Միաբանության չափազանց չքավորությունը և տնտեսական անհաջողությունները – Գրադարան – Mashtoz.org

Միաբանության չափազանց չքավորությունը և տնտեսական անհաջողությունները

Երբ նորաշեն բնակարանը պատրաստ էր, Մխիթարը թողեց երեք տարով իրենց տրված տունը և ձմռան սկզբին, 1706 թվականի Նոյեմբեր ամսվա մեջ, իր մարդկանց տարավ ու բնակեցրեց իրենց առաջին վանատանը: Անպատմելի էր նրանց ուրախությունը, երբ սեփական վանատան հարկի ներքո տեսան իրենց: Մի պահ մոռացան իրենց կրած բոլոր դժվարությունները, համարելով, որ մեծագույն վտանգն արդեն անցել էր, առանց մտածելու, որ պարտքերն ու տոկոսները գնալով դիզվում էին, այնպես, որ 1707 տարին մոտ 1.000 դահեկանի պարտքով սկսեցին, որն այդ ժամանակվա համար հսկայական գումար էր: Մխիթարը, որ ճարտար տնտեսագետ և մատակարար էր, ինչպես տեսնելու ենք այլևայլ առիթներով, ամեն հնարք և խնայողություն գործի էր դնում՝ նորանոր փոխառությունների հարկադրանքի մեջ չընկնելու և պարտքերի բեռը թեթևացնելու համար, այլապես դիմացն այնպիսի վիհ էր բացվելու, որն անկարելի էր լինելու լցնել: Տեղի բնակիչներն այնքան աղքատ էին, որ Պատարագի ողորմություն տալու սովորությունը տակավին հաստատված չէր այնտեղ. այդ պատճառով է, որ Միաբանությանը դրամական նպաստ չէր լինում, թեև տասը քահանա կար, որոնք ամեն օր պատարագում էին: Ուստի հարկադրվեց Մխիթարը գրավ դնել նույնիսկ եկեղեցու զգեստներն ու սպասները, որպեսզի գոնե ապրելու չափ աղքատիկ կերակուր և զգեստ ունենային: Այդ տագնապի մեջ էր և իր հայացքը դեպի Արևելք ուղղած սպասում էր մի որևէ օգնություն բարեկամներից, երբ դրամի փոխարեն հասավ տխուր լուրը, թե հակառակորդների չարության պատճառով կորել է եվդոկիացի բարեպաշտների հավաքած գումարը, և նույնիսկ Հայր Մանուել վարդապետը պարտքի տակ է ընկել: Այս լուրը կայծակի պես հարվածեց Մխիթարին. սաստիկ տխրեց նա և մտածում էր, որ մինչ ինքը ամեն բան անելով՝ այդքա՜ն տառապում է Ազգի համար, նրանք ա՛յլ բան չեն անում, քան միայն խոչընդոտներ են հարուցում իր ճանապարհին, գրգռում են ոգիները և, եթե կարողանան, պատրաստ են նաև կործանելու իր գործը: Քանի որ հակառակորդները տեղյակ էին, թե ինչպիսի չքավոր վիճակում էին գտնվում Մխիթարն ու իրենները օտարության մեջ, և գիտեին Մոռեայի իշխանների կողմից դրված պայմանի մասին, ուստի որպես Մխիթարի գործը ոչնչացնելու ամենահարմար միջոց ընտրել էին նրան զրկելը դրամական նպաստներից, որպեսզի սահմանված ժամկետում վանքի շինությունը ավարտել չկարողանալով՝ զրկվեր կալվածքներից ու իրավունքներից, և այդպես, մտածում էին, գործն ինքն իրեն կքայքայվեր: Սա՛ էր հակառակորդների լարած որոգայթը, և սկսեցին ամեն կողմ լուր տարածել, թե Մխիթարի Միաբանությունն արդեն ցիրուցան է եղել, ուստի այլևս ավելորդ է այնտեղ մարդ կամ դրամ ուղարկելը: Այստեղ համառոտ կերպով հիշենք, թե ինչպիսի պարագաներում պատահեց դրամի այդ կորուստը, և թե ինչպիսի ծայրահեղությունների հասավ հակառակորդների թշնամական կեցվածքը:

Եվդոկիայում երկու ընդդիմադիր խմբավորումներ կային, որոնք Մխիթարի Միաբանության նկատմամբ իրար հակառակ գաղափարներ ու վերաբերմունք ունեին. մեկը սեր ու հարգանք էր տածում նրա նկատմամբ, մյուսը՝ սաստիկ ատելություն: Երկուսն էլ հավասար ուժերով գործում էին ընդդեմ կամ ի նպաստ, իրենց զգացումներից մղված: Առաջինի գլուխն էր Մխիթարին ծանոթ և նրա առաքինություններով հիացող Թորոս անունով առաքինի, ողորմած և բարեսեր մի անձ. նա, իր ողորմություններով բոլորից սիրված ու հարգված, ինքնակամ իր վրա էր վերցրել Միաբանության գործակալի պաշտոնը, իր մոտ էր հավաքել տեղի բարեպաշտների տված ողորմությունները, ապա այդ դրամը շահեցնելու համար կտավ էր գնել ու տվել էր ներկարարներին: Հակառակորդները, նախանձից վառված, սկսեցին չարախոսել, որ իբր Մխիթարի Միաբանությունն արդեն իսկ կործանվել է, և Թորոսն իրեն հանձնված դրամը վատնել կամ յուրացրել է. և նվիրատուներին ստիպում էին, որ ետ պահանջեն իրենց տված գումարը: Հայր Մանուել վարդապետն ի զուր ջանաց հերքել հակառակորդների զրպարտությունը. ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա փաստարկներին: Առավել մեծ եղավ Թորոսի տագնապը, երբ տեսավ, որ ամեն կողմից հարձակվել են իր վրա և իրենց դրամը ետ են պահանջում: Նա հարկադրված, կտավն էժան գնով վաճառեց և վերադարձրեց բոլորի դրամը: Այդ տագնապալի օրերին էր, որ Եվդոկիա հասավ այն հայ վաճառականը, որից Մխիթար Աբբան պարտք էր վերցրել: Սա տարավ և Հայր Մանուել վարդապետին ու Թորոսին տվեց մուրհակը, որպեսզի իրեն վերադարձնեին իր հինգ հարյուր դահեկանի գումարը: Այդ նույն վաճառականի ձեռքով հասան նաև Մխիթարի կողմից տարբեր անձանց հասցեագրված նամակները, որոնց մեջ պատմվում էր, թե Միաբանությունն օրեցօր աճում է, արդեն սկսվել է վանքի շինարարությունը: Այդ լուրերով հերքվեցին հակառակորդների զրպարտությունները, բայց ոչ մեկի սիրտը չշարժվեց՝ վաճառականի պարտքի գոնե մի մասը հատուցելու:

Հայր Մանուել վարդապետն ու Թորոսը հնարավոր ամեն տեղ դիմեցին, մինչև որ կարողացան մարել պարտքի հազիվ կեսը, իսկ մնացածը ծանրացավ Միաբանության վրա: Այս տխուր դեպքը ծանր հետևանքներ ունեցավ. Թորոսի կյանքը մաշվեց հոգսերից ու տագնապներից, մտածելով, որ ինքը եղավ Միաբանությանն այդքան վնաս հասցնելու պատճառը. այն աստիճան, որ կարճ ժամանակ անց մահացավ: Հայր Մանուել վարդապետը սաստիկ հիվանդացավ սրտի ցավից և որպեսզի Թորոսի նույն վախճանը չունենար, ստիպված թողեց Եվդոկիան և Պոլիս գնաց, իր հետ վերցնելով մի քանի պատանի, Մեթոն ուղարկելու համար: Հակառակորդներն այդքանով չգոհացան: Երբ նախանձի կամ գրգռության ոգին մի անգամ տիրում է մեկին, նրան մղում, գցում է վախերի մեջ, և կանգ չի առնում, մինչև չհասցնի անդունդի հատակը: Եվդոկիացիները ո՛չ միայն արգելում էին իրենց պատանիներին, որ գնան Մխիթարին աշակերտելու, այլ՝ ցանկանալով մի հզոր հակառակորդ հարուցել Մեթոնի վանքի դեմ, Սեբաստացի քսանութ տարեկան մի ուշիմ և ընդունակ սարկավագ ուղարկեցին Հռոմ, որպեսզի Ուրբանյան վարժարանում բարձրագույն ուսում ստանար և վերադառնալով Միաբանություն հիմներ Եվդոկիայում: Նա գնաց, հաջողությամբ ավարտեց ուսումը, քահանա ու վարդապետ դարձավ և վերադարձավ հայրենիք. բայց Սողոսը փոխվել, Պողոս էր դարձել և Մխիթարյանների դեմ նախանձորդ ու հակառակորդ լինելու փոխարեն՝ նրանց սերտ բարեկամը եղավ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։