Հակառակություններ և զրպարտություններ ընդդեմ Մխիթարի և Միաբանության – Գրադարան – Mashtoz.org

Հակառակություններ և զրպարտություններ ընդդեմ Մխիթարի և Միաբանության

Հայ հասարակության կրոնական փոքրամասնության դեմ հարուցված այդ ծայրահեղ հալածանքը, որ ի վերջո արյունահեղության հասավ, երանի՜ թե այդքանով գոհանար և փակվեր այդ արյունոտ տեսարանների շարքը: Դժբախտաբար, եղբայրասպան կռիվը զայրագին համառությամբ շարունակվելու էր մի ամբողջ դար և ավելի, մերթ ընդ մերթ միայն մեղմանալով, մինչև որ երկու կողմերի միջև փորված խրամատն այնքան էր լայնանալու, որ այլևս երկու իրարից անկախ և անջատ հասարակություններ էին կազմվելու: Եվ այդ բոլոր կռիվների, դավադրությունների, արյունահեղությունների և ուրիշ ամեն տեսակ նողկալի արարքների կենտրոնը կամ թատերաբեմը Պոլիսն էր, ուր գավառներից խուժում էին բոլոր նրանք, ովքեր փառասիրությունից կամ շահամոլությունից դրդված, գալիս էին այնտեղ իրականացնելու իրենց մտքում հղացած ծրագրերը և հագուրդ տալու իրենց կրքերին, քանի որ ճարպիկ մարդու համար միջոցներ և նպաստավոր պայմաններ չէին պակասում թուրքական մայրաքաղաքում, ուր բավական էր այլազգի դատավորներին լիաբուռն կաշառել Ազգի ոսկիներով: Այդպես, կարծես աղետների ու երերումների մեջ ապրելու էր սահմանված այդ քաղաքը, ուր ծնունդ առավ Մխիթարի Միաբանությունը և ուր, սակայն, իր գոյությանը սպառնացող ամենամեծ արգելքներին հանդիպեց: Միաբանության երեքհարյուրամյա կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ նա չի կրել մի հակառակություն, մի հարձակում, մի հալածանք, որ այդ քաղաքից սկսված չլիներ: Անշուշտ, անժխտելի է նաև այն, որ Միաբանության աստղերից՝ մեծագույն մտքերից շատերը այդ քաղաքի ծնունդ են եղել:

Մինչ Մխիթարը, Միաբանության համար բնակարան ապահովելով, պարտքերը թեթևացնելով և դրամական վիճակը բարվոքելով, հույս ուներ վանական ներքին կյանքին մի նոր թափ հաղորդել, և աչքերը դեպի Հռոմ հառած՝ սրտատրոփ սպասում էր եկեղեցական իշխանությունների վճռին, որպեսզի գրական և քարոզչական ավելի եռանդուն ու ժիր գործունեություն սկսի, ահա՛ անդին, Պոլսի հորիզոնի վրա, սևաթույր ամպեր էին դիզվում կրկին, որոնք սպառնալից որոտմամբ ուղղվում էին դեպի Մոռեա, Մեթոնի վրա թափելու համար իրենց փոթորիկը: Եվ այս անգամ հակառակությունները բխում էին հենց կաթողիկե հայերից:

Ի՞նչ ամպեր էին դրանք և ի՞նչ փոթորիկ էր դա, եթե ոչ միայն՝ արդեն սովորական դարձած զրպարտություններ, – կա՛մ տգիտության և կա՛մ նախանձի արդյունք հանդիսացող թյուրիմացություններ, – մի քանի տգետ անձանց կողմից հնարված և Պոլսի եկեղեցական կաթողիկե իշխանության ականջը հասցված, որոնք ա՛յլ նպատակ չունեին, քան նսեմացնել Մխիթարի հետզհետե ավելի փայլող աստղը, խոչընդոտներ հարուցել դեպի լույս և դեպի առաջադիմություն ընթացող Միաբանության առջև, իսկ վերջում ուղղակի կործանել այն, նրա գոյությունը Սուրբ Աթոռին ցույց տալով որպես վնասակար կաթողիկե կրոնի համար: Արդյոք չէի՞ն հիշում այդ զրպարտողները Աստվածաշնչի խոսքը, որը թերևս շատ անգամներ կարդացել էին. «Եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի: Բայց եթե Աստծուց է, չեք կարող կործանել այն» (Գրծ 5, 38-39): Եվ իրոք, որքա՜ն առիթներ պատահեցին պատմության ընթացքում, երբ Մխիթարի Միաբանությունը ձախող պատահարներից կամ մարդկային կրքերի հոսանքից մղված, կարծվում էր, թե հասել էր անդնդախոր վիհերի եզրին, և սակայն մի աներևույթ Աջ բռնել է նրան: Այդ զրպարտությունները, որոնց մեջ ո՛չ սակավ մասնակցություն ունեցան նաև Հռոմում գտնվող հայերից ոմանք, հետևանքներն էին Արևելքից և Մոռեայից հաճախակի հասնող գովեստների՝ Մխիթարի և իր Միաբանության նկատմամբ, և այն բոլոր հաջողությունների, որոնք Երկինքը սկսում էր առատորեն թափել Մեթոնում ապաստանած հայ վանականների վրա: Ապշում է մարդ, թե զրպարտողներն ինչպե՞ս էին կարողանում այնպիսի բաներ ասել, որոնց դեմ մեծաձայն բողոքում էին ո՛չ միայն արժանահավատ վկաները, այլ՝ հենց իրողություններն ու փաստերը: Երբ մարդ կուրանում է մի որևէ կրքով, այդուհետև կորցնում է բանականության չափն ու սահմանը. խոսում ու գործում է հախուռն, ինչպես թելադրում է իրեն անձնական կիրքը: Հակառակորդների զենքերն ուղղված էին գլխավորապես Մխիթարի դեմ. եթե նա խոցվեր և ընկներ, ինքնըստինքյան կտապալվեր նաև ողջ շինությունը: Ուստի չխորշեցին նրա վրա բարդել ամենահանդուգն ու ստահոդ զրպարտությունները. ինչպես, օրինակի համար, իբր թե Մխիթարն ասել էր, թե ինքն առանց Սուրբ Աթոռի արտոնության էլ իրավասու է կրոնավորական Միաբանություն հաստատելու: Եթե Մխիթարն իրոք այդպիսի բան ասած կամ մտածած լիներ, էլ ինչի՞ համար էր իր երկու աշակերտներին Հռոմ ուղարկել և իր սահմանադրությունը Սուրբ Ժողովի դատին ներկայացրել, և ինչո՞ւ էր այդքան վիշտ ու տագնապ կրում, մինչ գործը ձգձգվում էր: Զրպարտություններից մեկն էլ այն էր, թե իբր Մխիթարն իր աշակերտներին տալիս էր փոքր աստիճանները, պնդելով, թե ինքն ունի այդ իշխանությունը: Անհիմն մի զրպարտություն, որը հերքելու կարիքն անգամ չկար, քանի որ Հովնան եպիսկոպոսը Մեթոնի վանքում արդեն միայն այդ նպատակով էր բնակվում. որպեսզի ձեռնադրություններն ազգային արարողությամբ կատարվեին: Եվ Մխիթարը հանուն Հայ Ծեսի պահպանման պատրաստ էր ամեն ինչի, որովհետև Հովնան եպիսկոպոսի ներկայությունը մեծ ծախսերի դուռ էր իր համար, մանավանդ չքավորության տարիներին: Չարախոսում էին նաև, թե իբր իր քմահաճույքի համաձայն փոփոխում է հասարակաց աղոթքների կարգը և նորանոր կարգադրություններ է անում եկեղեցական հարցերում: Եվ սա ասում էին նրանք, ովքեր բոլորովին տգետ էին ազգային Ծեսի ու արարողությունների մեջ, և հենց իրենք էին, որ նորամույծ սովորություններով վերիվայր շրջում էին ամբողջ եկեղեցական բարեկարգությունը, խանգարում էին եկեղեցական մատյանները, խեղաթյուրում էին նրանց իմաստները, աղավաղում էին լեզուն: Եվ ովքեր չէին հետևում իրենց կամ ջերմ պաշտպաններն էին հանդիսանում ազգային արարողությունների և ուղիղ կարգերի ու սովորությունների, ինչպիսին էր Մխիթարը, այդպիսիներին ամբաստանում էին իբրև մոլորվածներ և օտարոտի վարդապետություններ սերմանողներ: Եվ որ մեծագույն չարախոսությունն էր, հակառակորդները Մխիթարին ու իր աշակերտներին ամեն տեղ համբավում էին իբրև տգետ, աստվածաբանական և եկեղեցական ուսումներից բոլորովին զուրկ, ուստի և անկարող՝ առաքելության և հոգևոր առաջնորդության. հետևաբար, նրանց ներկայությունն անգամ վնասակար կլինի ժողովրդին, – ասում էին, – եթե Սուրբ Աթոռը հանկարծ հաստատի նրանց Միաբանությունը: Եվ մտքերը պղտորող այս քսությունները տարածում էին Պոլսի և գավառների մեջ, հասցնում էին բոլորի ականջը, մտնում էին ընտանիքների մեջ և ամենուր սերմանում էին ատելության ոգին ընդդեմ Մխիթարի և իրենների: Եվ դա ո՛չ թե մեկ կամ երկու անգամ, այլ՝ տարիներով անընդհատ: Կարծես կազմակերպված պատերազմ լիներ, որ Մխիթարի Միաբանության դեմ մղում էին մի խումբ հայեր, որոնք եթե ճամբարից պիտի քաշվեին, իրենց համար արժանի հաջորդներ էին գտնում, միևնույն ոգով առաջ տանելու համար այդ պատերազմը:

Եվ սակայն, այդպիսիներն ակամա և առանց գիտակցելու նպաստում էին Միաբանության կայացմանը, «ո՛չ միայն իբրև անքուն պահապաններ հսկելով մեր հասարակության ամրոցի վրա», ինչպես գրում է Մխիթարն ինքը իր նամակներից մեկում, «որպեսզի չլինի թե մեր վրա հարձակվի սատանան. կամ իբրև համեմիչ աղ, որը թեև մի փոքր կսկծեցնում է, բայց պահում է նեխությունից»[1]. այլ նաև այն պատճառով, որ իրենց թվի տասնապատիկ չափով պաշտպաններ ու ջատագովներ էին հարուցում հօգուտ Մխիթարի և իր Միաբանության: Այդ պաշտպանների մեջ առաջին տեղն է գրավում Կորնթոսի մեծիմաստ արքեպիսկոպոս Կարլինին, որի իրավասության ներքո էր գտնվում Մոռեայի ամբողջ երկրամասը, և նա շատ մոտիկից էր ճանաչում Մխիթարին և ամբողջ Միաբանությանը, ուստի Սուրբ Ժողովի առաջ գերակշիռ արժեք ուներ իր վկայությունը: Նա մեկ նամակով միայն բթացրեց հակառակորդների զենքերը: Այդ զրպարտությունները, մի քանի տարի մոխրի տակ ծածկվելուց հետո, կրկին արծարծվելու էին այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Մեթոնի վանատունը բարբարոսների կրակի տակ ավերակ ու մոխիր դարձած, միաբաններից ոմանք գերի էին ընկել, իսկ մյուսներն անտուն ու անպատսպար ապաստանել էին Վենետիկում: Այս անգամ նրանց դեմ ախոյան էր կանգնելու ուրիշ զորավոր ու հմուտ մի ձայն. նույն ինքը Կարնեցի Խաչատուր վարդապետը: Նա մի նամակ է գրում Պոլսում բնակվող հայազգի կաթողիկեներին[2], հանդիմանելով նրանց և գրեթե մեղադրելով, թե ինչպե՛ս այդպիսի անխիղճ զրպարտությունների առաջը չեն առել. «Որովհետև դուք շատ լավ եք ճանաչում նրանց [Մխիթարի և իր աշակերտների] բարի նպատակն ու ջանքերը, և գիտեք, թե ինչպես տասնյոթ տարուց ի վեր աշխատում են տարածելու Սուրբ Հավատքը, և իրենց վտանգների ենթարկելով՝ ամեն տեսակ օգուտ և բարիք են անում, ո՛չ միայն այդտեղ, այլ նաև ուրիշ քաղաքներում ևս: Զարմանում եմ, թե ինչպես չկարողացաք խափանել այդ ստահոդ կարծիքները մի այսպիսի Միաբանության նկատմամբ: [...] Լսեցի նաև, թե հակառակորդները հանդգնել են Միաբանության Գլուխն էլ իբրև տգետ համբավել Ազգի մեջ, [...] մինչդեռ նա թե՛ գրության և թե՛ խոսքի մեջ ցույց է տալիս, թե որքա՜ն իմաստուն է ու հանճարեղ. քանի որ թեև դպրատանը [Հռոմի Ուրբանյան վարժարանում] չի ուսանել, – ինչպես ասում են հակառակորդները, – բայց պետք է իմանաք, որ սովորական մտքերն են, որ առանց դպրոց գնալու չեն կարող գիտուն և ուսումնական անձինք լինել. մինչդեռ մեծ կարողության տեր մտքերը երևելի գիտնականներ են դարձել առանց վարժապետների, պարզապես գրքերի ընթերցմամբ, ինչպես Սուրբ Օգոստինոսը, որը երբ դեռ անհավատ և պատանի էր, առանց վարժապետի օգնության հասկացավ և ուսանեց Արիստոտելի տասը ստորոգությունները. և դա մի գերբնական շնորհ չէր, քանի որ այդ ժամանակ նա տակավին քրիստոնեության չէր դարձել: Այդպիսիներին հարկավոր է ասել, թե դուք, առանց տեսնելու նրանց մեծավորին և առանց նրա հետ խոսելու, ինչպե՞ս իմացաք նրա տգիտությունը, և առանց ձեր խղճի առաջ հարց դնելու տարածում եք այդ սուտ և հանդուգն լուրը: Նա, որ արդեն քսաներկու տարուց ի վեր վարդապետ է և մանկությունից սկսած անհագ ընթերցող է եղել գրքերի, ինչո՞ւ չպիտի կարողանար փիլիսոփայական և աստվածաբանական գիտություններն ուսանել իր կողմից կարդացված այդքան բազմաթիվ գրքերից: Սրանից բացի, եթե այդ մարդիկ առանց տեսնելու և ճանաչելու համարձակվում են տգետ համբավել նրան, հապա ես, որ արդեն քսաներկու տարի է, ինչ ճանաչում եմ իրեն, և հինգ-վեց տարի ապրել եմ իր հետ, և այստեղ էլ [Վենետիկում] ամեն օր տեսնում եմ իրեն, խոսում եմ իր հետ, հետևաբար որքա՜ն ավելի լավ պետք է ճանաչեմ իրեն: Ուստի պարտքս եմ համարում վկայել, որ նրանց մեծավորը [Մխիթարը] գիտուն է, և արեգակ է, և ո՛չ թե՝ ինչպես իրենք են բարբաջում: Զարմանում եմ, թե ինչպես այդ զրպարտողներին դեռ չհասան այս արեգակի ճառագայթները, մինչ այստեղ քարերն անգամ ճանաչեցին նրա լուսափայլությունը»: Խաչատուր վարդապետի այս անկեղծ վկայությանը համաձայն էին բոլոր նրանք, ովքեր Մխիթարին մոտիկից ճանաչելու բախտն էին ունեցել, ինչպես ցույց է տալիս իր ծանոթներից մեկի ձեռքով գրված հետևյալ նամակը, որից մի քանի տող ենք միայն մեջբերում, որոնք անտարակույս չափազանց վառ երևակայության արդյունքն են, գործածելով փառավոր մակդիրների մի այնպիսի ճոխություն, որն արևելյան շռայլ գրիչը միայն կարող էր արտադրել, բայց որոնք ցույց են տալիս, որ հակառակորդների զրպարտություններն իվերջո պարտվում էին Մխիթարի առաքինություններով և մեծամեծ գործերի համբավով. «Գերապատիւ և մեծարգոյ, պերճափառ և շնորհազարդ, հրաշազան, աստուածամեծար՝ մեծահամբաւ և տիեզերալոյս, կորովաբան և քաջահնչող և ամենայն գովութեանց արժանացեալ, և ընտրութեամբ Տեառն մեծարեալ, և եդեալ վերատեսուչ սրբոյ Միաբանութեանն [...] : Ո՜վ ճառագայթդ արեգական, լուսատու և լուսաւորիչդ տիեզերաց. ո՜վ արուսեակդ և պայծառ աստղդ պատուական. ո՜վ աղբիւրդ գիտութեան [...] իմաստութեան աղբիւր, ուղիղ գնացք ընդ հետոցն Աստուծոյ: Ամենեւիմբ աստուածային գիտութեամբ զարդարեալ մանուկդ տիօք, ծերացեալդ տիօք. լցեալդ շնորհօք Հոգւոյն սրբոյ [...] » և այլն (1711 Մայիս 2):

[1] Նամակ Կոստանդնուպոլսում բնակվող բարեկամներից մեկին, 1717 Հունիս 6:
[2] Նամակ Հաջի Հարությունին և Տիրացու Պետրոսին, 1717 Հունվար 6:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։