Մեթոնի առումը – Գրադարան – Mashtoz.org

Մեթոնի առումը

Օսմանցիների բանակը, մեծ ավարով հարստացած և առաջին հաղթանակներով խրախուսված, կատաղաբար շարունակեց իր արշավանքը, ճանապարհին հանդիպած գյուղերն ու ավանները քանդելով ու հրդեհելով, և գրեթե առանց պատերազմի ու դիմադրության գրավեց Կորոն և Նավարին քաղաքները, որոնք իրենց դռները բացեցին օսմանցիների առաջ: Ապա իրենց ընթացքն ուղղեցին դեպի Մեթոն, ուր ամրացել էր Վենետիկցիների ամբողջ զորքը: Հուլիս ամսվա վերջին, Ալի փաշան իր ծովակալին հրամայեց իր նավատորմիղով պաշարել Մեթոնը ծովի կողմից: Վենետիկցիների ծովակալ Դելֆին, տեսնելով թշնամու նավերի բազմությունը, որոնց չէր կարողանալու դիմադրել իր սակավաթիվ նավերով, շտապեց փախչել և դուրս գալ նավահանգստից: Ուստի օսմանցիներն անարգել մտան և ծովի կողմից պաշարեցին բերդաքաղաքը: Ցամաքային զորքն էլ հասել ու բանակել էր Մեթոնի առջև գտնվող ընդարձակ դաշտում և հարձակումը սկսելու համար սպասում էր եպարքոսի գալստյանը: Երբ Ալի փաշան հասավ Մեթոնի դիմաց, երկրորդ օրը պատգամավոր ուղարկեց քաղաքի իշխաններին, որ առանց պատերազմի դռները բացեն և անձնատուր լինեն, խոստանալով անվնաս և ողջ արձակել նրանց, ամբողջ ունեցվածքով, զենքերն ու պատերազմական գործիքները միայն իրենց պահելով. հակառակ պարագային՝ սպառնում էր այնուհետև հաշտությանորևէ պայման հանձն չառնել, քաղաքը հիմնահատակ անել և մարդկանց անխնա կոտորել: Քաղաքի իշխանները, մանավանդ՝ վենետիկցի զորագլուխ Պաստան չընդունեցին այդ պայմանադրությունը և նախընտրեցին քաջաբար կռվել ու մեռնել, քան վախկոտությամբ անձնատուր լինել և քաղաքը թշնամու ձեռքը հանձնել. ուստի, եպարքոսի առաջարկը մերժելով, պատգամավորներին արձակեցին: Սա արդեն պատերազմի հրավեր էր, որ անշուշտ, սաստիկ գրգռելու էր թշնամուն. ուստի սկսեցին ներսից բոլոր հարկավոր պատրաստությունները տեսնել և ամրացնել բերդերն ու պարիսպները: Զինեցին, դասավորեցին զորքը, այլևայլ վաշտերի բաժանելով, նրանց հանձնելով մարտկոցների պաշտպանությունը. թնդանոթները շարեցին պարիսպների վրա, յուրաքանչյուր զորապետ իր զինվորներին քաջալերեց ու խրախուսեց արիությամբ կռվելու:

Երբ Ալի փաշան իմացավ, որ Վենետիկցիների զորագլուխը մերժել է իր առաջարկը, սաստիկ զայրացավ և զորապետներին հրամայեց, որ ամեն կողմից պաշարեն Մեթոնը: Հարձակումը սկսվեց Օգոստոսի 2ին: Նախորդ գիշերը, երբ մութը պատել էր, թշնամիները գետինը փորելով՝ դաշտում պատնեշներ, թմբեր ու հողաբլուրներ սարքեցին, նրանց ետևում Վենետիկցիների գնդակներից ու հարվածներից պատսպարվելու համար: Գիշերվա լռության ու մթության մեջ մուրճերի, թիերի ու բրիչների շառաչը, որ ամբողջ օդը թնդացնում էր, սարսափեցնում էր լսողներին: Վենետիկցիները, իմանալով թշնամու պատրաստությունը, թնդանոթի և հրազենի հարվածներն ուղղելով աշխատողների վրա, օսմանցի զինվորներից շատերին սպանեցին և փոսերն ու խրամները նրանց դիակներով լցրեցին: Առավոտյան, երբ թշնամիները տեսան իրենց կողմի դիակների բազմությունը, կատաղած գազանների նման դուրս ելան իրենց փոսերից ու խրամներից, ուր թաքնվել էին գիշերը, և սկսեցին ռմբակոծել բերդը, կարկուտի նման վիրգեր ու հրազենի գնդակներ տեղալով քաղաքի վրա: Ներսից էլ պարիսպների վրա կանգնած բերդապահ զորքն էր թնդանոթներով պատասխանում նրանց հարվածներին ու հազարավոր զինվորներ տապալում էր գետնին: Աննկարագրելի էր քաղաքացիների սարսափն ու իրարանցումը, երբ լսում էին պաշարողների խառնագոչ ու կատաղի ձայները, որոնք թնդանոթների և հրազենների բոմբյուններին խառնվելով, ավելի սարսափելի էին դառնում: Բայց նրանց ամենից ավելի զարհուրեցնողն այն միտքն էր, որ բերդապահ զորքն ի վերջո տեղի էր տալու թշնամու անհամար բազմության առաջ և իրենց ունեցվածքը, պատիվն ու կյանքը մատնվելու էին հաղթողների մոլեգնությանը: Այն օրից, երբ թշնամիները սկսեցին ռմբակոծել քաղաքը, քահանաները դադարեցրին իրենց Պատարագները, որպեսզի Սուրբ Խորհրդին վտանգ չպատահեր: Երեք օր անընդհատ տևեց կատաղի կռիվը, չորրորդ օրը ռմբակոծումը չդադարեցնող թշնամուն ավելի չգրգռելու համար Վենետիկցիները մեղմացրին իրենց դիմադրությունը: Երեկոյան դեմ, Վենետիկցիների Պաստա զորապետը պատվիրեց, որ ի նշան հաշտության՝ բերդի վրա սպիտակ դրոշ կանգնեցնեն: Օսմանցի զինվորները տեսնելով այն, մեծագոչ աղաղակներով դուրս թափվեցին իրենց պատնեշներից: Երկուստեք զգուշության պատանդներ տրվեցին, և վենետիկցի պատգամավորները գնացին օսմանցիների ճամբար՝ հաշտության պայմանների մասին խոսելու նրանց զորագլխի հետ, և պայմանագիրը հաջողությամբ կնքվեց: Մութը վրա հասավ և վենետիկցի պատգամավորները ստիպված գիշերը մնացին օսմանցիների բանակում. պատերազմը բոլորովին դադարեց: Հաջորդ օրը եպարքոսը տեղեկացավ հաշտության պայմաններին և դրանք չընդունեց, այլ՝ պատգամավորներին բանակում գերի պահելով՝ զինվորներին հրամայեց շարունակել պատերազմը բերդականների հետ: Վենետիկցիների իշխանը, տեսնելով, որ քաղաքի պաշարները սպառվելու մոտ էին, զինվորները հուսալքված էին ու հոգնած, իսկ գլխավոր բերդը՝ վտանգված, հարկադրված հրամայեց, որ զենքերը ցած դնեն և բոլորն էլ՝ զինվորներ ու քաղաքացիներ, իրենց կյանքն ազատելու մասին մտածեն: Ամեն մարդ շտապեց փախչել կամ թաքնվել. ոմանք գոմերում, ուրիշները՝ շտեմարաններում, գուբերի, ջրհորների, ձեղնահարկերի, գետնափոր նկուղների մեջ, աշտարակների ծայրին, և ի՛նչ թաքստոց որ կարողացան գտնել տագնապալի այդ ժամին: Մերոնք որոշեցին թաքնվել վանքի ձեղնահարկում, մինչև որ զինվորների կատաղությունը կհանդարտվեր, որովհետև առաջին հարձակմանը անխնա խողխողում էին դեմները ելնողին: Իսկ Պաստա զորապետը և ուրիշ զորավարներ ծովի կողմից վար իջան բերդից և մակույկ մտնելով գնացին օսմանցիների ծովակալ Ջանըմ Խոջայի նավը, որը նրանց ազատեց գերևարների ձեռքից և ամենայն մարդասիրություն ցուցաբերեց: Օսմանցի զինվորները տեսնելով, որ բերդի և պարիսպների վրա մարդ չի երևում և իրենց ռմբակոծություններին պատասխանող չկա, խրախուսված նետվեցին խրամների մեջ, սանդուղքներով բարձրացան պարսպի վրա և բերդ մտնելով՝ բացեցին բոլոր դռները: Թուրք զինվորների ահագին բազմությունը հեղեղի պես խուժեց ներս, սրերը հանած սպանում էին բոլորին՝ ծերերին, պառավներին, հիվանդներին, մանուկներին, չխնայելով ոչ մեկին. մտնում էին տները, կողոպտում, կոտրում, քանդում, այրում, սարսափահար մարդկանց դուրս էին հանում թաքստոցներից, նրանց ձեռքերը կապկպած տանում և անգթորեն փողոտում էին եպարքոսի առաջ, որը վրանում նստած՝ անկարեկից դիտում էր այդ քստմնելի ու մորմոքիչ տեսարանը և յուրաքանչյուր գլխի փոխարեն նրանց տալիս էր քսան կամ երեսուն դահեկան: Քաղաքացիները նախապես ամեն ինչ փախցրել ու թաքցրել էին, այնպես, որ զինվորները կողոպտելու շատ բան չգտան. բայց նրանց ընչաքաղցությունը դրանից առավել ևս գրգռվեց և իրենց վրեժը մարդկանցից էին առնում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։