Մատթեի և Ժողովողի Մեկնությունները – Գրադարան – Mashtoz.org

Մատթեի և Ժողովողի Մեկնությունները

Աստվածաշնչի համեմատության ժամանակ, այն բոլոր բառերը կամ պարբերությունները, որոնք խրթին և բացատրության կարոտ էին, Մխիթարը գրի էր առնում առանձին, հետո մեկնելու և բացատրելու համար: Այս ոճով գրեց նաև «Ժողովողի» մեկնությունը, 1735 թվականին, որն ապա ամբողջացնելով՝ հրատարակեց հաջորդ՝ 1736 թվականին: Գրքի վերջում դրված Հիշատակարանում ասում է, որ սա իր բազմամյա աշխատանքի՝ Աստվածաշնչի հրատարակության առթիվ յոթլեզվյան թարգմանությունների հետ տուն առ տուն կատարած համեմատության երախայրիքն է: Մեկնության ակնառու հատկություններն են պարզությունը և հստակությունը. այստեղ Մխիթարը չի ներկայանում որպես մեծ, խորաթափանց մտքի տեր աստվածաբան, որ «վարդապետորեն» ճառախոսի կրոնի բարձր խորհուրդների մասին, և ո՛չ էլ որպես ճարտարախոս, որ պերճ ու գեղեցիկ նկարագրություններով կամենա հմայել իր ընթերցողներին: Այս աշխատության մեջ Մխիթարը պարզապես մի հայր է, որն իր զավակներին բացատրում է Ժողովողի խրթին իմաստները. մի բարոյախոս է, որը գործնական հրահանգներ է տալիս, կռվում է ախտերի դեմ, ցույց է տալիս աշխարհի հաճույքների՝ պատիվների ու վայելքների ունայնությունը, մատնացույց է անում Երկինքը՝ իր անմահ փառքերով և նրա սիրով բոցավառում է ընթերցողի սիրտը: Ընդհանրապես համառոտախոս է, որի պատճառն ինքն իսկ բացատրում է. «Մենք պատանիների և անուսների համար գրեցինք, որոնք գոհ կլինեն այսքանով [...] և խորշեցինք երկարաբանությունից, ընթերցողներին ձանձրալի չլինելու և նկարագրական մեկնությունը բազմակույտ բառերի տակ չթաղելու համար»:

Մեկնություններ է գրել նաև Աստվածաշնչի ա՛յլ խրթին հատվածների ու գրքերի համար, ինչպես Սաղմոսների և Պողոս Առաքյալի նամակների, որոնք սակայն անավարտ մնալով չհրատարակվեցին և մինչև օրս էլ անտիպ են:

Մխիթարի մեկնություններից ամենաընդարձակը և ամեն տեսանկյունից դիտված՝ կատարյալը, «Մատթեի Մեկնությունն» է, որը սկսել է հավանաբար 1718 թվականի սկզբին և հասել է մինչև Ավետարանի Տասներորդ գլուխը, ապա զանազան պատճառներով գործն ընդհատել է մինչև 1736 թվականը: Այդ տարի, բազմաթիվ բարեպաշտ անձանց թախանձանքներից հորդորված, դարձյալ սկսել և մի տարուց ավարտել է: Սա ևս վիթխարի մի գործ է, բառարանի նման, մոտ 1.000 երկսյուն էջերից բաղկացած, որոնց մեջ փայլում է հեղինակի ընդարձակ հմտությունը Աստվածաշնչի և աստվածաբանության մեջ: Այս և մյուս մեկնություններում Մխիթարն ընդհանրապես հետևում է Ոսկեբերանին և ուրիշ Սուրբ Հայրերի, ինչպես ինքն իսկ ասում է գրքի Առաջաբանում: Բայց մի՞թե փոքր աշխատություն է նրանց գրքերը ծայրեծայր կարդալը, քննելը, թե այսինչ բառը կամ պարբերությունը ինչպե՞ս է հասկացել այս կամ այն մեկնիչը, այնքա՜ն զանազան մեկնությունների ու կարծիքների մեջ լավագույնը որոշելն ու ընտրելը: Գաղափարների ինչպիսի՜ հստակություն, իմաստների ինչպիսի՜ օծություն. վստահ քայլերով ընկղմվում է հավատքի խորհրդավոր մթությունների մեջ, և ուր որ թափանցում է, լույս է փայլատակում իր շուրջը: Հիմնական տեղեկություններ է տալիս հրեական ազգի սովորությունների, ծեսերի, նրա հնախոսության և աշխարհագրության մասին: Սրատես մեկնիչ է, որի աչքից որևէ բան չի վրիպում: Չկա աստվածաբանական մի խնդիր, որ շոշափած և լուսաբանած չլինի, մանավանդ այնպիսիները, որոնք ուղղակի կապ ունեին ազգային խնդիրների հետ: Քսան էջ միայն նվիրում է Քրիստոսի Անձի միության և երկու բնությունների խնդրին (էջ 437-457), այնքան հստակորեն և հմտությամբ խոսելով «անձի» և «բնությանժ նշանակությունների և զանազան առումների մասին, իմաստասիրորեն քննելով և սահմանելով դրանք, հարմար օրինակներով, առարկություններով ու պատասխաններով լուծելով խնդիրը, որ դրանից ավելի լավ բացատրություն տալն անհնարին է: Այնտեղ գտնվում են կենդանի նկարագրություններն ախտերի, դրանց խորշելի լինելը ցույց տալու համար. հրավառ հորդորներ՝ սիրելու և գործադրելու առաքինությունները, ինչպես նաև խրատներ քարոզիչներին, առաջնորդներին, ամեն վիճակի ու հասակի անձանց: Այդ էջերում մարդ ուսանում է, թե Ավետարանի վսեմ սկզբունքների հետ ինչպե՛ս կարելի է միաբանել մարդկային կենցաղավարության պատվերները, Երկնքի սերը՝ Հայրենիքի սիրո հետ, հավատքը՝ գիտության հետ: Այնտեղ կրկին փայլում է Մխիթարի մեծ աղքատասիրությունը, որ գորովելով ի տես թշվառության մեջ տառապող աղքատների, բուռն կերպով շանթահարելով դատապարտում է անողորմ հարուստներին, նրանց ուղղելով Մեծն Հայրապետի խոսքերը. «Քաղցածներինն է այն հացը, որ դու պահում ես քո մոտ. մերկերինն է այն զգեստը, որ սենյակիդ պատից ես կախում. բոկոտն քայլողինն է այն կոշիկը, որ տանդ մի անկյունում փտեցնում ես. աղքատինն է այն դրամը, որ հողի տակ թաղում ես» (էջ 694): Այս խոսքերով է, որ Մեծն Բարսեղը Կեսարիայի բեմերից ժամանակին ցնցում էր իր դարի հարուստներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։