Հոգևոր և ուսումնական կրթությունները – Գրադարան – Mashtoz.org

Հոգևոր և ուսումնական կրթությունները

Աբբահայրն անձամբ էր դասախոսում բարձրագույն ուսումները. հռետորություն, քերթողություն, իմաստասիրություն, աստվածաբանություն և նման ա՛յլ առարկաներ: Այնքան եռանդուն և փութաջան էր դասախոսությունների հարցում, որ թողնում էր նյութական բոլոր զբաղումները, երբեմն զանց էր առնում վանական ա՛յլ կարևոր գործերը, վազում էր դասարան և ժամերով խոսում էր առանց հոգնելու: Մի անգամ, պատմվում է, որ դասախոսել է չորս ժամ անընդհատ: Դասախոսության այնպիսի գրավիչ և հստակ ոճ ուներ, որ աշակերտների ամբողջ ուշադրությունն իր վրա էր բևեռվում: Մի ուրիշ անգամ, մի օտարական հյուր էր եկել և նրան լսելու համար Աբբահորը դուրս կանչեցին դասարանից. հյուրին ընդունելուհամար նա թողեց դասախոսությունը, բայց մի ժամ անց, երբ հյուրը մեկնեց, գնաց դասախոսությունը շարունակեց, սկսելով ճիշտ այն բառերից, որոնց վրա ընդհատել էր:

Երբ աշակերտներն ավարտում էին առարկաներից որևէ մեկը, այդ առարկայի շուրջ հանդիսավոր վիճաբանություն կամ ատենախոսություն էր կազմակերպում, ապա նոր միայն՝ անցնում բարձրագույն դասին: Գրական մի մեծ շարժում կար ուսանողների մեջ, նրանց հոգում մի բուռն աշխուժություն էր վառվել՝ հմտանալու սրբազան և արտաքին գիտությունների մեջ, հաճախակի տեղի էին ունենում ուսումնական ճառախոսություններ: Այդ տարապայման ուսումնասիրությունն Աբբահորը կասկածել տվեց, որ չլինի թե հոգևորի եռանդը մարի աշակերտների սրտում: Մի օր ուսանողներին ժողովեց դասարանում և աթոռին նստած՝ նրանց ձախ կողմում, այսինքն՝ սրտի կողմում, ցույց տվեց Աստվածաշունչն ու Թովմա Գեմբացու «Նմանություն Հիսուս Քրիստոսի» գիրքը, իսկ աջ կողմում՝ աստվածաբանության և փիլիսոփայության գրքերը: Այդ այլաբանական դասավորությունը մատնանշելով, հանդիմանեց նրանց չափազանց միտումը դեպի գիտությունները, դրանից առաջացող հոգևոր հնարավոր նվաղման դեմ զգուշացնելով: «Եկեղեցականի առաջին ուսումը աստվածապաշտությունն է», ասաց, «քանի որ հենց դրա համար է կանչված: Մյուս գիտությունները պարզապես պետք է ծառայեն հասկանալու այդ գերագույն իմացվածները»: Ապա գրքերի տեղը փոխելով՝ առաջ տարավ դասախոսությունն իր սովորական փութով:

Մի անգամ էլ բարձրագույն դասի աշակերտները, ավարտած լինելով տիեզերագիտության ուսումը, ուզեցին մեքենայով պատկերել արևային համակարգը: Շինեցին մանեկավոր մի գունդ, որ ներկայացնում էր երկինքը, և նրա վրա՝ գեղեցիկ հղկված ու զուգաչափ համեմատությամբ զետեղված՝ տոսախ փայտից տասը բոլորակ կամ մանյակ, որ էին Հասարակածը, Զոդիակը, իսկ նրա վրա՝ տասներկու Կենդանակերպերը, Միջօրյա շրջանակը, Ծիրն արևադարձի և Ծիրը գիշերահավասարի, Հորիզոնը, Խեցգետնի Արևադարձը և Այծեղջյուրի Արևադարձը, Արջային և Հակարջային շրջանակները, ապա նաև՝ երկրագունդը, նրա շուրջը՝ երկու ինքնաշարժ կամար՝ արևի և լուսնի, անվավոր ժամացույցի կազմությամբ: Երբ ավարտվեց այդ ճարտարարվեստ մեքենան, Աբբահորը Վարժարան հրավիրեցին և մեքենայի հորինվածքն ու աշխատանքը ցուցադրեցին: Նա խնամքով զննեց մեքենան, հավանեց, գովեց շինողների ճարտարությունը[1] և իր սենյակ վերադարձավ: Քիչ անց, Վերակացուի միջոցով հայտնեց, որ եթե ուզում են իրեն շա՜տ հաճելի բան անել, թող կոտրեն մեքենան և կրակը գցեն: Իհարկե մեծ ցավ զգացին երիտասարդները. շատ ամիսների աշխատանքը մի վայրկյանում ոչնչանալու էր: Բայց Աբբահոր փափաքն անհապաղ և առանց երկմտելու կատարեցին: Մխիթարն իմանալով, իսկույն Վարժարան գնաց, հայտնեց իր գոհությունը և գովեց նրանց պատրաստակամ հնազանդությունը:

Մխիթարը չէր արհամարհում արվեստներն ու գիտությունները. ընդհակառակն, նա հարգում էր այն ամենը, որ ծառայում է միտքը զարգացնելուն և սիրտը կրթելուն: Մինչև օրս էլ վանքի դիվանում պահվում են իր հեղինակած դասատետրերը, որոնցով ուսուցանում էր բնական գիտությունները: Ինքն էր, օրինակ, որ Հայր Իգնատիոս և Հայր Զաքարիա երիտասարդ վարդապետներին թույլատրեց մի ճարտար փորագրողից ուսանել պղնձի վրա քանդակելու արվեստը, և հետո այդ երկուսը փորագրեցին Մխիթարի հրատարակած Աստվածաշնչի ծաղկագրերը և ուրիշ այլևայլ քանդակապատկերներ: Պարզապես հարկավոր է ընդգծել, որ նա չէր ընդունում, եթե ապագա եկեղեցականն այդ արվեստներն ու գիտությունները կամենում էր սովորել սոսկ ինքնանպատակ կերպով, մինչդեռ նա իրեններին վարժեցնում էր այդպիսի մեծ զոհողություններ անելու, արվեստներ և գիտություններ սովորելու, որպեսզի այդ ամենը կարողանային գործի դնել ի նպաստ իրենց հոգևոր առաքելության, հոգիների բարիքի մասին միայն մտածելով և կրոնի վայելուչ ընկալումը որպես նպատակ ունենալով:

[1] Մեքենայի գլխավոր հեղինակը Հայր Ղուկաս Ստեփանյանն էր, ծնունդով Սեբաստացի, որն ի ծնե ճարտար ու հանճարեղ անձ էր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։