Կանխագուշակումներ Մխիթարի ապագայի մասին – Գրադարան – Mashtoz.org

Կանխագուշակումներ Մխիթարի ապագայի մասին

Մի ուրիշ անգամ, երկու քույրերը տեսիլքում տեսան զառիվեր մի ճանապարհ, որը ձգվում ու հասնում էր մի շքեղ ու ընդարձակ դահլիճի առաջ: Ճանապարհն ամբողջովին անանցանելի էր, սառցապատ ու ձյունալի: Մի փոքրիկ տղա, ձեռքը մի մուրճ առած, սառույցները կոտրում ու թիով մի կողմ էր նետում սառույցն ու ձյունը: Մոտեցան, որ տեսնեն, թե ո՛վ էր այդ փոքրիկ տղան: Տեսան, որ Մխիթարն էր:

«Ի՞նչ ես անում», հարցրեցին տղային:

«Արքայության ճանապարհն եմ մաքրում», պատասխանեց նա, «որպեսզի ամեն մարդ հեշտությամբ կարողանա գնալ»:

Արթնանալով, քույրերն ուրախացան, որ Աստված մեր Ազգի համար Մխիթարի ձեռքով մի մեծ գործ է անելու: Երբ մեծ քույրը սկսեց պատմել տեսածը, կրտսեր քույրը նրա խոսքը կտրելով՝ հարցրեց. «Մեր Մանուկի մասի՞ն է խոսքդ» (այդ ժամանակ նա դեռ այդպես էր անվանվում), ապա պատմեց իր տեսած տեսիլքը, որ հար և նման էր քրոջ տեսածին:

Մի անգամ էլ տեսիլքում տեսան, որ Մխիթարը կանգնած է մի փառավոր պալատի առաջ, խոսում է լուսեղեն զգեստներ հագած մարդկանց հետ, որոնք ջերմ գորովանքով ընդունելով տղային, անուշ յուղերով լի անոթներ էին տալիս նրան: Քույրերն Աստծո ներշնչմամբ հասկացան, որ այդ պալատը Եկեղեցին է, իսկ լուսազգեստ մարդիկ՝ Սուրբ Հայրերն ու Վարդապետները, որոնք իրենց հոգին ու իմաստությունը տալիս էին Մխիթարին, Ազգի մեջ կրոն և գիտություն տարածելու համար:

Քույրերն այդ երկու տեսիլքները խիստ գաղտնի պահեցին Մխիթարից: Նրան միայն հայտնեցին, որ վարդապետ էր դառնալու, և նրա առողջության համար մտահոգվելով՝ արգելեցին նրան չափազանց ճգնություններ անել: Բայց իրենց տեսիլքները նրանք հայտնեցին բարեպաշտ անձանց, որոնք հետո տեսնելով, որ իրոք կատարվեցին Մխիթարի մասին եղած կանխագուշակումները, պատմեցին նրա առաջին աշակերտներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։