Միաբանության համար ընտրում է Սուրբ Բենեդիկտոսի կանոնը – Գրադարան – Mashtoz.org

Միաբանության համար ընտրում է Սուրբ Բենեդիկտոսի կանոնը

Մինչ Պոլսում մի փոքր հանդարտվում էին խռովահույզ հոգիները և դադարում էին նորանոր խոչեր և խութեր հարուցել Միաբանության դեմ, Հռոմում ևս ավարտվում էր տարիներ առաջ սկսված գործի քննությունը և ընդհուպ մոտեցել էր հաստատության վճիռը տալու պահը: Մնում էր, սակայն, որոշել մեկ խնդիր ևս. Հռոմեական Եկեղեցին կրոնավորական կյանքի միայն երեք կանոն էր ճանաչում. Սուրբ Բարսեղի, Սուրբ Օգոստինոսի և Սուրբ Բենեդիկտոսի: Հարկավոր էր, որ Մխիթարն ընտրեր այդ երեքից մեկը և դրա համաձայն էլ հարմարեցներ իր Սահմանադրության կարգերը: Մխիթարը, երիցագույն վարդապետների հետ խորհրդակցելով, Միաբանության նպատակին առավել հարմար գտավ Սուրբ Բենեդիկտոսի կանոնները, թե՛ որովհետև այն արդեն ծանոթ էր մեր Ազգին, մեր նախնիների կողմից թարգմանված լինելով հայերենի, և թե՛ որովհետև թույլատրում էր մանուկների կրթությամբ զբաղվել, ինչը որ իր հիմնական նպատակներից մեկն էր: Եվ այդպես, դժվարություններն ամեն կողմից հարթվելով, Սուրբ Աթոռը հաստատեց Մխիթարի Սահմանադրությունը, պատշաճ սրբագրումներ ու հավելումներ կատարելով, և խոստացավ իր բարձր հովանավորությունն անպակաս անել այն Միաբանության վրայից, որն անցավ օրինավոր վանական ընկերությունների կարգը, որպեսզի քաջաբար մարտնչի իր առաջ ելած արգելքների դեմ և ծաղկեցնի իր գործը, որով բացելու էր Հայ Ազգի լուսավորության դարագլուխը: Այդ առիթով «Աբբահայր» տիտղոսը շնորհվեց Միաբանության Գլխին, թեև նա իր չափազանց համեստությամբ, իր արժանիքներից վեր համարելով այդպիսի պատվանունը, միշտ «կոչեցեալ Աբբահայր» էր ստորագրում:

Հայր Հովհաննես վարդապետը, հազիվ ձեռք բերեց Սուրբ Ժողովի վճիռը, որ Միաբանության հաղթանակի դրոշն էր և միաժամանակ զենքը՝ իր դեմ մղվելիք ապագա կռիվների համար, 1712 թվականին անհապաղ վերադարձավ Մեթոն: Այն օրը, երբ նա ոտք դրեց Մեթոնի վանք, ոգևորության և ցնծալի հանդեսի օր եղավ բոլոր վանականների համար: Աբբահայրը, իր ձեռքն առնելով Հռոմից բերված Սահմանադրությունը, բոլորին բացատրեց այն. և հպատակվելով Սուրբ Ժողովի որոշմանը, որով պատվիրվում էր նորոգել իրենց ուխտը այս նոր Սահմանադրության վրա, ինքնին օրինակ տալով բոլորին՝ անհապաղ գնաց Նեապոլիս և այնտեղ ուխտեց Կորնթոսի արքեպիսկոպոսի առաջ: Այդ դեպքը կարելի է համարել որպես Միաբանության գրեթե երկրորդ հիմնադրումը, որ տեղի ունեցավ 1712 թվականի Սեպտեմբերին: Աբբահայրը փութաց իր և Միաբանության երախտագիտության զգացումները, ինչպես նաև խոնարհ հպատակությունն ու հարգանքները նամակով հայտնել Սուրբ Աթոռին, նրա կողմից ցուցաբերված հայրական գորովի և շնորհների համար: Ահավասիկ Աբբահոր գրած նամակից մի հատված. «Վսեմափառ Տյարք, Կորնթոսի արքեպիսկոպոսի ձեռքով ընդունելով այն Սահմանադրությունը, որ Դուք հաստատել եք որպես առաջնորդություն և ի բարեկարգություն մեր կրոնավորական կյանքի, հայտնում ենք մեր հլու հպատակությունն ու հարգանքը, և հաստատապես խոստանում ենք ամենայն ճշտությամբ պահել այն: Միայն թե մեր ազատությանը թողնված լինելով Սուրբ Բարսեղի, Սուրբ Օգոստինոսի և կամ Սուրբ Բենեդիկտոսի կանոններից մեկն ընտրելու հարցը, մենք միաբան ընտրեցինք վերջինը, որն արդեն ծանոթ է մեր Ազգին: Գնալով վերոհիշյալ արքեպիսկոպոսի մոտ, ես, Հայր Հովհաննես և Հայր Գեորգ վարդապետները, նրա առաջ բացահայտ կերպով կատարեցինք մեր ուխտադրությունը, ինչպես սահմանված էր: Այսպես ուխտելու են նաև մյուսները, նրա առաջ, ում Դուք կորոշեք, քանի որ տեղի հեռավորության և ճանապարհի վտանգների պատճառով բոլորը չեն կարող գնալ հիշյալ արքեպիսկոպոսի մոտ: Խնդրելով Ձեզնից շարունակել Ձեր հզոր պաշտպանությունը», և այլն: Այս նամակը կրում է «Մեթոն, 18 Նոյեմբեր 1712» թվագրումը, որին Հավատասփյուռ Ժողովի գահերեց Ծիրանավոր Սակրիպանտեն պատասխանում է հետևյալ նամակով, որից ևս միայն մի հատված ենք մեջբերում. «Հավատասփյուռ Ժողովը մեծ ուրախությամբ ընդունեց Ձեր հնազանդության հավաստիքը և պատրաստակամությունը, որով ընդունել եք Ձեզ տրված կանոններն ու Սահմանադրությունը և խոստանում եք ճշտությամբ պահել դրանք Ձեզ հպատակ կրոնավորներով հանդերձ: [...] Ժողովական Ծիրանավոր Հայրերը մեծապես դրվատեցին Ձեր եռանդն ու բարեպաշտությունը, որով աշխատում եք ձեր Ազգի մեջ մուծել և վերանորոգել կրոնավորական կյանքն ու բարեկարգությունը: [...] Հռոմ, 5 Հունիս 1713»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։