Հաստատված լինելով Մոռեա գնալու մտադրությունը, երկրի մասին տեղեկություն ստանալու նպատակով Մխիթարն այնտեղ է ուղարկում Հայր Գեորգին – Գրադարան – Mashtoz.org

Հաստատված լինելով Մոռեա գնալու մտադրությունը, երկրի մասին տեղեկություն ստանալու նպատակով Մխիթարն այնտեղ է ուղարկում Հայր Գեորգին

Աշակերտների մտքից ամեն կասկած ցրելու համար, Մխիթարը Հայր Գեորգին ուղարկեց Մոռեա, որպեսզի քններ երկրի վիճակը, օդն ու ջուրը, և իրեն տեղեկություն տար այդ ամենի մասին. և միաժամանակ, երբ հարկ լիներ, այնտեղ իրենց բնակության համար հարմար մի տեղ գտներ: Հաջող նավարկությամբ նա հասավ երկրի իշխանանիստ, ամուր և վաճառաշահ Նեապոլիս քաղաքը, ուր մնաց երեք ամիս և տեսավ, որ արգավանդ երկիր է, ամեն տեսակ բերքով ու բարիքով լի, և ամեն ինչ էժան է, միայն օդն ու ջուրն այնքան էլ առողջարար չէին: Այդ բոլոր տեղեկությունները գրեց Մխիթար վարդապետին: Այդ լուրը մասամբ տխրեցրեց միաբաններին, որոնք քանի որ որոշել էին խիստ ճգնությամբ ապրել, – այն է՝ սովորական օրերին միայն բանջար և ընդեղեն ուտել և պարզ ջուր խմել, և միայն Կիրակի ու տոն օրերին միս ուտել ու գինի խմել, այն էլ՝ եթե իրենց դրամական վիճակը թույլ տար, – մտածում էին, որ անառողջ ջրի պատճառով չէին կարողանալու խիստ ճգնակեցության իրենց այդ որոշումն ամբողջովին իրականացնել, իսկ դա իրենց մեծ մտատանջություն էր պատճառում: Սակայն Մխիթարն իր համոզման մեջ անդրդվելի մնաց. քաջալերեց, զվարթացրեց բոլորին, իսկ Հայր Գեորգին գրեց, որ այնտեղ մնա և իրենց սպասի:

Հալածանքների խստությունը մի փոքր մեղմացել էր, շնորհիվ այդ ժամանակվա ֆրանսիացի դեսպանի, որի անունն էր Ֆերիոլ, տաքգլուխ, հանդուգն, ձեռներեց մեկը[1]: Մխիթարը հարկավոր էր համարում շտապել, առիթը չկորցնելու համար: Որպեսզի կասկած չհարուցեին, իրենից առաջ մաս մաս ուղարկեց աշակերտներին, որոնց մեջ էր նաև իր վաղեմի ծանոթ Հովնան եպիսկոպոսը, որ Եվդոկիայից նոր էր հասել Պոլիս և Մխիթարից խնդրել էր իրենց հետ ապրել, ո՛չ իբրև Միաբանության անդամ, այլ՝ իբրև հյուր և ձեռնադրիչ եպիսկոպոս: Նա իր հետ բերել էր Հովհաննես անունով մի սարկավագի, որ փափաքում էր Միաբանության անդամ լինել. քանի որ արդեն գրեթե քառասուն տարեկան էր, ընդունվեց որպես վանական եղբայր և սեղանադրի պաշտոնն էր վարում: Մխիթարը հմուտ զորավարի նման աշակերտների կյանքն ապահովելուց հետո, մոտը պահելով նրանցից միայն մի քանիսին, ինքը մնաց վտանգների ու կրակի մեջ: Իսկ երբ ամեն բան պատրաստ՝ ճանապարհ ընկնելու վրա էր, հանկարծ առաջ եկան այնպիսի արգելքներ ու անհաջողություններ, որ ո՛չ միայն ուշացրեցին իր մեկնումը, այլև սպառնում էին գրեթե հիմնովին տապալել իր ամբողջ գործը, եթե վերին ամենակարող Աջը չհարթեր բոլոր խոչընդոտները և չփշրեր հակառակորդների լարած թակարդները:

[1] Լյուդովիկոս Տասնչորսերորդին ուղղված 1701 թվականի Սեպտեմբերի 3ի իր նամակում նա հետևյալ տեղեկություններն է տալիս այդ ժամանակվա իրադարձությունների մասին. «Այս հալածանքը թուրք դենպետի գործն է, որը երդվյալ թշնամի է Ֆռանկներին, իսկ թագավորի մտքի վրա ունեցած իր ազդեցությունն ամենակարող է: [...] Ես հալածված Հայերին մատուցեցի այն բոլոր ծառայությունները, որ կարող էի. նրանց գլխավորներին ապաստանի տեղ տվեցի, և կարող եմ ասել, որ Կոստանդնուպոլսո քաղաքապետն իմ միջամտությունից հետո շա՜տ մեղմեց իր հրամանները»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։