Մի քանի օրինակ, որոնց մեջ երևում է Մխիթարի հոգևոր կյանքի պատկերը – Գրադարան – Mashtoz.org

Մի քանի օրինակ, որոնց մեջ երևում է Մխիթարի հոգևոր կյանքի պատկերը

Մի օր, իտալացի մի նշանավոր անձնավորություն Աբբահորն այցելության եկավ և Միաբանության աղքատիկ վիճակը տեսնելով՝ հարցրեց. «Կընդունե՞ք, եթե մեկը Ձեզ երեսուն հազար դահեկանի նվիրատվություն անի»: «Ո՛չ», պատասխանեց Աբբահայրը: «Իսկ եթե հինգ կամ վեց հազար տա՞», կրկին հարցրեց նա: Մխիթարն այս անգամ պատասխանեց. «Այդքանը կընդունեի, որովհետև հիմա երեսուն հազարի կարիք չունեմ, այլ միայն հինգ հազարի»:

Մի հարուստ պատանի, հետը շատ դրամ առած, Վենետիկ եկավ և Աբբահորը խնդրեց, որ իրեն վանք ընդունի: Մխիթարը նրան ուղղեց Քրիստոսի խոսքը. «Գնա՛, ունեցվածքներդ ու դրամդ աղքատներին բաժանի՛ր և հետո ե՛կ, կընդունեմ քեզ»: Պատանին այդ խոսքերից շատ զարմացավ և իմանալով, որ Միաբանությունն աղքատ է և դրամի կարիք ունի, ասաց. «Հայր, եթե կուզես, դրամը մեր կարիքների համար պահենք»: Մխիթարը պատասխանեց. «Որդյակ, ես հույսս միմիայն Աստծո վրա եմ դրել. Նա կարող է Միաբանությունն առանց դրամի պահել ու կերակրել և բոլոր վշտերից ու նեղություններից ազատել, եթե Իր ձեռքից ընդունենք դրանք»: Բայց տեսնելով, որ պատանու սիրտը կապված է դրամին, չընդունեց նրան, հակառակ նրա բուռն թախանձանքների:

Մի ուրիշ անգամ էլ նման մի դեպք պատահեց: Տարիքով արդեն հասուն և բավականին հարուստ մի երիտասարդ, կամենալով աշակերտել Մխիթարին, բազմաթիվ անգամներ հայտնեց նրան իր այդ փափաքը: Այդպիսիների հաստատամտությունը փորձելու համար Աբբահայրը նրանց հեշտությամբ չէր ընդունում: Ժամանակ անց, երբ պատանին ամեն հնար բանեցրեց ընդունվելու համար և տակավին որոշակի մի պատասխան չստացավ, նեղված՝ իր բարեկամներից մեկին ասաց. «Զարմանում եմ, թե ինչո՞ւ է Աբբահայրն այսքան դժվարանում ինձ ընդունելու: Մի՞թե կարծում է, որ ես իր ուսին բեռ եմ լինելու: Հետս այնքան դրամ ունեմ, որ մինչև մահս բավական է ինձ»: Եվ հանձնարարեց, որ այդ խոսքերն Աբբահոր ականջը հասցնի, կարծելով, թե դրանով պիտի հեշտացնի իր ընդունվելը: Մխիթարը, այդ խոսքերը լսելով, բոլորովին մերժեց նրա խնդրանքը, որովհետև փոխանակ Աստծուն ապավինելու՝ իր հույսը դրել էր դրամի և ունեցվածքների վրա: Այդ աստիճան Մխիթարը խորշում էր դրամ կուտակելուց և արծաթասիրությունից, և բնավ չէր կամենում, որ Միաբանությունը հարստանա կամ ճոխանա, դրանում Միաբանության կործանումի պատճառ տեսնելով: Ընդհակառակն, աղքատությունը Միաբանության մեծագույն զարդն էր համարում, աղքատությամբ էր պարծենում, բոլորին աղքատության մասին էր գրում ու պատմում:

Մի անգամ, մի մեծ տերության դեսպանն այցելության եկավ վանք: Մխիթարն ընդունեց նրան և ուղեկցելով ցույց տվեց կղզին և շենքերը: Վանքի կացության, կարգերի ու միաբանների մասին տեղեկություններ ստանալուց հետո՝ դեսպանը Մխիթարին հարցրեց. «Իսկ քանի՞ տարի է արդեն, որ բնակվում եք Սուրբ Ղազար կղզում»: Աբբահայրն ասաց. «Արդեն քսանչորս տարի է»: «Իսկ այս ընթացքում ձեզնից քանի՞ հոգի մահացավ», տակավին հարցրեց դեսպանը: Մխիթարը պատասխանեց. «Դեռ ոչ մեկը, մեր գերեզմանոցը դեռդատարկ է. եթե չհաշվենք այն մի քանի հոգին, որոնք մահացել են առաքելության մեջ»: Դեսպանը կրկին հարցրեց. «Ի՞նչ գաղտնի դեղ ունեք, որ չեք մահանում»: Աբբահայրը ժպտալով պատասխանեց. «Մենք ուրիշ դեղ չունենք, այլ միայն այն, որ գոհանում ենք քչով, և մեր ամեն ինչը չափավոր է ու կանոնավոր»: Եվ նրան պատմեց, թե ինչպե՛ս են սնվում և ի՛նչ են հագնում: Դեսպանը զարմացած ու տպավորված վերադարձավ իր տուն:

Մխիթարը յուրահատուկ սեր և գութ ուներ աղքատների նկատմամբ, որոնց երանի էր տալիս: Նրանց մեջ Քրիստոսին տեսնելով, Մխիթարն իր ողջ կյանքում երբեք որևէ մի աղքատի ձեռնունայն չի թողել: Երբ ինչ որ մի գործով քաղաք էր գնում, իր առաջին միտքն ու հոգածությունը գրավում էին իր աղքատները. նրանց անվանում էր իմ աղքատները. իր հետ դրամ էր վերցնում և նրանց փնտրում էր՝ ողորմություն տալու: Մի քանի անգամ այնպես պատահեց, որ մոռացավ հետը դրամ վերցնել. այդպիսի դեպքերում կես ճանապարհից ետ էր վերադառնում, որպեսզի դրամ վերցնի, կամ էլ մի ուրիշին էր ետ ուղարկում դրամ բերելու: Գյուղում ամեն անգամ տնից դուրս ելնելիս քսակը լցնում էր դրամով և հաճախ էր պատահում, որ օրվա մեջ երկու-երեք անգամ միևնույն աղքատները գալիս էին ողորմություն խնդրելու, ձանձրացնում էին նրան, բայց նա երբեք տհաճության կամ նեղության արտահայտություններ չէր անում, ոչ մեկին չէր զլանում, իսկ տալու ժամանակ դեմքին փայլում էր սրտի գոհությունն ու ուրախությունը: Աղքատները վարժվել էին, առավոտից երեկո սպասում էին դռան առաջ, և Աբբահոր դուրս գալուն պես՝ թափոր էին կազմում շուրջը: Երբ գյուղից վերադառնում էր, հաճախ հարցնում էր. «Արդյոք ի՞նչ են անում աղքատներս: Ո՞վ է հոգում նրանց»: Վանքի դռնապանին պատվիրել էր, որ երբ մի աղքատ գա, նրան դռան առաջ սպասել չտա, հետը խստությամբ չվարվի, այլ՝ շուտով տա ինչ որ պետք է և գոհությամբ արձակի:

Մի օր, ինչ որ մեկը բախեց վանքի դուռը: Աբբահայրը շուտով մեկին ուղարկեց, որ տեսնի, թե ո՛վ է: Քահանան մի քիչ ուշացավ, ուստի Մխիթարն աճապարեց անձամբ գնալ դեպի դուռը: Քահանան ջանաց հանգստացնել նրան. «Գերհարգելի, բան չկա, մի աղքատ է, որ ողորմություն է խնդրում»: Աբբահայրը վշտացած պատասխանեց. «Մանավանդ այդպիսիների առաջ պետք է առավել փութով և սիրով բացել վանքի դռները, քանի որ նրանք Քրիստոսի կերպարանքով են մեզ գալիս». և առատ ողորմություն տալով՝ արձակեց աղքատին:

Մի անգամ էլ սաստիկ փոթորիկի ժամանակ, երբ արդեն մթնում էր, մի խուլ ու համր աղքատ, որ նավակով մի կղզուց մյուսն էր շրջում և ողորմություն խնդրում, վախենալով այդ եղանակին Վենետիկ վերադառնալ, եկավ նավակը վանքի դռան առաջ կապեց և լուռ ու մունջ նստեց ափի քարերին: Սոսկ պատահմամբ քահանաներից մեկը տեսավ նրան և գնաց Աբբահորը պատմեց: Երբ Մխիթարը լսեց, սաստիկ այլայլվեց, թե ինչո՞ւ խեղճ աղքատին ներս չեն հրավիրել, և շտապեց ինքը գնալ, դուռը բացել: Աղքատին ներս ընդունելով, նրան կերակուր և զգեստ տվեց, և միայն երբ եղանակը բոլորովին հանդարտվեց, նրան ճանապարհ դրեց:

Ուրիշ մի օր էլ աղքատ մի ձկնորս վանքի դուռը բախեց և ողորմություն խնդրեց: Ճաշի ժամն էր, դռնապանը տալիք ոչինչ չուներ իր մոտ: Խեղճ աղքատին այնտեղ չսպասեցնելու համար, ինչպես հանձնարարել էր Աբբահայրը, գնաց իմացրեց նրան: Աբբահայրը լսելուն պես հրամայեց, որ առատ հաց տան, և իր կերակուրն աղքատին ուղարկելով, ինքը միայն հաց ու պանիր կերավ:

Այս զգացումը դրոշմում էր նաև իր աշակերտների սրտի խորքում, իր գրեթե բոլոր նամակներում պատվիրելով աղքատասիրությունը և հանձնարարելով հոգալ խեղճերին, աղքատներին, ցավագարներին: Հոգևոր գրքեր էր ուղարկում իր քարոզիչներին, որպեսզի ձրիաբար բաժանեին աղքատներին:

Շա՜տ երկար կլիներ այստեղ մեկ առ մեկ հիշել Մխիթարի բոլոր առաքինությունները: Նա սահմանված էր Մեծ լինելու. մեծ՝ իր սրբությամբ և առաքինի վարքով, մեծ՝ գրական աշխատություններով, և մեծ՝ իր նկարագրով և գործունեությամբ: Նա մեր գովեստների կարիքը չունի. իր գործերն իր մեծության հավերժական կոթողներն են, և ինքն իսկ՝ իր անձի դրվատիքն է: Կենդանության օրոք արդեն այնքան հռչակված էր, որ բոլորն էլ, բարեկամներն ու հակառակորդները, պատկառանքով ու հիացումով էին հիշում նրա անունը: Նրա ժամանակակից Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Կոլոտն անգամ գրում է. «Մեր Գերհարգելի Աբբահոր համբավը սփռվել ու տարածվել է Հունաց և Հայոց աշխարհներում, և նրա իմաստությունը հայտնի է իր տպագրած գրքերից, որոնք ամեն տեղ տարածված են»[1]: Հռոմում ևս մի այնպիսի հռչակ էր ստացել իր խոհական վարմունքով, սրբությամբ և իմաստությամբ, որ Ծիրանավորներից ոմանք նրան մինչև իսկ Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալությանն էին արժանի համարում, ինչպես հաստատում են արժանահավատ եկեղեցականների վկայությունները:

[1] Հատք, էջ 139:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։