Մեկնում է Էջմիածնից և նախ Խորվիրապի վանքն այցելելով, ուղևորվում է դեպի Սևանի կղզին և վանքը – Այնտեղ իրեն երևում է Սուրբ Աստվածածինը – Գրադարան – Mashtoz.org

Մեկնում է Էջմիածնից և նախ Խորվիրապի վանքն այցելելով, ուղևորվում է դեպի Սևանի կղզին և վանքը – Այնտեղ իրեն երևում է Սուրբ Աստվածածինը

Բայց Մխիթարի սրտի մեծագույն կսկիծն այն եղավ, որ այնտեղ նա չգտավ իր հոգին տանջող ծարավը զովացնելու մի միջոց: Չունեցավ իր ցավերին արգահատող մի անկեղծ բարեկամ: Եվ որ ամենածանրն է. իր խղճին վստահելի ուղղիչ, այսինքն՝ խոստովանահայր, հոգևոր առաջնորդ չունենալը: Սարսափելի միայնության մեջ նա տառապում ու հյուծվում էր, սպառում էր իր հոգևոր կյանքը: Այս իրավիճակն էր, որ նրան մղեց օր առաջ թողնելու Էջմիածինը և ուղևորվելու գրեթե երեք օրվա ճանապարհ հեռու գտնվող Սևանի անապատ, որի կրոնավորներն համբավաշատ էին իրենց ճգնություններով, հույս ունենալով գոնե այնտեղ գտնել հոգու սնունդ ու մխիթարություն, որոշ ժամանակով թողնելով ուսման ու գիտության հոգը:

Այդ օրերին Էջմիածին ուխտի էր եկել իրեն ծանոթ Սեբաստացի Ստեփանոս անունով մեկը: Նա մտադիր էր գնալ Խորվիրապի վանքը, այնտեղից՝ Սևան, իսկ այնուհետև ուրիշ մոտակա վանքեր: Ավելի հարմար առիթ չէր կարող լինել: Մխիթարը խոսեց հայրենակցի հետ, հայտնեց իր ցանկությունը, և պայմանավորվեցին միասին մեկնել: Բայց ինչպե՞ս ազատվեր եպիսկոպոսի ձեռքից: Եթե արտոնություն խնդրեր, եպիսկոպոսն անշուշտ չէր թույլատրի: Իսկ եթե գաղտնի փախչեր, նա իր ետևից փնտրողներ ուղարկելով՝ կբռներ իրեն, և իր մտադրությունները հոդս կցնդեին: Մխիթարն իր բոլոր դժվարությունների լուծումը գտնում էր աղոթքի մեջ. նա աղոթքով էր խորհուրդ, ուժ և լույս ստանում: Աղոթքից հետո իր մտքում հանկարծ մի լույս ծագեց: Այդ ժամանակ վանքի մատակարարն էր ոմն Թեոդորոս եպիսկոպոսը, բարի ու գաղտնապահ մի անձնավորություն: Նրան հայտնեց Սևանի անապատ գնալու և ճգնավոր դառնալու իր մտադրությունը, և հասկացրեց այն վտանգը, որ կարող էր հասնել իրեն Միքայել եպիսկոպոսից: Նա հավանություն տվեց պատանու մտադրությանը, գովեց նրա փափաքը, սիրտ տվեց, սովորեցրեց անհրաժեշտ միջոցներն ու հարմար ժամանակը և խոստացավ ապահովել հարկ եղած օգնությունը: Երեկոյան արդեն ամեն բան կարգավորված ու նախապատրաստված էր. կեսգիշերին, երբ բոլոր աբեղաներն ու վարդապետները, նաև Միքայել եպիսկոպոսը, եկեղեցում էին, Մխիթարն առանց նկատվելու դուրս ելավ վանքից, և մոտակա գյուղում հանդիպելով իր երկրացի Ստեփանոս ուխտավորին, միասին ուղղվեցին դեպի Խոր-վիրապ: Առավոտյան Միքայել եպիսկոպոսը տեսնելով, որ իր աշակերտը չի երևում, փնտրեց նրան ամենուր և կատարվածին տեղեկանալով՝ շտապ ձիավորներ ուղարկեց նրա ետևից, որպեսզի բռնեն ու ետ բերեն: Բայց Աստված, որ հսկում էր Մխիթարի քայլերին և տնօրինում ամեն բան, փակեց ձիավորների միտքն ու աչքերը, չկարողացան իմանալ, թե ի՛նչ ճանապարհով նա գնաց և ո՛ւր, ուստի հուսահատ ետ վերադարձան: Մխիթարը միայն երկու ամիս մնաց Էջմիածնում:

Երկու ուղևորներն հետիոտն քայլելով՝ գրեթե մեկուկես օրում հասան Արտաշատի դղյակ, ուր Արարատյան ընդարձակ հարթավայրի մի անկյունում, մի փոքրիկ քարաբլրի վրա կանգնած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խորվիրապ վանքը: Դեմ հանդիման կանգնած, նայում է երկու Մասիսներին, հայության այս անանց կոթողներին, և կատաղի Երասխին, որն այդտեղ իր ալիքների վազքը կասեցնելով, ասես հապաղում է, չի ուզում շուտով թողնել հիշատակների այդ վայրը: Պարսպապատ վանքը հեռվից դղյակի տպավորություն է թողնում: Փոքրիկ քարաշեն եկեղեցու կամ մատուռի խորանի ներքևում է գտնվում գմբեթավոր ծածկով Վիրապը, ուր իջնելու համար կա մի սանդուղք: Աղոթքի ու սրբազան իղձերի արդյոք ինչպիսի՜ հաղորդության մեջ միմյանց խառնվեցին Մխիթարի ու մեր Նախահոր՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի հոգիները: Ինչպես Եղիսեն Եղիա մարգարեից խնդրեց ու ստացավ նրա հոգին կրկնակի չափով, վստահաբար դա կրկնվեց այդ օրը Խորվիրապում: Իրենց ուխտը կատարելով, մեր երկու ուղևորներն ելան վանքից և կրկին հետիոտն ուղևորվեցին դեպի Սևանի անապատ:

Ձյունապատ լեռներով ու կանաչ բլուրներով շրջապատված, ծովից 1.900 մետր բարձրության վրա, իբրև դյութական մի երևույթ, դիմացդ հանկարծ հայտնվում ու փռվում է ծիծաղկուն, մուգ կապտագույն մի լիճ, որի միջից դարձյալ իբրև անակնկալ դուրս է ցցված հրաբխային ծագում ունեցող մի լայնանիստ բլուր, որ Կղզին է, և որի վրա էլ երևում է սև քարով շինված մի վանք, իր գմբեթավոր եկեղեցիներով: Սևանա լիճն է, իր համանուն կղզիով: Այդ բարձունքի վրա բնակվում էին բնության հոգեցունց տեսարաններով հափշտակված մարդիկ. նրանք ապրում էին միայն երկնքի համար, և Արարչին ուղղված նրանց օրհներգն էր միայն, որ լսվում էր խոր լռության մեջ, խառնվելով ալիքների խուլ ծփանքին: Այստեղ ծովն իր հարափոփոխ կերպավորումներով աշխարհի հեղհեղուկ պատկերն էր տալիս իրեն դիտող աբեղաներին և նրանց միտքը բարձրացնում էր դեպի ափերն այն կյանքի, որն երբեք չի փոխվում:

Սևանի վանքը կառուցվել է Իններորդ դարի վերջին, 874 թվականին, Մաշտոց վարդապետի ձեռնարկումով: Նա մենասեր անձ էր, աղոթքի մարդ, որ աշխարհից ու կյանքի աղմուկներից հոգնած, իր սրտին շատ հարազատ գտավ այդ բարձր, անմատչելի ու ամայի կղզին: Բայց նրա սրբության ու գիտության համբավն իր ետևից այնտեղ տարավ ո՛չ միայն միանձնասեր մարդկանց մի բազմություն, այլ նաև իշխանազուն անձանց, որոնց թախանձանքներին զիջելով, կառուցեց Սուրբ Առաքյալներին և Սուրբ Աստվածածնին նվիրված զույգ եկեղեցիները, իսկ նրանց չորս բոլորը՝ խցեր աբեղաների համար: Սա է Սևանի վանքի կամ անապատի սկզբնավորման պատմությունը: Այդ վանքի աբեղաները հռչակված էին իրենց ծոմապահությամբ, աղոթքներով և ա՛յլ ճգնություններով, որոնք իր աչքով իսկ տեսավ Մխիթարը և ինքն էլ խառնվեց նրանց իր եռանդուն աղոթքներով և իր խիստ ճգնություններով, այն աստիճան, որ զարմանք պատճառեց երկար տարիներ ճգնող մենակյացներին: Սակայն նա գիտեր, որ դրանք սրբության հասնելու միջոցներ են սոսկ, աստիճաններ, որոնցով շատերը վեր են մագլցում առանց երբևէ հասնելու գագաթին: Նա շատ սիրեց վանքի դիրքը, միայնությունը, ուր ներանձնասեր հոգին ոչ միայն կարող է լսել Աստծո ձայնը, այլ նաև զգալ Նրա ներկայությունը: Մենություն, որն ինքը կարող էր արգասավոր դարձնել հոգևոր և գրական աշխատություններով, եթե միջոցների պակասը չունենար: Սրտանց կապվեց վանքի Մխիթար անունով Առաջնորդին և մյուս վանականներին: Նրանք էլ իրենց հերթին տեսնելով, որ Մխիթար սարկավագը առաքինի հոգու և գերազանց մտքի տեր մեկն է, նրա նկատմամբ սեր ու մեծարանք էին ցուցաբերում և հորդորում էին, որ մնա իրենց վանքում, քանի որ իրավացիորեն չէին կամենում կորցնել առաքինության այդպիսի վառ մի օրինակ: Կրոնավորական կյանքի հարցում, սակայն, նա այստեղ էլ շուտով հուսախաբ եղավ: Մի դատարկություն էր զգում իր հոգում, որը ոչ մի տեղ և ոչ մի բանով չէր կարողանում լցնել: Գիշերվա մեջ խարխափող մեկն էր, որի առջևից փախչում էին իր փնտրածները:

Մի գիշեր, մինչ խոր թախիծի մեջ ընկղմված ու ցավերի բեռան տակ ճնշված էր զգում իրեն, հեղձամղձուկ ու անհույս՝ մտավ եկեղեցի: Խորանի վրա կար Տիրամոր մի պատկեր, որ լուսավորված էր առկայծող լապտերի դողդոջուն լույսով: Այդ պատկերի առջև Մխիթարը լռիկ, արտասվաթոր աչքերով ծունկի եկավ: Իր սիրտը բացեց Աստվածամոր առաջ, դեպի երկինք ուղղելով իր սրտի լռությունն ու իր խուլ հառաչանքը: Խոր լռության մեջ, եկեղեցու կամարներին բախվելով՝ բյուրեղի նման փշրվում էր նրա մրմունջը և հազարումեկ արձագանքներով ծածանվում օդի մեջ: Բայց լեցուն սրտի ձայնը ելավ, բարձրացավ ամպերից էլ վեր ու լսվեց երկնքում: Մխիթարն աչքերն հանկարծ վեր բարձրացրեց և իր հայացքը երկար ժամանակ հառած մնաց մի աներևույթ տեսիլքի վրա, որի հետ խոսում էր, և իր դեմքի վրա մերթ ժպիտն էր փայլում, մերթ մի զգացում, որն անբացատրելի է: Աստվածամայրը, որին մանկուց ի վեր որպես մայր սիրում էր, հայտնվել էր փառավոր կերպարանքով, ծաղկենկար զգեստով, երկու կույսերի ընկերակցությամբ, և հարցնում էր, թե ի՞նչ է խնդրում Մխիթարը: Իսկ Մխիթարն ինքը, այդ սքանչելի տեսիլքից հիացած, հափշտակության մեջ ընկած, պապանձվել էր, մոռացել էր իր սրտի ցավը, և չգիտեր ի՛նչ պատասխաներ, բայց մի պահ անց՝ առանց վարանելու ասաց. «Ես ա՛յն եմ փափաքում, Տիրուհի՜, ինչ որ Դո՛ւ ես կամենում»: «Եղիցի՛», այսինքն՝«Թող այդպես լինի՛», պատասխանեց Տիրամայրը և տեսիլքն անհետացավ: Պատանին սթափվեց, ոտքի կանգնեց բոլորովին կերպարանափոխված. հոգու մի անբացատրելի ուժ էր ստացել, զվարթացել էր և հույսով լցվել: Այնուհետև տխրությունն այլևս չտիրեց նրա հոգուն, ամենածանր ու վհատեցնող իրավիճակներում անգամ նա միշտ պայծառ մնաց և հոգով հանդարտ: Այդ «Եղիցի՛»ի մեջ, որին հավատաց իր ամբողջ հոգով, տեսավ իր ապագա գործի հաղթանակը: Մխիթարն այնուհետև նույնը չմնաց. ամբողջովին կերպարանափոխվեց, հոգով ու կամքով հզորացավ և կարողացավ հաղթահարել դժվարություններն ու տագնապալի ճգնաժամերը: Ինչպե՞ս բացատրել այդ մեծ փոփոխությունը: Ո՞րն էր նրան այդքան ուժ տվող գաղափարը: Այն, որ նա հասկացավ, որ մենակ չէր իր ճանապարհին. իր դիմաց գծված մի լուսավոր ուղի տեսավ և նպատակակետը, որին հասնելու էր երկարատև ու տաժանելի դժվարությունների ու վշտակրությունների միջով անցնելով միայն, հաղթահարելով իր վրա հարձակվող բազմաթիվ ու բազմապիսի փոթորիկները: Մխիթարի կյանքի այդ բոլոր դեպքերի մեջ լոկ բնական դիպված, մարդկային ուժ կամ խելք, կամ էլ բախտի քմահաճորեն հաջող պատահար տեսնել, նշանակում է չըմբռնել նրա գործի իսկությունը: Մի խոսքով, այդ տեսիլքը Մխիթարի ամբողջ կյանքի որոշիչ կետը եղավ: Իսկ մինչ այդ այցելած տեղերից միայն Սևանը եղավ, որ միշտ անուշ տպավորություն թողեց նրա սրտում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։