Հետզհետե աճում է աշակերտների թիվը, որոնցից ոմանց քահանա ձեռնադրել տալով՝ առաքելության է ուղարկում գավառները – Գրադարան – Mashtoz.org

Հետզհետե աճում է աշակերտների թիվը, որոնցից ոմանց քահանա ձեռնադրել տալով՝ առաքելության է ուղարկում գավառները

Մխիթարի շուրջը սկսեցին հավաքվել այնպիսի անձինք, որոնք ո՛չ միայն ծարավի էին կրոնական ուսման և գիտության, այլև կարիքն էին զգում առաքինության, որի գերազանց ուսուցիչն էին գտնում հանձինս Մխիթարի: Կարծես ներքին մի ձայնից մղված և առաջնորդ մի աստղի հետևելով, այլևայլ կողմերից Մխիթարին աշակերտելու համար Պոլիս էին գալիս զանազան անձինք. Սարգիս անունով Այնթապցի մի դպիր, որը դեռ Եվդոկիայից ծանոթ էր իրեն. Երուսաղեմի Մինաս Պատրիարքի աշակերտը եղած Եղիա վարդապետ Կոստանդնուպոլսեցին, որն առաջին անգամ Մխիթարին տեսել էր Եվդոկիայում և լսել էր նրա քարոզները. Ղազարոս Ակնեցին, ամուսնացած, բարեպաշտ և բանիմաց մի անձ, որն իր կնոջ մահից հետո որոշել էր թողնել աշխարհը և կրոնավոր դառնալ. Սեբաստացի Հովհաննես անունով մի զգոն պատանի. Ազարիա անունով Բերացի մի դպիր, որն ուժգին ազդվել էր Մխիթարի քարոզներից և առաքինի վարքի օրինակից: Եվ այդպես, մի քանի ամսվա ընթացքում, աշակերտների թիվը հասավ իննի, որոնք ցերեկները հավաքվում էին Մխիթարի մոտ, լսելու նրա խրատները և ստանալու անհրաժեշտ հրահանգներ, իսկ գիշերները գնում էին իրենց կամ ծանոթ բարեպաշտների տները: Մխիթարը նրանց հայտնեց կրոնավորական ընկերություն հաստատելու իր մտադրությունը, բայց խստիվ պատվիրեց ծածուկ պահել այդ միտքը, մինչև որ այն ամբողջովին կիրագործվեր, որպեսզի նոր խոչընդոտներ չպատահեին իրենց ճանապարհին: Աշակերտներից երկուսին, Սարգիս Այնթապցուն և Հովհան Բերացուն, ըստ ամենայնի արժանավոր համարելով, Թեոդոսիացի Հովհաննես եպիսկոպոսի ձեռքով քահանա ձեռնադրել տվեց: Առաջինը կոչվեց Հայր Գեորգ, իսկ երկրորդը՝ Հայր Մանուել: Այդպիսով, Մխիթարն ունեցավ չորս քահանա աշակերտ, որոնցից երեքը նաև վարդապետական գավազան ստացած լինելով, նրանց ուղարկեց գավառներում քարոզելու, մայրաքաղաքի աղմուկներից ու վտանգներից հեռու, և հոգիների փրկության համար աշխատելու: Այդ անխոնջ ու անձնվեր քարոզիչները, որոնք Մխիթարյան առաքելության ռահվիրաները եղան, ամեն կողմ ծավալեցին կրոնի լույսը, սփռեցին կյանք, երջանկություն և խաղաղություն, ամեն տեղ գտան սիրալիր ընդունելություն, և հաջողությամբ կատարեցին իրենց առաքելանվեր գործը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։