Կղզում կրած սաստիկ վշտերը – Գրադարան – Mashtoz.org

Կղզում կրած սաստիկ վշտերը

Տեղի բոլոր բնակիչները հույն էին, Մխիթարը նրանց լեզուն չէր հասկանում և ծանոթ մեկն էլ չուներ, այդ իսկ պատճառով այնտեղ միայն մի գիշեր մնաց: Հաջորդ օրը ստիպված գրաստ վարձեց և գնաց կղզու գլխավոր՝ Սաղամյուս քաղաքը, ուր հայ ընտանիքներ կային և իրենց առանձին եկեղեցին ունեին, որի խցերից մեկն էլ իրեն տվեցին: Երեք օր այդ խցում մնաց, հիվանդ, երեսի վրա լքված: Մի հոգի անգամ չգտնվեց, որ նրան այցելեր, հոգ տաներ կամ գեթ մի գավաթ ջուր տար: Այնտեղ՝ օտարության մեջ անկասկած մեռնելու էր, եթե չգտնվեին մի քանի հայեր, որոնք ո՛չ թե գթասրտությունից դրդված, այլ՝ իրենց վրայից մի բեռ թոթափած լինելու համար, վերցրեցին նրան, տարան ու հայ ճգնավորների վերոհիշյալ Սուրբ Մակար վանքի դռանը թողեցին, ասելով. «Թող կրոնավորները հոգան ազգային կրոնավոր սարկավագին»:

Այդ ժամանակ վանքի Առաջնորդն էր Չոլախ վարդապետը, որին արդեն հիշատակել ենք: Բարեբախտաբար, այդ օրն այնտեղ չէր: Մխիթարն ու վանքի աբեղաներն իրար անծանոթ չէին. այդ վանքում էր կատարվել Հովնան եպիսկոպոսի ձեռնադրությունը, որին Մխիթարը ներկա էր գտնվել: Առաջին հանդիպման ժամանակ նրա ու աբեղաների միջև անհաճո դիպվածներ էին պատահել, քանի որ առիթը ներկայանալիս նա համարձակ քարոզում էր իր կրոնական համոզումները: Այն օրերին նա արդեն առիթ էր ունեցել կրոնական հարցերի շուրջ վիճելու աբեղաների հետ և նրանք Մխիթարի նկատմամբ ատելությամբ էին լցվել, ուստի նա մտքով անգամ չէր անցկացնում հյուրամեծար ընդունելություն գտնել: Եվ իրոք, երբ իմացան, որ հիվանդը Մխիթար սարկավագն է, աբեղաներից ոչ մեկը ուշադրություն չդարձրեց վրան: Բնակվելու համար տվեցին նրան խոնավ, խարխուլ մի խուց, ուր անարգել մուտք ունեին քամին ու անձրևը, ուր կարպետի մի կտոր կամ մի քրձիկ անգամ չկար, որ հիվանդը կարողանար իր վրան առնել[1]: Խե՜ղճ Մխիթար, որ բրդե մի վերարկու ուներ միայն, որի կեսն իբրև անկողին էր տարածում, կեսն էլ որպես ծածկոց վրան էր առնում: Քայլելու անկարող, այստեղ էլ չգտնվեց կարեկից մեկը, որ գոնե որպիսությունը հարցներ, մի քիչ ջուր կամ միկտոր հաց բերեր: Ծարավից ու անոթությունից ստիպված, տկար ու դողդոջուն քայլերով ինքն էր խոհանոց գնում, իրեն պետք եղածը գրեթե որպես ողորմություն խնդրելու: Ծառայողներն էլ, աբեղաներից ավելի փափուկ սիրտ չունենալով, հանդիմանում էին նրան, թե ինչո՞ւ ընդհանուր ճաշի ժամին չի ներկայանում և անհանգստացնում է իրենց: Այս և նման դառն ու կծու խոսքերից հետո՝ տալիս էին մի կտոր գարեխառն հաց ու մի քանի հատիկ աղի ձիթապտուղ, որոնց համար շնորհակալություն հայտնելով՝ խուց էր վերադառնում: Այդտեղ մնացած երեք ամիսների ընթացքում դա էր Մխիթարի կերակուրը:

Սուրբ Մակարի վանքում Մխիթարի կրած վշտերը լավ հասկանալու համար հարկավոր է իմանալ տեղանքին վերաբերվող մի քանի ա՛յլ հանգամանք ևս: Խուցը, որ տվել էին իրեն, շինված էր վանքի տանիքի վրա, որի միայն մի կողմից զառիվայր մի ճանապարհ կար, որով պետք է իջներ, եթե պարտեզ գնալու կարիքն ունենար: Վանքից երեք քարընկեց հեռավորության վրա էր գտնվում պարտեզը, ուր մի ընդարձակ քարանձավ կար, որտեղից առատ ջուր էր բխում, որ գնում թափվում էր մի մեծ ավազանի մեջ, քարայրից տասը կանգուն հեռու, ապա այնտեղից տարածվում պարտեզով մեկ: Այնտեղ՝ պարտեզի մեջ ու ճանապարհի մոտ, մշտապես սողում էր օձերի մի ահագին բազմություն, որ շատ սովորական է Կիպրոս կղզու համար։

Խեղճն օրն ի բուն տառապում էր ցավերով, օտարության ու միայնության վշտերով մաշված, մութ ու խոնավ խցում, որից հիվանդությունը գնալով ավելի էր սաստկանում, իսկ ջերմը նրան դեպի մահ էր տանում: Ամեն օր, ժամը երեքից մինչև երեկո, տանջվում էր օրհասական տագնապների ու քրտինքի մեջ, անխնամ, լքված ու անօգնական: Երբեմն, գրեթե ուշակորույս ու զգայազուրկ, խցից ցած իջնելով պարտեզ էր գնում, և ջերմին չդիմանալով՝ մի փոքր զովանալու համար իրեն ավազանի ջրի մեջ էր գցում: Ժամեր էին անցնում, և ահա ջերմին հաջորդում էր մի ցուրտ սարսուռ, որից սթափվում էր և իսկույն ավազանից դուրս ելնում: Ապա իր բրդե վերարկուի մեջ փաթաթվելով, ուժասպառ գետին էր ընկնում և ժամերով քնում ավազանի մոտ, կիզիչ արևի տակ, շուրջը սողացող օձերի մեջ: Երբեմն արևի սաստիկ տապը նրան մղում էր քարայրի ներսը, ուր ոտները ջրի մեջ ընկղմած, թաց քարերի վրա պառկում էր մինչև երեկո: Երբ գիշերվա ստվերները թանձրանում էին չորս բոլորը և ջերմը նվազում էր, ուզում էր վանք վերադառնալ, իր խուցը: Բայց ոտքի վրա կանգնելու անկարող, այն զառիվեր ու քարոտ ճանապարհը մագլցելով, չորեքթաթ էր բարձրանում: Ճանապարհին տասներկու անգամ կանգ էր առնում և Տասներկու Առաքյալների անունները տալով, մեծ տառապանքով հազիվ հասնում էր իր խուցը, ուր իրեն ուրիշ տանջանքներ էին սպասում. ծարավը, քաղցը, լքման ու միայնության սարսափը: Եվ այս բանը միայն մի անգամ չպատահեց, որ վրիպեր վանականների աչքից, այլ՝ տասն անգամից ավելի: Եվ սակայն չգտնվեց մեկը, որի գութը շարժվեր, նրա ցավերին մի դեղ կամ դարման աներ, կամ գոնե զգուշացներ, որ միշտ պաշարված էր մեռնելու վտանգով, կարող էր մարդաչափ խորություն ունեցող ավազանի մեջ խեղդվել, կամ օձերից թունավորվել: Բայց կար Մեկը, որ ի վերուստ պաշտպանում էր նրան և այդ տառապանքների ու ցավերի մեջ ամրացնում էր նրա հոգին: Հարկավոր էր անցնել այդ փշալից ճանապարհով, հետո հասնելու համար ավետարանական սրբության բարձունքներին:

Աբեղաները թշվառ պանդուխտին ոչ միայն իրենց գութն ու խնամքն էին զլանում, այլև կծու խոսքերով վիրավորում էին նրա արդեն իսկ ցավատանջ սիրտը: Առանց բնավ ի նկատի առնելու հիվանդի վիճակը, խիստ խոսքերով հանդիմանում էին, թե ինչո՞ւ աղոթքի ու ժամերգությունների ժամանակ իրենց հետ եկեղեցի չի գնում: Այդ օրերին Սուրբ Մակարի վանք եկան հայ ուխտավորներ, որոնց հետ կար նաև մի եպիսկոպոս, շատ բարեսիրտ մի անձ, որը տեսնելով Մխիթարի մահամերձ վիճակը, ձեռքից եկած բարիքն անում էր նրան, դարմանում, մխիթարում: Սրանից Մխիթարը մի փոքր ոգի առավ: Վարդավառի տոնի օրը խավիծ ուտել փափաքեց: Եպիսկոպոսն անձամբ խոհանոց գնաց, իր իսկ ձեռքով պատրաստեց ու բերեց հիվանդին: Մխիթարն իր ամբողջ կյանքում այդքան ախորժակով կերակուր չէր կերել: Նյութականից ավելի, բարոյապես զորացավ, սիրտ առավ: Մի սփոփիչ խոսք, մի գորովալի հայացք, հաճախ դեղերից ավելին արժեն: Այդուհետև Մխիթարի բարի հրեշտակը եղավ այդ եպիսկոպոսը, որին խնդրեց իրեն քաղաք տանել, ուր նույնիսկ եթե չկարողանար իր հիվանդությունը դարմանել, գոնե աբեղաներից հեռու մնալով՝ հոգու ցավերը կթեթևացներ: Խնդրանքը կատարվեց, նրան քաղաք տարան և տեղավորեցին եկեղեցու սենյակներից մեկում, ուր ազգայիններից դարձյալ նույն սառը ընդունելությունը գտնելով՝ երեսի վրա լքված ու անխնամ մնաց: Կիպրոսի այրող արևից քարացել էր այդ հայերի սիրտը: Նրանցից հուսահատված, Մխիթարը դիմեց լատին կրոնավորներին, խնդրելով ինչ-որ մի դեղ տալ իր հիվանդության համար: Նրանցից էլ օգնություն չստացավ: Չափազանց երկչոտ մարդիկ էին, ուստի տեսնելով նրան այդքա՜ն հյուծված ու սպառված, չհամարձակվեցին դեղ տալ, որպեսզի եթե հանկարծ մեռներ, իրենք պատասխանատու չլինեին նրա մահվանը: Ի վերջո հայերի մեջ գտնվեց գթասիրտ մեկը, որ դալուկի ու ջերմի դեղ տվեց, բայց մի այնպիսի զորավոր դեղ, որ սաստիկ ազդելով՝ գրեթե մահվան դուռը հասցրեց նրան: Մի փոքր զորանալու համար՝ Մխիթարը ստիպված եղավ միառժամանակ թողնել, չափավորել իր խիստ ճգնությունները, ինչպես ժամանակին իրեն խրատել էին իր հոգևոր դաստիարակները, և այդուհետև սկսեց միս ուտել, մինչև որ կատարելապես առողջացավ:

[1] Ժամանակակիցների նկարագրության համաձայն, այսպիսին էր Սուրբ Մակար վանքի հայ վանականների կենցաղը. ամբողջ տարին պահքով էին անցկացնում, այսինքն՝ մսեղեն բացարձակապես չէին գործածում, օրը միայն մի անգամ էին ուտում, իսկ կերակրացանկին մաս էին կազմում խաշած բակլան, ոսպը կամ սիսեռը, բանջարեղեններն ու ձիթապտուղը: Նրանց կերած հացը զուտ ցորենի ալյուրից չէր, այլ՝ գարեխառն: Ընդհանրապես միայն ջուր էին խմում: Առավոտյան շատ կանուխ էին արթնանում, ժամերգություններն ասում: Ցավալի է միայն այն, որ իրենց այդ բոլոր ճգնությունների հետ չունեին հոգևոր ներանձնական կյանքը և քրիստոնյայի, մանավանդ կրոնավորի հարկավոր առաքինությունները: Ամբողջ օրն իրար հետ լեզվով ու ձեռքով կռիվ էին անում, իսկ երեկոյան, հանգստյան ժամին, յուրաքանչյուր ոք միաբանակցի խցի առաջ գնալով, իրարից ներողություն ու թողություն էին խնդրում: Հաջորդ օրը, սակայն, վերադառնում էին նույն բաներն անելու:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։