Ճամփորդության նախապատրաստությունները – Գրադարան – Mashtoz.org

Ճամփորդության նախապատրաստությունները

Երկրի ընդհանուր կառավարիչ իշխանը հրամայել էր, որ բնակիչներն ազատ էին գաղթելու ո՛ւր ուզում էին, մանավանդ ովքեր պատերազմի ժամանակ ո՛չ միայն չէին կարողանալու որևէ օգուտ տալ, այլ նաև ծանրություն էին լինելու և պարենի պակասության պատճառ: Այդ հրամանը, սակայն, կրոնավորներին ու քահանաներին չէր վերաբերվում, որոնք պետք է մնային տեղում, որպեսզի իրենց աղոթքներով ու Պատարագներով զորացնեին զինվորների բազուկները և իրենց անձնվեր օրինակով ու խոսքով հույս և քաջություն ներշնչեին վհատվողներին: Աբբահայրը, սակայն, որ ամեն ինչում խոհական էր ու աչալուրջ, այդ դժվարության առաջ կանգ չառավ: Մտածելով, որ իր Միաբանությունը տակավին սակավաթիվ էր և միայն մի վանք ուներ, և եթե հանկարծ պատերազմը ձախող ելք ունենար, ինչին ինքը արդեն համոզված էր, հիմնովին կկործանվեր. հետևաբար, քանի դեռ չէր հասել համաջինջ ավերածը, շտապեց ապահովել իրենների կյանքը, եթե ո՛չ բոլորի, գոնե մեծամասնությանը, և հետո նոր այնտեղ մնացողների համար էլ մի հնարք կճարեր: Ուստի իր աշակերտներից ամենակարող և իր աջակից Հայր Հովհաննես վարդապետին Նեապոլիս ուղարկեց, որպեսզի գնար և իշխանից հրամանագիր ստանար, որով արտոնվեր Աբբահորը տասնմեկ հոգու հետ թողնել Մեթոնը և Վենետիկ տեղափոխվել: Այդ առիթով նրան հանձնեց իր ինը աշակերտներին, որոնք ուսումնական ընթացքը ավարտած լինելով՝ արդեն հասել էին քահանա ձեռնադրվելու համար պահանջվող տարիքին. պատվիրեց տանել նրանց Կորնթոսի արքեպիսկոպոսին, որպեսզի նրա ձեռնադրությամբ ստանային սուրբ աստիճանները: 1714 թվականի Դեկտեմբերին հասան նրանք Նեապոլիս, ուր ինը դպիրները, հարկավոր պատրաստություններից հետո, արքեպիսկոպոսի ձեռամբ ընդունեցին քահանայական սուրբ օծումը: Իշխանն էլ առանց որևէ դժվարության տվեց իրենից խնդրված հրամանագիրը, ուստի հաջորդ տարվա սկզբին փութացին վերադառնալ Մեթոն, բոլոր միաբանների ոգևորված և ցնծալի աղաղակների ընկերակցությամբ կատարելով իրենց մուտքը: Բայց որքա՜ն վաղանցուկ էր այդ ուրախությունը. քիչ օրեր անց թողնելու էին այն մենաստանը, որն իրենց հայրենի հարկի չափ սիրելի էր եղել և որի ամեն մի անկյունը Միաբանության մանկության տարիների գորովալի հիշատակներն էր պահում իր մեջ: Եվ որ ամենացավալին էր, հազիվ էին սկսել վայելել միաբանական կյանքի քաղցրությունները, ստիպվելու էին բաժանվել միմյանցից, մթին ու անծանոթ ապագայի ձեռքը հանձնելով իրենց:

Թեև վտանգը տակավին դեռ չէր մոտեցել, որովհետև Նեապոլիս քաղաքը, որ Վենետիկի տերության նախամարտիկ դուռն էր, ամուր բերդերով և մարտկոցներով պատսպարված, գրեթե անառիկ էր. ինչպես նաև Մեթոնը, ցամաքի կողմից հաստ և ամուր պարիսպներով ու ժայռերով շրջապատված և խորափոս խրամներով պաշտպանված էր, որի համար էլ դղյակ կամ բերդաքաղաք էր կոչվում: Սակայն հետզհետե ուժգնանում էր պատերազմի շշուկը և ամենքի սիրտը տրոփում էր ահուդողով, այնքա՜ն որ խեղճ բնակիչների վրա սարսափ էին ազդում օսմանցիների զենքերը: Հարկավոր էր, որ Մխիթարն ու իրեններն էլ մտածեին արդեն մեկնելու մասին և գնային այնտեղ, ուր իրենց առաջնորդում էր նախախնամական Աջը, որն երբեք չէր թողնելու իրենց: Ուստի իր շուրջը հավաքեց այդ ժամանակ Մեթոնի վանքում գտնվող անձանց[1] և խոր լռության մեջ հայտնեց մոտալուտ սարսափելի վտանգը, որից շուտով հարկավոր էր խույս տալ: Հայտնեց նաև երկրի խիստ ու անողոք օրենքը, որն իրենց թույլ չէր տալիս, որ բոլորը միասին հեռանային այդ հողից, որը կարծես դեռ անհագ էր իրենց այդքան թափած քրտինքից ու արտասուքից և ուզում էր, որ հայ պանդուխտի արյունն էլ թափվեր այնտեղ, Հայության հիշատակը նվիրագործելու և հավերժացնելու համար: Հարկ էր, հետևաբար, որ իրենցից ոմանք դեռևս մնային այնտեղ, թշնամու սրից ու հրից պաշտպանելու իրենց մենաստանն ու եկեղեցին, իրենց կյանքը զոհելով Միաբանության համար, եթե Երկինքը այդպես կամենար, և պիտի լինեին հնազանդության ու եղբայրասիրության մարտիրոսներ: Չգիտեմ, եղա՞վ արդյոք ունկնդիրներից մեկը, որի սիրտը չբոցավառվեց այդ գորովալի հոր խոսքերից, չվառվեց, ի նկատի ունեմ, մարտիրոսության եռանդով, բոլորանվեր ողջակիզելու իր անձը եղբայրների և Միաբանության սիրո համար. ամեն ոք պիտի փափաքեր ինքը մնալ այնտեղ: Վերջում, Աբբահայրը միաձայն հավանությամբ որոշեց Մեթոնում թողնել Ակնեցի Հայր Ղազար վարդապետին, որն իր պաշտոնի պատճառով Հայր Գործակալ էր կոչվում, անձնվեր, աչալուրջ և բանիբուն մի անձ, որին իրեն փոխանորդ կարգեց, ժամանակավոր Փոխաբբա տիտղոսը տալով նրան, և նրան ընկեր թողեց Հայր Մանուել, Հայր Թովմաս և Հայր Հակոբ վարդապետներին և երեք վանական եղբայրներին:

Այդպես, անհրաժեշտ որոշումներ կայացնելուց հետո, սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել: Փետրվարի 20ին Մեթոնի նավահանգիստ մտան երկու առևտրական նավեր, որոնք Արևելքից գալով՝ գնալու էին Վենետիկ: Աբբահայրն աճապարեց չկորցնել այդ հարմար առիթը, գնաց դրանցից մեկի նավապետի հետ խոսելու և պայմանավորվելու, որ քսանչորս վենետիկյան ոսկի վճարով՝ իր հետ Վենետիկ տանի տասներկու հոգի, պայմանով, որ յուրաքանչյուր անձ կարողանա իր հետ մեկական սնդուկ և անկողին վերցնել: Նավապետը համաձայնվեց պայմաններին և առաջարկված վճարին, ուստի Աբբահայրը վանք վերադարձավ և հրամայեց բերել հավաքել այն ամենը, որ իրենց հետ տանելու էին, ամենակարևոր իրերը, ինչպիսիք էին զգեստները, գրքերն ու ձեռագրերը. եկեղեցական զգեստներից ու սպասներից՝ երկու գեղեցիկ շուրջառ, երկու սկիհ, Սրբության մեծ արծաթյա ճաճանչ, արծաթյա չորս փոքր կանթեղներ, և այլն. իսկ տան կահկարասիներից հազիվ մի քանի կտոր բան վերցրեցին, որոնց ուղղակի անհրաժեշտ կարիքը կարող էին զգալ ճանապարհին: Իսկ ճանապարհի պարեն, որքան որ կարողացան, առատորեն վերցրեցին, ինչպես նաև նավապետն էր խորհուրդ տվել, որպեսզի եթե հանկարծ փոթորիկների պատճառով նավարկությունը երկարեր, կերակուրի պակասությունից չնեղվեին. ուստի վերցրեցին մոտ երկու ամսվա համար բավական պաքսիմատ, ալյուր, գինի, ձեթ և ուրիշ հարկավոր նյութեր: Իսկ օտարության մեջ պանդուխտին ամենաանհրաժեշտ բանը, որ դրամն է, Մխիթարն իր հետ միայն այնքան վերցրեց, որքան որ կարողացավ գտնել իր աղքատիկ քսակի մեջ, այն է՝ 250 դահեկան, որը տասներկու անձանց կարիքների համար հազիվ մի քանի օր կարող էր բավել օտարության մեջ, մանավանդ որ Վենետիկ էին գնում, ուր ապրուստը և բնակարանների վարձը բավականին թանկ էր. և այդ 250 դահեկանով Մխիթարը հոգալու էր իրենց բոլոր կարիքները, բնակարան, զգեստ, կերակուր, կահկարասի, և այլն. գրեթե հրաշք գործելու պես մի բան էր: Մխիթարն այդ հրաշքը գործեց իր մեծ հավատքով, որը մեծամեծ վտանգների ու դժվարությունների մեջ անհամեմատ կերպով մեծանում էր: Նա հեռատես և կանխատես էր, ուր որ մարդկային միջոցներն ի զորու էին. իսկ ինչը որ իր ուժերից վեր էր, որդիական վստահությամբ թողնումէր վերին ամենախնամ Աջի հայեցողությանը, ինչպես Ավետարանն է սահմանում մարդու ապագան ու վաղվա օրը, պատվիրելով. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա համար»:

[1] Այդ ժամանակ Մեթոնի վանքում գտնվում էին հետևյալ անձինք. Հ. Եղիա Մարտիրոսյան, Հ. Հովհաննես Սիմոնյան, Հ. Ղազար Ակնեցի, Հ. Մանուել Խուպյարյան, Հ. Պետրոս Նուրումյան, Հ. Թովմաս Թեոդորոսյան, որոնք ընդունել էին վարդապետական գավազան. ապա ինը նոր ձեռնադրված աբեղաները՝ Հ. Գաբրիել Կարնեցի, Հ. Միքայել Վարդերեսյան, Հ. Հակոբ Բուգայան, Հ. Գրիգոր Քանաքեռցի, Հ. Հովսեփ Պրուսացի, Հ. Փիլիպպոս Մարտիրոսյան, Հ. Ստեփանոս Պետրոսյան, Հ. Մատթեոս Գարագաշյան և Հ. Հովհան Կոստանդնուպոլսեցի. կային նաև երեք վանական եղբայրներ՝ Եղբ. Տիրացու, Եղբ. Մարկոս և Եղբ. Մկրտիչ: Իսկ Հ. Գեորգ Այնթապցի և Հ. Պողոս Սիմոնյան վարդապետները առաքելության էին գնացել Արևելք և դեռ չէին վերադարձել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։