Մեկնում են Վենետիկ – Գրադարան – Mashtoz.org

Մեկնում են Վենետիկ

Երբ ամեն ինչ պատրաստ էր և մոտենում էր նավի մեկնելու օրը, Աբբահայրը կրկին հավաքեց բոլոր միաբաններին և իր հրավառ սրտի կայծերով արծարծեց, ոգևորեց, քաջալերեց, մխիթարեց բոլորին, մանավանդ նրանց, ովքեր հոժարակամ սիրով և արիությամբ հանձն էին առել վտանգելու իրենց կյանքը՝ ի սեր իրենց եղբայրների ու Միաբանության: Արտասվեց Աբբահայրը և արցունք խլեց բոլորի աչքերից. և տեսնելով իր ադամանդիկ սիրտն այդպիսի դառը պահի տպավորության տակ կակուղցած ու փշրված, վազեց եկեղեցի, երկա՜ր աղոթեց ծնրադիր, և զորացած դուրս ելավ՝ արցունքների ու հեծեծանքների մեջ տալու հրաժեշտի ողջույնը իր սիրասուն որդիներին, որոնց թողնելու էր. և նրանց հանձնելով Հիսուսի և Տիրամոր խնամքին, բաժանվեց իր ձեռակերտ վանքից ու եկեղեցուց և Փետրվարի 25ին, մյուս աշակերտների ընկերակցությամբ, նավ մտավ, որը դեռ մի քանի օր սպասեց նավահանգստում, նախքան դեպի Վենետիկ մեկնելը: Այդպիսի սրտաճմլիկ բաժանում երբեք չէր ունեցել Մխիթարը, ինչպես հետո ասում էր իրեններին, և Մեթոնից դեռ չմեկնած, վերջին րոպեին մի վերջին գորովալի ակնարկ ուղղեց մնացողներին, օրհնության մի մրմունջ, որը նրանց ազատարար հրեշտակը եղավ բարբարոս զենքերի հարվածների դեմ, գերության շղթաների ու անթիվ արկածների մեջ, և դարձյալ բերեց միացրեց նրանց միևնույն խնամաշատ հոր թևերի ներքո:

1715 թվականի Մարտ ամսի առաջին օրը հարավից մեղմ ու համընթաց քամի էր փչում. նավապետի հրամանով խարիսխը բարձրացրեցին, առագաստները պարզեցին, և նավը սկսեց արագ սուրալ մեղմ ալիքների վրայով, առանց ծովափը տեսադաշտից կորցնելու: Նավը համեմատաբար փոքր էր և հնացած, այնպես որ անխուսափելի էր նավաբեկությունը, եթե քամիներն ու կոհակները չզսպեին իրենց կատաղությունը, խնայելով նավորդների կյանքը: Մխիթարը, որ փոթորիկներին ու ալեկոծություններին արդեն փորձառու էր, իր տեսած մեծ ծովերից ավելի հանդարտ գտավ Ադրիականը, որն արդարացիորեն կարող ենք թերևս Հայածով անվանել, քանի որ երկու հարյուր հիսուն տարվա ընթացքում անթիվ Հայեր խումբ առ խումբ տեղափոխելով իր մշտատատան կռնակի վրա, երբե՛ք, որքան որ տեղեկություններ ունենք, նրանցից մեկի մազին անգամ չի վնասել: Մի ամիս տևած հանդարտ նավարկությունից հետո, Ապրիլի սկզբին, հասան Վենետիկ: Արժե այստեղ համառոտ կերպով անդրադառնալ այդ եզակի, ճոխ, գեղեցկատես և աշխարհակալ քաղաքի պատմությանը, որի ջերմ ու բարեսեր հյուրընկալությանը շատ բան ենք պարտական, ո՛չ միայն Մխիթարի Միաբանությունը, այլ նաև ամբողջ Հայ Ազգը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։