Հալեպ և Այնթապ գնալով, ուղևորվում է դեպի Սեբաստիա – Ճանապարհին կրած նեղությունները – Գրադարան – Mashtoz.org

Հալեպ և Այնթապ գնալով, ուղևորվում է դեպի Սեբաստիա – Ճանապարհին կրած նեղությունները

Սելևկիայից Մխիթարն ուղևորվում է դեպի Անտիոք, իսկ այնտեղից՝ Հալեպ: Նրա հետ ճանապարհորդում էր Սուրբ Մակար վանքի աբեղաներից մեկը, որի հետ գյուղից գյուղ էր գնում՝ գիշերելու համար օթևան գտնելու, և տնից տուն էր շրջում՝ բնակարան ու կերակուր գտնելու համար: Պատառոտված զգեստները վրայից արդեն թափվում էին, կոշիկներից մեկն ամբողջովին մաշվել էր, ուստի ստիպված երկուսն էլ դեն է նետում և այդ երկար ու քարքարոտ ճանապարհը բոկոտն է կտրում անցնում մինչև Հալեպ: Այդ բոլոր տառապանքների վրա ավելանում է նաև «կերցավ» կոչվող հիվանդությունը, որի պատճառով կերածն իսկույն փսխում էր, դեռ չմարսած, առանց սնունդ առնելու: Նա գրեթե կիսամեռ հասավ Հալեպ, ուր նախկին ծանոթների ու բարեկամների մոտ գնալով, դեղերով ու խնամաշատ հոգատարությամբ շուտով առողջացրեցին նրան բոլոր հիվանդություններից:

Այնտեղ կամեցավ կրկին հանդիպել Հիսուսյան Միաբանության անդամ Հայր Անտոնին, որն իր գորովալի վերաբերմունքով ու բարի խրատներով գրեթե հայր էր եղել Մխիթարի համար: Նրան այնտեղ չգտավ, բայց հանդիպեց միևնույն Միաբանության ուրիշ կրոնավորների, որոնցից նույն հոգեշահ խրատները լսեց և նույն բարի խորհուրդը. մի կողմ թողնել Արևմուտք գնալու միտքը և օգտակար լինել՝ մնալով Ազգի մեջ: Մխիթարը, թեպետև մի քիչ ուշ, բայց վերջապես հասկացավ, որ Աստծո ձայնն է, որ հնչում էր այդ բարի մարդկանց սրտերից: Այս անգամ Հալեպում երկար չմնաց, հազիվ մի քանի օր, քանի որ վրա էր հասնում «հայկական խիստ ձմեռը», ինչպես այն կոչում է Ոսկեբերանը, ով փորձառությամբ ծանոթ էր Հայկական Լեռնաշխարհի ցրտին:

Հալեպից Մխիթարն ուղևորվեց դեպի Այնթապ, ուր Սեբաստիա գնացող մի կարավան գտավ: Բայց գրաստ վարձելու համար հարկավոր նվազագույն գումարն անգամ չուներ, ինչպե՞ս պետք է հետիոտն անցներ այդքա՜ն ճանապարհը: Խորհուրդ շատերն էին տալիս, իսկ դրամ կամ օգնություն՝ ոչ ոք: Գրաստապաններն էլ խաբում էին իրեն, քանի որ նախ իր հետ պայմանավորվում էին մի գնով, բայց հետո գրաստները նրանց էին վարձում, ովքեր ավելի էին վճարում: Այդ պատճառով էլ հաճախ կարավանից ետ էր մնում և օրերով հետիոտն քայլում: Այսպես պատահեց նաև Այնթապում, ուր զգեստները լվանալու էր տվել: Լվացքը դեռ չէր չորացել, իսկ կարավանն արդեն ճանապարհ էր ընկել: Գրաստ չուներ, ուստի թաց զգեստները ստիպված ուսն էր առել ու կարավանին հասնելու համար այդպես հինգ-վեց ժամվա ճանապարհ անցել: Կարավանը կանգ էր առել մոտիկ մի գյուղում: Այդ ծանր բեռան տակ կքված, չհասնելու վախից հևիհև վազելով, իր կարողությունից վեր ճիգ էր գործադրում: Բայց ճանապարհը շարունակելն անկարելի եղավ. ուժասպառ գետին ընկավ, հույսը կտրած, մինչև որ այլազգի մի փայտահատ մոտից անցնելով գթաց, արեց այն, ինչ զլացան անել ազգայինները. նրան իր գրաստի վրա դրեց և հասցրեց կարավանին: Բազմաթիվ թախանձանքներից հետո, կարավանում գտնվող իրեն ծանոթ մի ուղեկից մի կերպ հանձն առավ իր գրաստի վրա դնել նրա բեռները, մինչդեռ ինքը գրեթե տասներեք օրվա ճանապարհը ստիպված ոտքով գնաց: Գիշերները բացօթյա էր պառկում, ուստի ջերմը նորից սկսել էր նեղել, բայց նա այլևս չէր մտահոգվում, քանի որ ոտքը հայրենի գավառի սահմանին էր գրեթե դրել և միայն երկու օրվա ճանապարհ էր բաժանում իրեն իր սիրելիներից: Սեբաստիայի մոտակա գյուղերից մեկում ձի վարձեց և այդպես մտավ իր հայրենի քաղաքը, 1695 թվականի Նոյեմբերի կեսին, երբ ձմեռն արդեն սկսվելու մոտ էր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։