Կարինում կաթողիկե հավատքը քարոզելու պատճառով քաղաքի Առաջնորդը թշնամանում է նրա դեմ – Գրադարան – Mashtoz.org

Կարինում կաթողիկե հավատքը քարոզելու պատճառով քաղաքի Առաջնորդը թշնամանում է նրա դեմ

Նույն այդ 1699 տարվա ձմեռը Կարինում անցկացրեց, ժողովրդի թախանձանքներին զիջելով, որոնք նույնիսկ ուզում էին արքունի հրովարտակ բերել տալ և նրան դարձնել իրենց քաղաքի Առաջնորդը: Բայց նա այդ առաջարկը մերժեց, մնալով իր միակ գաղափարին հարած, որն իրեն հանգիստ չէր տալիս: Ամեն օր եկեղեցում քարոզում էր, հաճախ անդրադառնալով կրոնական այն խնդիրներին, որոնցով հուզված ու պառակտված էր ժողովուրդը: Մի այնպիսի կորով ու հստակություն ուներ նա իր խոսքերում, որ հակառակորդներն անգամ շտապում էին իր քարոզները լսելու: Իրենով կաթողիկե մասը զորացավ, աճեց, մինչդեռ առաջ ճնշված էր: Նա համարձակ քարոզում էր իր համոզումները, կորովի փաստերով զինաթափ էր անում ընդդիմախոսներին, ամրապնդում էր ողջամիտներին, և այդպես տիրապետում էր ժողովրդի մտքին ու սրտին, այն աստիճան, որ անվիճելի հեղինակություն էր դարձել իր խոսքը:

Քաղաքի Առաջնորդը, որ նույն ինքն Ավետիք եպիսկոպոսն էր, վաղուց արդեն լարված էր Մխիթարի դեմ, իսկ այժմ է՛լ ավելի էր զայրացել նախանձի ու ատելության պատճառով. և մանավանդ Մխիթարին ընծայված դրվատիքից ու փառքից շլացած, մտածեց դատավորի ձեռքը մատնել նրան իբրև խռովիչ և ժողովրդին ապստամբեցնող. և այդ կերպ հեռացնել նրան քաղաքից: Սակայն Մխիթարի նկատմամբ ամբողջ քաղաքի, մանավանդ մեծամեծների ու եկեղեցականների հարգանքն ու սերը նրան ետ պահեցին այդ մտադրությունից, քանզի վախենում էր, որ ժողովուրդը գուցե իր դեմ դառնա, իրեն վտարի Աթոռից և իր փոխարեն Առաջնորդ դնի Մխիթարին: Ժողովրդի ուժն անդիմադրելի է, նրա առաջ նահանջում են հանճարեղ քաղաքագետներն անգամ, և միշտ էլ դա է եղել բռնապետներին նավաբեկող ժայռը: Մխիթարը միշտ իր կողմում ունեցավ այդ ուժը. Մխիթարին հալածողները միայն ու միայն առաջնորդները եղան, բայց երբե՛ք ժողովուրդը: Ավետիք եպիսկոպոսն իր հակառակասեր բարքի հետ մեկտեղ նաև խորագետ մեկն էր. առանձին կանչեց Մխիթարին, կշտամբեց նրան, որ իբր իր համարձակ քարոզներով գրգռում է ժողովրդին, և սպառնալով ուզեց փակել նրա բերանը: Կարծում էր, թե դիմացը պիտի տեսներ նախկին Մխիթարին, որ դողահար, ինչպես երբեմն, մի քանի կցկտուր բառ թոթովելով, տեղի պիտի տար իր խոսքերին: Մինչդեռ Մխիթարն այժմ իրոք այլափոխվել էր, դարձել արիասիրտ, սպառնալիքն արհամարհող: Մի կտրուկ պատասխանով ափ ի բերան անելով Առաջնորդին, ասաց. «Ես ամեն բանի պատրաստ եմ ճշմարտության համար: Արա՛ ինչ ուզում ես»: Եվ հարգանք մատուցելով դուրս ելավ և նույն օրն իսկ անվրդով շարունակեց իր քարոզները:

Այդ միջադեպից հետո, որ պատվաբեր եղավ Մխիթարին, նա առավել ևս համակրելի դարձավ ժողովրդին. նրան հարգում էին ո՛չ միայն իր իմաստալից քարոզների, այլ նաև, և հատկապե՛ս, իր առաքինի ու սրբակրոն վարքի, իր անշուք ու անփառունակ կենցաղի, և իր անարծաթասեր բարքի համար: Նա, ինչպես արդեն ակնարկեցինք, գավազանապտուղ չէր վերցնում և բարեպաշտների տված ողորմությամբ էր ապրում: Մի օր, իր հարուստ ծանոթներից մեկը, տեղյակ լինելով նրա աղքատությանը, կամեցավ տասը մարչիլ[1] գումար տալ նրան որպես ողորմություն: Մխիթարը մերժեց, ասելով. «Զգեստներս նոր են, փա՜ռք Աստծո: Կերակուրս էլ ժողովուրդը հոգում է: Ոչ մի բանի կարիք չունեմ»: Ժողովրդի կողմից իրեն բերված կերակուրով ո՛չ միայն ինքն էր ապրում, այլ՝ ինքը քչով գոհանալով, մնացած մասով տասը աղքատ էր իր հետ ապրեցնում: Ունեցածը երկրորդ օրվան պահելու սովորություն չուներ բնավ:

[1] «Մարչիլ»ը Մարկեղոս դքսի անունը կրող վենետիկյան դրամ էր (marcello), որի փոխարժեքը մոտավորապես երկուսուկես դահեկան էր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։