Հավելված Դ. – Մի քանի անվանի մարդկանց վկայություններ Մխիթարյան Միաբանության կողմից կատարված հայանպաստ գործունեության մասին – Գրադարան – Mashtoz.org

Հավելված Դ. – Մի քանի անվանի մարդկանց վկայություններ Մխիթարյան Միաբանության կողմից կատարված հայանպաստ գործունեության մասին

Մի քանի անվանի մարդկանց վկայություններ Մխիթարյան Միաբանության կողմից կատարված հայանպաստ գործունեության մասին:
 
***
 
Օտար ջրերում հայացյալ Կղզի,
Հայոց հին լույսն է քեզնով նորանում.
Գիտեմ, տքնում ես, այն էլ դարեցդար,
Հայրենիքից դուրս, հայրենյաց համար:
 
Հովհաննես Շիրազ
 
***
 
Ո՛չ մէկ հայկական հաստատութիւն ա՛յնքան ինքնատիպ, ա՛յնքան խորունկ ու տեւական ազդեցութիւն ունեցած չէ Հայոց վրայ արեւմտեան ոգիին, ճաշակին եւ ազնիւ բարքերուն մեր մէջ տարածման տեսակէտով, որքան Մխիթարի տունը:
 
Արշակ Չօպանեան
 
***
 
Եթե Մխիթար Սեբաստացին ուրիշ ոչինչ արած չլիներ, ապա հոյակապ, անօրինակ և անծերանալի Հայկազեան Բառարանը՝ 18րդ դարի հայ գրական կյանքի առաջին ամենամեծ կոթողը բավական էր, որպեսզի անմահանար Մխիթար Սեբաստացու անունը:
 
Պրոֆ. Շուշանիկ Նազարյան
 
***
 
Մխիթար Աբբան – Հիմնադիրը Մխիթարյան Հաստատության – ամբողջ մի դարագլուխ է կազմում մեր մտավոր զարգացման պատմության մեջ և որը տարբերում է իրանից առաջ եղած բոլոր հայ մարդկանցից:
 
Լէօ
 
***
 
Մխիթարեանները իրենց գործը կատարած են ո՛չ միայն իրենց հրատարակած գիրքերով, այլ – աւելի ընդարձակ ու կենսունակ ձեւի մը մէջ – իրենց հասցուցած աշակերտներով: Պէտք չունիմ հոս մանրամասնօրէն բացատրելու դերը, զոր կատարած են արդի Հայութեան կազմակերպումին մէջ Պէշիկթաշլեան, Հէքիմեան, Թէրզեան, Ծերենց, Մամուրեան, եւ այլն: Անոնք հիմնած են հայ թատրոնը, անոնք գրած են ամէնէն յղկուած ու նրբացած, ամէնէն արւեստագէտ ձեւով բանաստեղծութիւնները, զոր հայերէն լեզուն ունեցած ըլլար մինչեւ իրենց օրը, զարգացուցած են վէպն ու լրագրական քրոնիկը, ռոմանթիք գրականութիւնը հասցուցած են Հայոց՝ գեղեցիկ թարգմանութիւններով: Մխիթարեան աշակերտներու դերը անհուն է թրքահայ հասարակութեան բարքերու եւրոպացման մէջ: [...] Արուեստագէտ եւ եւրոպացի. ահա՛ ինչ որ եղած են Մխիթարեանները եւ իրենց աշակերտները:
 
Արշակ Չօպանեան
 
***
 
Մինչեւ այսօր՝ Վենետիկ (Մխիթարեաններու կեդրոնը) կը մնայ Հայ մտքի կարեւորագոյն կեդրոններէն մէկը, եւ Մխիթարեան Հայրերու հոյլը կը շարունակէ հայ իմացական կեանքի բոլոր ճակատներուն (բանասիրական, կրթական, մշակութային, եւ այլն) բերել իր ամբողջական մասնակցութիւնը: Վանք մըն է Սբ. Ղազարը ու մենք այդ Միաբանութեան անդամներուն կողմէ՝ մեր գրականութեան ընծայուած ամէն ճիգ ու նպաստ կþողջունենք հպարտութեամբ:
 
Մինաս Թէօլէօլեան
 
***
 
Հայտնի է, թե ի՛նչ ահագին դեր է կատարել Մխիթարյան Միաբանությունը հայ ազգին մեջ: Վստահ կարելի է ասել, որ մի ամբողջ դար, մինչեւ ԺԹ. դարու կեսը, դա միակ հիմնարկությունն էր, որ լույս և գիտություն էր մատակարարում հայերին: Մի անօրինակ բեղմնավոր գրական գործունեությամբ՝ Սբ. Ղազարի վանքը դարձավ մի երևույթ, որի նմանը չէ տեսել մեր ամբողջ պատմությունը:
 
Լէօ
 
***
 
Եթէ Հայ Եկեղեցին հայութեան համար եղաւ պատնէշ մը, որու ետին դարեր շարունակ հայերը կրցան պատսպարուիլ եւ սպասել ազգային զգացումի վերազարթնումին, պէտք է խոստովանիլ, որ այս զարթօնքը կարելի պիտի չըլլար գուցէ, առանց Մխիթարեան Հաստատութեան սքանչելի գործին, ստեղծուած Հայորդիի մը (Մխիթարի) կողմէ, որուն նմանները ամէնէն աւելի ուժեղ կերպով իրենց անձնական կնիքը դրոշմեցին Հայ ժողովուրդի ճակատագրին վրայ:
 
Պրոֆ. Յ. Փաստրմաճյան
 
***
 
Մխիթարեանները, տոգորուած դասական ոգիով, յունական եւ լատինական մշակոյթով, ճառագայթեցին հայ կեանքի բոլոր մարզերուն մէջ եւ կարգաւորում մտցուցին հոն: Մինչ Վենետիկի Մխիթարեանները նուիրուեցան առաւելաբար գրական աշխատանքներու, Վիեննացիները, ազդուած գերմանական գիտական ոգիէն, հետամուտ եղան պատմագիտական, լեզւաբանական եւ հնագիտական ուսումնասիրութեանց, իրենց աշխատանքին մէջ դնելով ա՛յն խղճմտութիւնն ու ճշգրտութիւնը, որոնք յատկանիշը կը կազմեն արեւմտեան (եւրոպական) գիտութեան:
 
Արշակ Չօպանեան
 
***
 
Զգուշորեն քայլիր Մխիթարյան Հայրերի նվիրական կղզում. քայլերիցդ յուրաքանչյուրը կարող է մի հանճարի աճյունին դպչել. և իմ փոխարեն, աղաչում եմ քեզ, Ալիշանի գերեզմանը համբուրիր, և վստահ եղիր, որ շուրթերդ զգալու են այն նույն ջերմությունը, որն իմ սիրտն է զգում, երբ հպվում եմ այդ սուրբ քարին:
 
Դանիէլ Վարուժան[1]
 
***
 
Իր ժամանակների այս մեծ մարդը, որ մեծ է նաև իր ժամանակներից դուրս, իր համակողմանի գործի ընդարձակությամբ շփոթեցնում է ինձ: Օ՜հ, ի՜նչ մտքի տեր է եղել: Աստվա՜ծ իմ, մտքի ինչպիսի՜ խորության տեր է այս Սեբաստացի Հայը: Մի մարդ, որ համալսարանական ոչ մի կրթություն չէր ստացել և իր կյանքի ընթացքում գոնե մի հանգիստ պահ չէր ունեցել ուսանելու համար: Ընդհակառակն, հալածվել է, թափառել է խավարով շրջապատված, բայց այդուհանդերձ՝ նրան միշտ ընկերակցել է մի վսեմ ներշնչանք: Մեծերի մեջ մեծ, տաղանդով ու ձիրքերով լի այս Հայը ուսուցանեց այնքան, որ բավական եղավ մի համալսարան հիմնելու համար: Իր գլխավոր նախաձեռնություններից մեկում՝ Հայկազյան Բառարանում, նա իր սիրտը հեղեց հորդառատ գետի նման: Այդ հրաշալի մտածումներում նա ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր փրկել Հայոց լեզուն: [...] Եթե Աստված մեզ պարգևած չլիներ այս բառարանը, սակավ ժամանակում մեր լեզուն լիովին կկորցներ իր արժանապատվությունը և կկործանվեր ամբողջովին:
 
Շավարշ Նարդունի[2]
 
***
 
Մենք եկանք հասանք մի իսկապես մեծ մարդու, որ մի ամբողջ դարագլուխ է կազմում: [...] Մխիթարի դերը Հայոց պատմության մեջ անհունապես մեծ է: [...] Վստահ կարելի է ասել, որ մի ամբողջ դար, որ գիտություն և լույս էր մատակարարում, մեր մտավոր զարգացման պատմության մեջ՝ կարելի էր և պե՛տք է անվանել ՄԽԻԹԱՐՅԱՆ ԴԱՐ: Այդ մեծ դպրոցի հիմքը դրվեց Մխիթարի ձեռքով և նրա ծրագրով, նրա ավանդներով է գործում մինչև այսօր:
 
Լէօ
[1] Վարուժանի այս տողերը թարգմանել ենք իտալերենից:
[2] Նարդունու այս տողերը թարգմանել ենք իտալերենից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։