Մխիթար վարդապետը հասնում է Պոլիս – Նրա առաքելական գործունեությունը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթար վարդապետը հասնում է Պոլիս – Նրա առաքելական գործունեությունը

Տասնութերորդ դարագլխին, Մուստաֆա Երկրորդի գավազանի ներքո, խաղաղություն էր տիրում ամբողջ Օսմանյան պետության մեջ, որը Եվրոպայի արհավիրքը լինելուց դադարած, մեծաշուք հանդեսով ընդունում էր քրիստոնյա վեհապետների ընծայաբեր դեսպաններին, և այդպիսով Արևելքն Արևմուտքի հետ կապող հաշտարար կապերն ու պայմաններն ավելանում էին: Այդ նույն ժամանակներում, արևմտյան մեծ ու փոքր ազգերն իրենց բարոյական ու նյութական ուժերը զարգացնելու մեծամեծ ճիգեր էին անում. վերածնության տենչը եռում էր բոլոր սրտերում: Ռուսաստանը Մեծն Պետրոսի հանճարով դառնում էր զորավոր ու վիթխարի պետություն. Ֆրանսիան, Լյուդովիկոս Տասնչորսերորդի ազդեցության ներքո գիտությունների ու արվեստների ոսկեդար ապրելով, հասել էր իր մեծության գագաթնակետին. Ավստրիան, լեհացի Սոբիեսկի դյուցազնի և Եվգինեոս իշխանի զենքի շնորհիվ հալածելով դարավոր թշնամուն, ստանում էր իր նախկին փառքը: Նույն տարիներին, վախճանվելով Հռոմի Քահանայապետ Իննովկենտիոս Տասներկուերորդը, որն ականավոր էր դարձել իր ներմուծած եկեղեցական բարեկարգություններով, նրան հաջորդեց Կղեմես Տասնմեկերորդը. նա, որ հետո Մխիթարի Միաբանության հաստատողը եղավ, մի զարմանալի զուգադիպությամբ Սուրբ Պետրոսի գահին բարձրացավ ճիշտ այն տարին, երբ Մխիթարն իր Միաբանության հիմքը դրեց Պոլսում:

Մխիթարի անունը դեռ հնչում էր Բոսֆորի ծիծաղկոտ ափերին, դեռ թարմ էին նրա թողած տպավորությունները, երբ 1700 թվականի Հուլիս ամսին, երկրորդ անգամ լինելով, հասավ Պոլիս: Մայրաքաղաքն իր շարժուն ու ոգևորված վիճակում էր. առերևույթ հանդարտության ներքո հուզվում էին նույն կրքերը և նույն շփոթը, ինչ երեք տարի առաջ, և այնտեղ Հայ տարրը, փոխանակ ինքն իրեն զորացնելու և զարգացնելու, ներքին կռիվների ու կրոնական վեճերի մեջ սպառում էր իր ուժերը: Ժողովուրդը, լսելով Մխիթարի վերադարձի մասին, ուրախությամբ փութաց ողջունելու իր նախկին քարոզչին: Այդպիսի հանդիսավոր ընդունելությունից երկու տարի հետո Մխիթարն հազիվ էր կարողանալու փախուստով ազատել իր կյանքը: Նա գնաց բնակվելու Ղալաթիայում, իր հին իջևանում, և հաջորդ օրվանից իսկ սկսեց քարոզել: Այդ ժամանակվա Պատրիարքներն էին, նախ՝ Մխիթար Կորդվացին, ապա՝ Մելիքսեթ Սուպհին, երկուսն էլ խաղաղասեր ու բարեբարո անձինք: Նրանց թույլտվությամբ էր Մխիթարը քարոզում Սուրբ Լուսավորիչ եկեղեցում, ուր հավաքվում էր ունկնդիրների մի հոծ բազմություն, որն արդեն առել էր նրա իմաստալից քարոզների համը: Նա, ինչպես նախորդ անգամ, այժմ էլ ամեն օր պատարագում էր լատինների եկեղեցիներում, ուր բազմաթիվ հայեր դիմում էին իրեն՝ խոստովանվելու և հաղորդվելու համար: Անխտիր բոլորի կողմից սիրված էր նա ու հարգված. նույնիսկ իր համոզումները չկիսողները, գիտենալով հանդերձ, որ նա կաթողիկե մասի գլխավորներից մեկն էր, հավասարապես մեծարում էին նրան: Գրեթե աննկարագրելի է նրա գործունեությունն այդ շրջանում. մի կողմից, անհնարին ճիգեր էր գործի դնում իր մեծ ձեռնարկը հաջողելու համար և աշակերտներին առաքինությամբ և ուսմամբ հրահանգելով՝ նրանց պատրաստում էր այդ գործին. մյուս կողմից, գրեթե ամեն օր քարոզում էր, հրավիրվում էր տները՝ հոգևոր խրատներ խոսելու, պաշտպան էր կանգնում աղքատներին ու զրկվածներին: Նա ջանում էր վերջ տալ կրոնական վեճերին, հաշտություն և միություն քարոզելով Ազգի երկու պառակտված մասերի միջև, որոնց հարաբերություններն այնքան սաստիկ էին լարվել, որ ամենափոքր դիպվածն անգամ կարող էր մեծ աղմուկ հանել, ինչը և շուտով պատահեց:

Կաթողիկե հայերից մեկը, զայրացած պահին, հակառակորդ կողմի քահանաներից մեկին անզգուշաբար կոչել էր «խախամ»: Հակառակորդները, այդ խոսքից զայրացած, որոշեցին հաջորդ օրը եպարքոսի ատյանը գնալ և իբրև մատնիչ ու ապստամբ ամբաստանել բոլոր նրանց, ովքեր դավանանքով մեկ էին Հռոմեական Եկեղեցու հետ: Այդ նույն գիշեր Մխիթարին տեղեկացրեցին դրա մասին: Սաստիկ վշտացավ նա և հաջորդ առավոտյան մի ազդու քարոզ խոսեց խաղաղության և սիրո մասին: Քարոզը, սակայն, արդյունք չունեցավ: Սուր կերպարանք առած գժտությունը անզսպելի եղավ: Հակառակորդները չհանդարտվեցին և եկեղեցուց դուրս ելնելով, խմբովին ուղղվեցին դատավորի մոտ, օտարի դատին հանձնելու իրենց համազգի եղբայրներին: Մեծագույն ճիգ էր հարկավոր: Մխիթարը հանկարծ մի ներշնչում ունեցավ. խորանի վրայից առավ Խաչը, վազեց, կանգնեց նրանց դիմաց և կրակոտ շեշտով ասաց. «Ո՞ւր եք գնում, ի՞նչ եք անում: Եթե Հռոմեական Եկեղեցու հետ միաբանածներին պիտի մատնեք, ես էլ եմ նրանցից, ինձ էլ մատնեք: Այս Խաչով դատավորի առջև պիտի գամ և աներկյուղ պիտի դավանեմ հավատքս, որի համար պատրաստ եմ կրելու տանջանք ու մահ: Այդպիսի չնչին բաների համար ինչո՞ւ եք քաղաքական ատյաններին դիմում: Մի՞թե Ազգային Պատրիարք չունեք, որ խնդիրը քննի և ինքը վճռի»: Այս և նման խոսքեր ասաց Մխիթարը, որի հուզված ձայնը, եռանդուն հոգին, այն սերն ու հարգանքը, որ բոլորն էլ տածում էին նրա նկատմամբ, զսպեցին ժողովրդի զայրույթը, որոնք իրենց միտքը փոխելով, այլազգի դատավորի փոխարեն Հայոց Պատրիարքի մոտ գնացին, և խնդիրը վերջացավ խաղաղությամբ: Մխիթարն այդ դեպքից հետո մի այնպիսի ժողովրդականություն սկսեց վայելել, որ ամեն աստիճանի անձինք խոնարհվում էին նրա առաջ: Նա միության և սիրո զոդը վերահաստատեց համազգի եղբայրների միջև, առժամանակ դադարեցին կրոնական փոթորիկները, և հանդարտության մեջ նա մտածում էր իր կերտելիք կառույցի մասին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։