Միաբանության մեջ առաջին անգամ մուտք են գործում հիվանդություններն ու մահը – Գրադարան – Mashtoz.org

Միաբանության մեջ առաջին անգամ մուտք են գործում հիվանդություններն ու մահը

Կյանքը մի հարատև պայքար է երկու ներհակ ուժերի միջև. առաջինը դա մարդու ներքին բնազդն է, որով ամեն ջանք գործի է դնում պահպանելու համար իր գոյությունը, մինչ երկրորդը մահն է, որն իր հազարումի թակարդներով դարանում է մեր գոյությանը: Որքա՜ն վտանգներով ենք շրջապատված մեր առաջին օրվանից իսկ սկսած, որքա՜ն դառնություններ են խառնված մեր կյանքի բաժակին, որքա՜ն փշեր կան մեր ճանապարհին: «Ո՞չ ապաքէն իբրեւ զփորձութիւն են կեանք մարդոյ ի վերայ երկրի», – գոչում էր Հոբը, որն այդ դառնությունների ու հարվածների ամենափորձառուներից մեկն էր: Կյանքի այդ խիստ օրենքին ենթակա են ո՛չ միայն անհատները, այլ նույնիսկ ընտանիքները, հասարակություններն ու ազգերը: Մխիթարի հիմնած Միաբանությունն էլ իր խանձարուրից արդեն սկսեց այդ կռիվը. իր աչքերը հալածանքների մեջ բացեց, անցավ փոթորիկների միջով, և նավահանգստում անգամ չդադարեց հաճախակի ալեկոծության ենթարկվելուց. ոսոխների աչքերից հեռու, չազատվեց նրանց խայթող լեզուներից ու գրչից. սակավաթիվ տարիների ընթացքում ինչպիսի՜ ճգնաժամեր ապրեց. աղետների ու հարվածների ինչ որ մի տեսակ գրեթե չմնաց, որ չկրեց. նրա վրա միախուռն հարձակվեցին հիվանդություններ, մահ, չքավորություն, չարախոսություն, ներքին և արտաքին տագնապներ, հալածանք, հուր և սուր, գերություն, իսկ վերջում՝ պատերազմի բերած ավերածությունն ու քանդումը. ահա՛ Միաբանության կողմից Մեթոնում անցկացված տարիների նկարագիրը: Տարակույս չկա, որ այդ բոլոր արկածների մեջ մերթ ընդ մերթ ունեցավ նաև հաջողություններ, որոնք սակայն շատ սակավատև եղան և հազիվ մի աղոտ շող արձակեցին համատարած տխուր պատկերի վրա, այն ակնթարթային լույսի նման, որ փայլակն է արձակում փոթորկալից ամպերի միջից:

Փոքրիկ, նորատունկ Միաբանությունը հազիվ էր տեղավորվել Մեթոնում և Մխիթարը մտադիր էր ո՛չ միայն կարգավորել տնտեսական դրությունը և գործունեության լայն ասպարեզներ բացել իրենների առաջ, այլ նաև՝ առաջադիմել առաքինությունների և ուսման մեջ, իրար գերազանցելու մրցակցությունը վառելով աշակերտների սրտում, երբ ահա հանկարծահաս մի հիվանդություն տարածվեց նրանց մեջ, որն ամենայն հավանականությամբ հետևանքն էր անսովոր կլիմայի, ջրի և օդափոխության, և որից ոչ ոք զերծ չմնաց, բացի Մխիթարից ու մի քանի հոգուց, որոնց առողջությունը հարկավոր էր հիվանդներին ծառայելու համար: Այդ պատուհասը մեծամեծ տառապանքներ պատճառեց բոլորին և որոշ ժամանակով կասեցրեց միաբանական կյանքի կանոնավոր ընթացքը: Բժշկի ու դեղորայքի համար որքա՜ն ծախսեր պահանջվեցին այդ հետին չքավորության ժամանակ. որքա՜ն բազմածուփ հոգսեր պաշարեցին Մխիթարին, երբ իր շուրջն ամբողջ մառախլապատ էր տեսնում և ոչ մի տեղից դրամական օգնության հույս չէր երևում: Նա, սակայն, չտատանվեց իր մեծ հավատքի մեջ, Միաբանության ղեկը պինդ բռնած՝ ուղղում և առաջ էր տանում այն, մինչև որ բոլորն էլ կատարելապես առողջացան: Նորընծա պատանիներից մեկը միայն, Հովհաննես անունով, որ հետո Հայր Թովմաս կոչվեց, շարունակում էր ծանր ու անհույս վիճակում մնալ. նրան մահամերձ էին կարծում այլևս, և բժշկի խորհրդին հետևելով՝ շտապեցին հոգալ նրա հոգևոր բոլոր պատրաստությունները: Դեռ նոր հիմնված և տակավին սակավամարդ Միաբանության մեջ առաջին անգամ մտնելու էր մահը և Մխիթարի սաներից մեկին խլելու էր իր ծաղիկ հասակում: Որքա՜ն ծանր էր Մխիթարի համար այդ զոհը: Եվ նա, ումից մրրիկներն անգամ ակնածել էին, փորձեց մահվան առջևն առնել, և կարողացավ: Հիվանդն իր կյանքի վերջին րոպեներին էր հասել և բժիշկը, հայտնելով նրա վիճակի անհույս լինելը, նրանից ձեռք էր քաշել: Մխիթարն ու բոլոր միաբանները միասին ծունկի իջան և եռանդագին աղոթեցին, և հիվանդը նույն ժամին իսկ որոշակի բարվոքում զգաց: Վտանգն անցել էր: Հաջորդ օրը բժիշկը եկավ, որպեսզի ննջեցյալի հուղարկավորության համար կարևոր հրահանգներ տա: Որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ հիվանդին ոտքի կանգնած տեսավ: Ուրիշ անգամ էլ Միաբանությունում տարածվեց հիվանդությունը և այս անգամ շատ ավելի անողոք գտնվեց. ո՛չ Մխիթարի ու միաբանների աղոթքը և ո՛չ էլ արցունքները կարողացան հիվանդության դեմն առնել. մահն այնքան արագությամբ հափշտակեց Ստեփանոս անունով նորընծա մի աշակերտի կյանքը, որ այդ ծաղկի պես դեռափթիթ պատանին հազիվ կարողացավ կրոնավորական ուխտերով նվիրել իրեն Աստծուն: Այդ զոհը կարծես մի անհրաժեշտություն էր՝ մահվան անկուշտ երախը փակելու և այն երկար տարիներ Միաբանությունից հեռու պահելու համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։