Մարսվան և Ամասիա քաղաքներում – Գրադարան – Mashtoz.org

Մարսվան և Ամասիա քաղաքներում

Մխիթարն իր առաջին քարոզով իսկ գրավեց մարսվանցիների սիրտը, որոնք նրան ընդունեցին իբրև երկնքից ուղարկված պատգամավոր: Ուր որ նա ոտք էր դնում, այնտեղ ծլարձակում էին հոգևոր կյանքի ծաղիկները, որոնց փոխարեն էլ ինքը քաղում էր սեր ու հարգանք: Ձմեռն իր սաստկությամբ փակել էր ճանապարհները, բայց Մխիթարը չէր ուզում շեղվել իր ընտրած ուղեգծից, այլ՝ կամենում էր նախքան գարնան գալն իր որոշած տեղում լինել: Քաղաքի Առաջնորդը և բոլոր հայ բնակիչներն իրենց թախանձագին խնդրանքներով նրան համոզեցին, որ այդքան շուտ չհեռանա իրենցից: Նա համաձայնվեց ձմեռն այնտեղ անցկացնել: Մի ամիս բնակվեց քաղաքում, իսկ մի ամիս՝ մոտակա վանքում, որի Առաջնորդը վաղուց ծանոթ էր իրեն: Այստեղ էլ նրա քարոզներն ունեցան միևնույն արդյունքները, ինչ որ Պոլսում, և իր համբավն իրենից առաջ էր թռչում, մարդկանց մտքերը պատրաստում էր հոժարությամբ լսելու քարոզները: Մարսվանից անցավ Ամասիա, – պատմական ու սրբազան հիշատակներով ճոխ և մեծագործ հնություններով հռչակավոր այդ քաղաքը, որ Ստրաբոն աշխարհագրի և Սուրբ Թեոդորոս զորավարի ծննդավայրն է եղել, – ուր իր ազդու ձայնը հնչեցնելով՝ ոգևորեց շատերին, որոնց մեջ նշանավոր եղավ Տեր Հակոբ քահանան, որը մինչև վերջ հաստատուն մնալով իր կրոնական ուղղամտության մեջ, բոլորի համար առաքինության օրինակ հանդիսացավ և առաջամարտիկ անկեղծ հավատքի: Երբ գարունը հասավ, Մխիթարը հազիվ կարողացավ ազատվել ամասիացիների ստիպումներից, որոնք ո՛չ միայն իր այնտեղ մնալն էին փափաքում, այլ նաև քաղաքի առաջնորդությունն էին նրան առաջարկում: Բայց ինչպես քամիները երբեք կանգ չեն առնում, այլ՝ իրենց հանդիպած արգելքները հաղթահարելով՝ սրընթաց անցնում են, մինչև որ կատարում են իրենց շրջանը, այդպես էլ Մխիթարն էր մի ներքին ուժից մղված արագ ընթանում, և ոչ մի բան չէր կարողանում կասեցնել նրա ընթացքը, մինչև որ կհասներ իր նպատակին: Նա ուղևորվեց դեպի Եվդոկիա, ուր կանգ չառավ, հեռվից միայն ողջունեց Սեբաստիան, որն այլևս երբեք չէր տեսնելու, և իր երկու աշակերտների հետ միացավ դեպի Կարին գնացող կարավանին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։