Միաբանության կյանքն այդ օրերին – Գրադարան – Mashtoz.org

Միաբանության կյանքն այդ օրերին

Աբբահայրն այդ բոլոր դեպքերը, ինչպես նաև Միաբանության Վենետիկ փոխադրվելն ու այնտեղ հաստատվելու մտադրությունը մանրամասն հայտնեց Հավատասփյուռ Ժողովին: Նախագահ Ծիրանավորը մի գեղեցիկ պատասխանով հայտնեց իր ցավակցությունը, սփոփիչ խոսքերով քաջալերեց բոլոր միաբաններին և խոստացավ ամեն կերպ օգնական լինել և հնարավորություններ ընձեռել՝ իրենց ձեռնարկը հաջողությամբ գլուխ բերելու համար: Նա նամակ գրեց նաև Վենետիկի Պատրիարքին, որն այդ տարիներին Պետրոս Բարբարիգոն էր, և ուրիշ բարեպաշտ իշխանավոր անձանց, որպեսզի հնարավոր ամեն դրամական օգնություն և աջակցություն ցույց տան Մեթոնի աղետից փախած հայ կրոնավորներին, որոնք ամեն տեսակ զոհողություն ու վշտակրություն հանձն են առել, որպեսզի իրենց Ազգի մեջ կրոն և գիտություն տարածեն: Այս հանձնարարականն իսկույն իր արդյունքն ունեցավ. Մխիթարը ստիպված չեղավ ապրուստի ու կարիքների համար սրա կամ նրա դռները բախելու. քաղաքի Պատրիարքը և շատ երևելի սեպուհներ, ինչպես նաև քաղաքի հարուստ հայերից ոմանք, առատ նվերներով ու ողորմություններով հայտնում էին իրենց սերն ու հարգանքը, մի բան, որ առաջին օրից իսկ ունեին Մխիթարի ու իր Միաբանության նկատմամբ, և երբեք, որևէ առիթով չէին զլանում ցույց տալ իրենց աջակցությունը:

Իրոք զարմանալի էր տեսնել մի խումբ արևելցիներ, որոնք եվրոպացի կրոնավորներից ոչ մի բանով ետ չէին մնում, և մի սովորական տան մեջ բնակվելով հանդերձ, որ վանքի բոլոր հարմարությունները չուներ, ճշտորեն կատարում էին եկեղեցական ծեսերը և պահում էին վանական կարգն ու կանոնը: Ամեն օր անթերի կատարում էին հասարակաց Ժամերգությունները, մտածական աղոթքները և ուրիշ հոգևոր կրթություններ. այստեղ էլ, ինչպես Մեթոնի վանատանը, զանգակի ձայնն էր ըստ ժամի ու չափի սահմանում ու կարգավորում ամեն բան: Գրեթե բոլոր քահանաներն ամեն օր գնում էին եկեղեցիներում պատարագելու, բայց ո՛չ բոլորը միասին, այլ ոմանք՝ կանուխ, ոմանք՝ ավելի ուշ. ով ավարտում էր Պատարագը, ամփոփված տուն էր վերադառնում, կատարում իր հոգևոր ընթերցումները և անմիջապես պարապում ուսումնական առարկաները. իսկ ով ավելի ուշ էր գնում պատարագելու, նախ տանը իր դասերն էր պարապում, հետո գնում էր պատարագելու: Միաբանների ժամերը հաշվված էին, նրանցից ոչ ոք մի վայրկյան իսկ անգործ չէր մնում: Երբեք քաղաքում պարապ չէին շրջում, երբեք հրապարակներում կամ զբոսանքի տեղերում չէին երևում, այլ՝ գնում էին միայն եկեղեցիներ կամ հոգևոր հանդեսների ու քարոզների. զույգ-զույգ քայլելով փողոցներում, ամփոփ, պարկեշտ, առանց աչքերը հետաքրքրությամբ այս ու այն կողմ գցելու, որով բոլոր տեսնողներին զարմացնում ու պատկառելի տպավորություն էին թողնում: Իսկ ներքին բարեկարգությունը, նրանց համաշունչ ու համասիրտ սերն ու միությունը և առաքինությունների ու գիտությունների մեջ առաջադիմելու համար յուրաքանչյուրի գործադրած ջանքերն ուղղակի աննկարագրելի էին և կարող են օրինակ հանդիսանալ բոլոր սերունդների համար:

Մխիթարը, սակայն, գոհ չէր իրենց բնակարանային դրությունից, իր նպատակներին հարմար չնկատելով այն. իր ծրագրերն ըստ ամենայնի իրականացնել կարողանալու համար նա առանձին վանատուն և եկեղեցի էր կամենում ունենալ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։