Մանկությունը և նախնական կրթությունը – Գրադարան – Mashtoz.org

Մանկությունը և նախնական կրթությունը

Մխիթարի առաջին կենսագիրը նրան նկարագրում է շնորհալի դեմքով, բարեկազմ մարմնով, ուժեղ, սրամիտ ու կայտառ մի մանուկ, որի շարժումների կամ խոսքերի մեջ երբեք երեխայական թեթևություն կամ որևէ հասարակ բան չէր երևում: Զգայուն սիրտ, միացած տոկուն կամքին. ազնվական բնավորություն, արտահայտված մի այնպիսի անմիջական եռանդի հետ, որը կամա թե ակամա ամենքի ուշադրությունն իր վրա էր սևեռում: Խաղալ այնքան էլ չէր սիրում, տնից հաճախ չէր բացակայում, ուստի բարեխնամ մայրը, որ նրա մանուկ հասակի առաջին դաստիարակը եղավ, երբեք աչքից բաց չէր թողնում նրան. ամեն առիթով խրատելով և ուղղելով, զգուշացնելով և վնասակար ընկերություններից ետ պահելով, կրոնական մաքուր զգացումների հետ միասին սրտի մեջ դնելով այնպիսի գորով ու ջերմություն, որոնք հետո արտահայտվելու էին Մխիթարի բոլոր գործերում: Այս կերպ նրա ծաղիկ հասակը զերծ մնաց ամեն տեսակ ապականիչ քամիներից:

Հինգ տարեկան էր, երբ մի քահանայի հանձնվեց, որ գրել-կարդալ սովորեցնի: Տղան կարճ ժամանակում սովորեց անսխալ կարդալ ու գրել: Այդ արտակարգ առաջադիմությունը և մանավանդ նրա իմաստալից հարցումները, որոնց վարժապետը երբեմն չէր կարողանում պատասխանել, շատերին էին զարմացնում: Հայ դպրության ապագա վերանորոգիչ Մխիթարն իր ճարտար մտքի առաջին նշանը ցույց տվեց՝ զանազան նյութերի խառնուրդից թանաք պատրաստելով, որով էլ գրի էր առնում իր դասերը կամ մանկական թոթովանքները: Ո՛չ ծնողները, ո՛չ էլ վարժապետը երբեք կարիքը չունեցան հորդորելու, որ խելոք մնա, սովորի կամ ժամանակը պարապ չանցկացնի: Նա իր հասակին անհամապատասխան լրջություն ուներ. սակավախոս էր, կարծես այդ տարիքից արդեն իր մեջ մտմտում ու արծարծում էր մեծ ու կարևոր գաղափարներ: Իր գործերը կատարում էր հանդարտ ու վճռական, իր խոսքը խոհական էր, իսկ կեցվածքն՝ ազդու. այնպես, որ անգամ մեծերի վրա պատկառանք էր ազդում, և ճանաչողները վկայում էին, թե Աստված նրան պատրաստում է ինչ որ մի մեծ բանի: Եկեղեցին մոտ էր իրենց տանը[1]. նա փոքր հասակից արդեն, իր ծնողներին ընկերանալով, եկեղեցի էր հաճախում և իր անմեղ սրտի մաքուր մրմունջները խառնում շարականների ու սաղմոսների երգին, որոնք մտքում պահելով, հետո կրկնում էր տանը, իր փափուկ, գեղգեղուն ձայնով հուզելով լսողներին:

Դեռ չճանաչած, թե ի՛նչ է աշխարհը կամ կյանքը, դեռ չտեսած դրանց փուշն ու ծաղիկը, կրոնավոր դառնալու փափաք ունեցավ և այնքա՜ն սաստիկ էր այդ իղձը, որ չկարողացավ այն ծածուկ պահել իր սրտում: Ծնողներն առաջին անգամ լսելով պարզապես ծիծաղեցին նրա վրա, որովհետև իրենց շատ տարօրինակ թվաց այդ մտադրությունը. իսկ երբ տեսան, որ Մխիթարը լրջորեն տրվել է այդ գաղափարին, խիստ հանդիմանեցին և հորդորելով ջանացին փոխել նրա միտքը: Բայց նա ծնողների, մանավանդ հորեղբայրների կողմից ցուցաբերված դիմադրությունից սաստիկ վշտացած, ավելի լրջորեն կառչեց իր մտքից և սկսեց ճգնություններով ինքն իրեն պատրաստել: Ինչ որ լսում կամ կարդում էր Սրբերի մասին, սաստիկ տպավորվելով ջանում էր նմանվել նրանց և նույն փորձառություններն ապրել: Սուրբ Հովհաննես Մկրտչի և ուրիշ ճգնավորների վարքը կարդալով, նրանց նմանվելու հուրը բոցավառվեց նրա սրտում: Սեբաստիայի շրջակայքում որոշակի թվով քարայրներ կային. Մխիթարը դրանք հարմար գտավ ճգնավորական կյանքի առաջին փորձն անելու համար: Մի օր ծնողներն իրենց փոքրիկ Մխիթարին տանը չգտան: Նա սովորություն չուներ առանց թույլտվության հեռանալու տնից կամ իր հասակակիցների նման՝ աննպատակ չափչփել փողոցները: Ամեն կողմ մարդ ուղարկեցին, բայց չգտան: Օրը սկսեց մթնել, իսկ տղան չկար ու չկար: Ծնողները սաստիկ տխրել էին ու այլայլվել: Արդեն գիշեր էր, երբ Մխիթարն իր հասակակից մի ուրիշ տղայի հետ տուն վերադարձավ հոգնած, անոթի ու արյունլվա ոտքերով: Պարզվեց, որ տղաները ճգնավոր դառնալու մտադրությամբ գնացել էին քաղաքից դուրս, մտել քարայրներից մեկը և մինչև ուշ երեկո անոթի, ծարավ, ծնրադիր աղոթել էին, սպասելով, որ մի հրեշտակ գա ու կերակրի իրենց: Հրեշտակը չէր եկել, իրենք էլ ստիպված տուն էին վերադարձել: Այդ ժամանակ Մխիթարը դեռ ինը տարեկան չկար, երբ ճգնության իր առաջին փորձն արեց, որն հետո, արդեն լրջախոհ ձևով, շարունակելու էր մինչև մահ, ինքն իրեն վարժեցնելով սիրով և արիությամբ տանելու ամեն նեղություն ու զրկանք: Մինչ այդ, քաղաքով մեկ տարածվեց Մխիթարի առաջին ճգնության լուրը: Այդ մասին լսեց նաև Սուրբ Նշան վանքի առաջնորդ Անանիա Եպիսկոպոսը. վանահայրն իր մոտ կանչելով իննամյա տղային, այդ ժամանակվա սովորության համաձայն՝ նրան փոքր աստիճանները տվեց, անտարակույս նաև կիսասարկավագության աստիճանը. այնուհետև նա կոչվեց դպիր[2]:

Դեռ տասը տարին չլրացած, Մխիթարն արդեն ավարտել էր դպրոցական ընթացքը, կարդացել էր Սաղմոսարանն ու Նարեկը: Մինչև վերջ սպառվել էր վարժապետի իմացական պաշարը, սակայն տղայի հարցասեր ու մշտածարավ միտքը չէր գտել իրեն հուզող անհրաժեշտը: Քանի որ բարձրագույն դպրոց չկար մոտակայքում, ծնողներն ա՛յլ ընտրանք չունենալով, նրան երկու սրբակենցաղ կույսերի մոտ ուղարկեցին, որոնք իրենց տան ճիշտ դիմացն էին բնակվում: Գիտակից էին, որ այնտեղ ուսման ու գիտության մեջ չէր զարգանալու, բայց հուսով էին, որ աստվածպաշտության մեջ կառաջադիմեր: Եվ իրոք, Մխիթարն այնտեղ հսկայաքայլ առաջադիմեց հոգևոր կյանքում: Ամեն օր այդ երկու կույսերի տուն էր գալիսմի բարեպաշտ քահանա, նրանց խոստովանահայրը, որի անունն էր Տեր Հարություն: Նա հոգևոր դասեր էր տալիս, ընթերցում ու բացատրում էր Աստվածաշունչը: Մխիթարը, ներկա գտնվելով, տեսնում ու լսում էր այդ ամենը, իր փութաջանությամբ օգուտ էր քաղում դրանցից, և միաժամանակ քահանայից սովորում էր շարականների ու հոգևոր երգերի եղանակները: Ճիշտ է, որ հոգևոր կյանքի առաջին սերմերը նա ընդունեց իր բարեպաշտ մորից, բայց դրանք աճեցին ու պտղաբերեցին երկու ճգնավոր եղբայրների և այս երկու կույսերի խոսքով ու օրինակով: Իսկ քանի որ անհնարին է ըմբռնել և հասկանալ Մխիթարի մեծությունը, և մանավանդ՝ նրա գործի հաջողությունն ու տևողությունը առանց եկեղեցական ասպարեզի, որին նա նվիրեց իր ամբողջ կյանքը և որի ընտրության համար իրենց հորդորներով մեծապես նպաստեցին հիշյալ կույսերը, արժե այստեղ համառոտ ներկայացնել նրանց վարքն ու գործերը, քայլ առ քայլ հետևելով Մխիթարի առաջին կենսագրին, չունենալով նրանց մասին ուրիշ որևիցէ մի աղբյուր:

[1] Հողդար թաղամասում, Մխիթար Աբբահոր հայրական տան մոտ, «Սուրբ Գեորգ» անունը կրող մի եկեղեցի կար: Ամենայն հավանականությամբ, նա ծնողների հետ այդ եկեղեցին էր հաճախում:

[2] «Դպիր» կամ «դպրություն» մեր Հայ եկեղեցական նվիրապետության մեջ մերթ հատուկ կերպով նշանակում է «ընթերցողության» աստիճանը, երբեմն էլ ընդարձակ իմաստով նշանակում է Արևելյան Եկեղեցիներում «փոքր» կոչվող աստիճանները, ինչպես գրում է Մխիթար Այրիվանեցին. «Դպիր, որ է կէս-սարկաւագ, գրակարդաց եւ սաղմոսասաց»: Հայ և Հույն Եկեղեցիների ավանդության համաձայն, կիսասարկավագությունը միշտ փոքր աստիճանների շարքն է դասվել, առանց մշտնջենավոր կուսակրոնության պարտականություն ենթադրելու: Այդ պատճառով էլ այդ աստիճանն առանց դժվարության տալիս էին նաև մանուկ հասակում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։