները, հանձինս Սուրբ Ղազարում բնակվող Միաբանության տեսնելով Մայր Հայրենիքի սփոփիչը, նրա զարդարանքն ու շուքն ավելացնելու համար չէին խնայում իրենց դրամը: Ծնունդով Հաբանդ գավառից, Վենետիկում բնակվող երկու վաճառական ազգականներ՝ Ստեփանը և Նահապետը կամեցան Մխիթարի դաստակերտում մի հիշատակ թողնել իրենց ընտանիքի կողմից: Մտածեցին մարմարե քարերով կառուցել տալ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված խորանը: Մխիթարն իր ձեռքով գծեց նախապատկերը, վաճառականները հավանեցին այն, անմիջապես սկսվեց շինությունը՝ գեղեցիկ ճարտարապետությամբ, դեղին և կարմրագույն մարմարներով: Խորանի առջևում էլ շինվեց երկու եղբայրների հանգստյան տապանը: Նրանց ծախսով նկարվեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի մեծադիր յուղանկար պատկերը, որ ներկայացնում է Տրդատի մկրտությունը: Այդ նկարը Սուրբ Ղազարի եկեղեցու պատկերների մեջ ամենահարգին և թանկագինն է, որ նկարել է վենետիկցի Թիեփոլո մեծանուն նկարչի աշակերտ Ֆրանչեսկո Ձունեոն: Խորանի շինությունն ավարտվեց, Աբբահայրն այն օրհնեց և վրան ձայնավոր Սուրբ Պատարագ մատուցեց: Խորանի առջև եղած դամբարանում տարիներ անց թաղվեցին երկու վաճառականները: Դամբանի վրա քանդակվեց հետևյալ արձանագիրը.

Ղափանեցիք Շահումեանց տան
Պարոն Զաքարն որ է Դաւթեան,
Պարոն Ստեփան Վարդանէսեան,
Պարոն Նահապետն Պօղոսեան.
Ետուն շինել զայս սուրբ սեղան
Եւ ընդ նմին զայս դամբարան,
Ի յիշատակ և ի կայան
Բնաւից որք են ճիւղք նոյնոյ տան.
Յամի Տեառն 1737. յուլիսի 30:
 

Եկեղեցին ամբողջացնելու համար մնում էր միայն Սուրբ Խաչի խորանը: Այն էլ գտավ իր բարերարին՝ Շեհրիմանյան ընտանիքից Պարոն Ստեփանոսին, որը 1738 թվականին կառուցել տվեց Սուրբ Խաչի խորանը ճիշտ Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորանի ճարտարապետությամբ և ազնիվ կարմրագույն մարմարյա սյուներով: Միայն թե ի տարբերություն մյուս խորանների, սրբապատկերի փոխարեն՝ խորանի վրա տեղադրվեց սպիտակ ձյունափայլ մարմարից քանդակված մի շատ գեղեցիկ Խաչելություն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։