Հասնելով Կարին, գնում է Կարմիր վանք – Գրադարան – Mashtoz.org

Հասնելով Կարին, գնում է Կարմիր վանք

Գրեթե վեցուկես տարի առաջ, 1691 թվականի Դեկտեմբերին, նա անցնում էր այդ նույն ճանապարհով, մեծամեծ հույսերով խանդավառված, որոնք բոլորն էլ ի դերև ելան: Այս անգամ ևս հուսալից գնում էր Կարին, ուր իրեն նույնպիսի անհաջողություններ էին սպասում: Զգում էր, որ գնալով բարդվում են դժվարություններ, որոնց առաջ կարծես մոտ է բոլորովին տեղի տալու, չտեսնելով հույսի մի որևէ նշույլ: Չէր մնացել մի տեղ, մի անձ, մի միջոց, որին դիմած չլիներ: Սա վերջին ճիգն է, որ անում էր. մեկուսանալ հայրենի աշխարհի մի անծանոթ վայրում, անձնական ուժերով գործել մի նեղ շրջանակի մեջ, շուրջը հավաքել մի տասնյակ աշակերտ և այդպես կազմել Միաբանության կորիզը: Այս մտածումներով հասավ Կարին, ուր իջևանեց իրեն բարեկամ Պողոս անունով բարեպաշտ մարդու տանը: Այնտեղ իմացավ, որ Օլթի գավառում բնակվող իր ծանոթ քահանան, որի վրա հույս դնելով էր կատարել այդ երկար ու տաժանելի ուղևորությունը, շեղվել է իր ուղիղ ընթացքից: Այդ ժամանակ ինքն էլ որոշեց փոխել իր ուղղությունը և գնալ Կարմիր կամ Հնձուց կոչվող վանքը[1], լսելով, որ այնտեղի Առաջնորդ Մարգար եպիսկոպոսը ողջամիտ ու բարեսեր անձնավորություն է: Մխիթարի հոգում մի պահ կրկին արծարծվեց իր առկայծող հույսը, մտածելով, որ եթե կարողանար համոզել այդ եպիսկոպոսին, նա կլիներ իր մեծագույն նեցուկը՝ դյուրավ հասնելու իր դիտած նպատակին: Սկզբում, Առաջնորդի մոտ որևէ կասկած չարթնացնելու համար, ամեն հնարավոր զգուշություն գործադրեց. իր Հովհան աշակերտին Մուտուրկուի վանքն[2] ուղարկեց, իսկ ինքը Հովհաննես աշակերտի հետ գնաց Կարմիր վանք, ուր Առաջնորդի կողմից սիրալիր ընդունելություն գտավ:

Այդ վանքում բնակվում էին երեք աբեղա և տասնհինգ պատանի, որոնք անհրաժեշտ ուսումները ստանալով՝ քահանայության էին պատրաստվում: Մխիթարի ժամանումը մեծ թեթևություն պատճառեց Առաջնորդին, որը նրան օժտված տեսնելով ճշմարիտ քահանային հարկավոր բոլոր ձիրքերով, պատանիների դաստիարակությունը հանձնեց նրան: Մխիթարը թեև հոժարակամ չստանձնեց այդ նուրբ պաշտոնը, որի ծանրությանը գիտակից էր, բայց խղճով ու խնամքով կատարեց այն. իբրև վանքի միաբաններից մեկը՝ հլու և հպատակ ամեն կարգի ու կանոնի, իր գործերով ու խոսքով բոլորի առաջ գծեց ու հարթեց սրբության ճանապարհը: Հմուտ դաստիարակ լինելու առաջին ապացույցը Կարմիր վանքում տվեց, աչալուրջ և արթուն գտնվելով իր պաշտոնի մեջ, ամեն ինչում ժիր, և ըստ անհրաժեշտության՝ աշակերտների հետ հայրաբար խիստ կամ եղբայրաբար քաղցր: Նրանց հոգին առաքինության մեջ կրթելու հետ մեկտեղ, ազնվացնում էր նաև նրանց սիրտը, իսկ միտքը զարգացնում էր գիտությամբ. նա բոլորի համար դաստիարակ և ուսուցիչ եղավ, որի առաջնորդության ներքո մտավոր և բարոյական վերածննդի շարժում սկսվեց վանքում: Վանքի աբեղաներին և իր Հովհաննես աշակերտին կանոնավոր կերպով դասախոսում էր աստվածաբանության ուսումը, Մեծն Ալբերտի գրքերը գործածելով: Նմանապես նաև Աստվածաշնչի և մանավանդ Նոր Կտակարանի գրքերն էր մեկնաբանում, նրանցում պարունակված զանազան իմաստները բացատրելով: Աշակերտների առաջ հստակ կերպով պարզում էր վարդապետական այն բոլոր կետերը, որոնց մեջ մեր Ազգը տարբերվում է արևմտյան քրիստոնյաներից:

Ամբողջ այդ զբաղվածությամբ հանդերձ, Մխիթարը ժամանակ էր գտնում իր անձնական ուսումներով ևս պարապելու համար, միշտ դժգոհ իր անձից, անդադար հետամուտ՝ հարստացնելու և զարգացնելու իր միտքը: Դա նրա նկարագրի իսկական գծերից մեկն էր, որով կարողացավ խորապես հմտանալ ո՛չ միայն աստվածաբանական, այլ նաև արտաքին գիտությունների մեջ, որոնք հետո տեսանելի եղան իր դասախոսությունների ժամանակ և իր շարադրած գրքերի մեջ:

Մի անգամ, երբ բոլոր միաբանների առջև, ըստ իր սովորության, խոսում էր կրոնական հարցերի մասին, խոսակցությանը ներկա գտնվեց նաև Գրիգոր անունով մի եպիսկոպոս, որնայդ օրերին հյուրընկալվել էր վանքում: Հակառակասեր մարդ լինելով, իսկույն սկսեց հակաճառել և ընդդիմանալ Մխիթարի խոսքերին, այնպես, որ երկուսի միջև կրակոտ վիճաբանություն սկսվեց: Մխիթարը, սակայն, վարժ էր այդպիսի հակաճառությունների, զինված՝ զորավոր փաստերով և Աստվածաշնչի ու Սուրբ Հայրերի վկայություններով: Լռեցրեց Մխիթարը եպիսկոպոսին, որն ուրիշ պատասխան չգտնելով, լուտանքներ սկսեց թափել իր բերանից և նույնիսկ անցավ բռունցքի հարվածների: Մխիթարն ի բնե ազնվասիրտ և վեհանձն լինելով, թեև զգաց իր անձի հանդեպ եղած անարգանքը, բայց իր տարած հաղթանակից գոհ, թշնամանքին միայն լռությամբ պատասխանեց: Այդ լռությունն էր, որ ո՛չ միայն փափկացրեց եպիսկոպոսի սիրտը, այլև ամաչեցրեց նրան. որն հետո իր արածից զղջացած, երբ անցավ Եվրոպա, Մխիթար Աբբահոր և Միաբանության սերտ բարեկամներից մեկը դարձավ: Ի նշան իր սիրո և հարգանքի, Միաբանությանը նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով Տրդատ թագավորի մկրտությունը պատկերող մեծադիր մի նկար, որն մինչև այժմ պահվում է Սուրբ Ղազարի վանքում, եկեղեցու Ավագ Խորանի ձախակողմյան պատին, Մխիթարի դամբանի անմիջական հարևանությամբ:

[1] Այդ վանքը, որ գտնվում էր Հինձք գյուղի մոտ և Կարինից հեռու էր մոտ երեք ժամվա ճանապարհ, կոչվում էր նաև Կարմիր վանք, քանի որ Սուրբ Աստվածածնին նվիրված իր գմբեթավոր եկեղեցին կարմրագույն քարերով էր կառուցված: Այդ եկեղեցու նախկին շինությունը պատմիչների կողմից վերագրվում է Սուրբ Ներսես Պարթև Հայրապետին, որն ըստ ավանդության, երբ Կաթողիկոս ձեռնադրված՝ Կեսարիայից վերադառնում էր իր աթոռանիստը, այդ վայրում իրեն երևաց Սուրբ Աստվածածինը կարմրագույն զգեստներով, և այդ հայտնությանն ի հիշատակ էր եկեղեցին կարմիր քարերով կառուցվել:
[2] Մուտուրկու կամ Մուտուրկա գյուղի վանքը կոչվում էր Սուրբ Լուսավորչի վանք, բարձր դիրքով և բարձր պարիսպներով շրջապատված: Եկեղեցու ավանդատան մեջ մարդաչափ խորությամբ մի գուբ կար, որն ուխտատեղի էր հայ ժողովրդի համար, քանի որ ավանդության համաձայն, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորչին տանում էին Արտաշատի դղյակ, ճանապարհին նա մի գիշեր անցկացրել է այդտեղ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։