Մխիթարը, Նեապոլիս հասնելով, Միաբանության բնակության համար ընտրում է Մեթոն բերդաքաղաքը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը, Նեապոլիս հասնելով, Միաբանության բնակության համար ընտրում է Մեթոն բերդաքաղաքը

Երկար տարիներ աքսորի կամ պանդխտության մեջ դեգերող մեկն այնքան չի ուրախանում, երբ վերադառնում է հայրենիք և տեսնում է իր սիրելիներին, որքան Մխիթարն ուրախացավ՝ տեսնելով իր աշակերտներին, որոնք բազում վտանգների ու մրրիկների միջից ճողոպրած և Նեապոլիս քաղաքում ապաստանած, անձուկ կարոտով սպասում էին իրեն: Արտասվախառն հրճվանքով ողջագուրեց նրանցից յուրաքանչյուրին, որոնք իրենց արիությունն ու անդրդվելիությունը ցույց էին տվել փորձությունների ու աղետների այդ օրերում:

Նեապոլիս քաղաքը, որն ուրիշ համանուն քաղաքներից տարբերելու համար կոչվում է նաև Ռոմանիայի Նեապոլիս, կամ էլ՝ Անապոլի, և կամ՝ Նավպլիա, կառուցված էր ժայռոտ մի թերակղզու վրա, Արգոսի դաշտավայրի դիմաց, ամուր պարիսպներով ու աշտարակներով շրջապատված, Պալամիդ կոչվող միջնաբերդի հարավ-արևելյան կողմում, որը 216 մետր բարձրություն ուներ և նրա գագաթը բարձրանալու համար՝ դղյակի մի կողմից կառուցվել էր 1000 աստիճան հաշվող մի սանդուղ: Հունաստանի ամենազորավոր, գեղեցիկ ու վաճառաշահ քաղաքներից մեկն էր: Նավահանգիստը գտնվում էր քաղաքից մի փոքր հեռու, համանուն կամ Արգոսի կոչվող ծովածոցի վրա: Մխիթարի և իր աշակերտների այնտեղ ապաստանելու ժամանակ մի քանի հայ վաճառական ընտանիքներ կային, որ բնակություն էին հաստատել այնտեղ, որոնց մեջ նշանավոր էր Երևանցի Հովնան անունով մի վաճառական, որն իր տանը հյուրընկալեց Մխիթարին ու իր աշակերտներին, այնքան ժամանակ, որքան որ նրանք Նեապոլսում մնացին:

Տեսնելով, որ ամեն ինչ հաջողություն է խոստանում, Մխիթարն հավաքեց աշակերտներին, որպեսզի միասին որոշեին, թե իրենց բնակության ու վանք կառուցելու համար ո՛ր տեղն էր ավելի հարմար, որպեսզի միաբանական կյանքով շուտով սկսեին իրենց հոգևոր և գրական վաստակները: Լուրջ և հասուն քննությունից հետո՝ որոշեցին մնալ Մոռեայում, նկատի առնելով Միաբանության դրամական նեղ վիճակը և միաժամանակ երկրի մերձավոր լինելը Արևելքին, որը լինելու և մնալու էր իրենց գործունեութան գլխավոր ասպարեզը: Իսկ որպես բնակության տեղ հարմար դատեցին Մեթոն բերդաքաղաքը, որը Մխիթարն արդեն տեսել էր Զանթայից Նեապոլիս եկած ժամանակ, ուր նույնիսկ մի շաբաթի չափ բնակվելով՝ իր մարդամոտ ու անմիջական բնավորությամբ ծանոթներ ու բարեկամներ էլ էր ձեռք բերել: Մեթոն բերդաքաղաքը կառուցված էր Մոռեայի արևմտյան մասում, մի սարավանդի վրա, Մեսսինիա գավառում, և շրջապատված էր աշտարակավոր պարիսպներով: Երեք կողմից պաշտպանված էր ծովով, իսկ ցամաքի կողմից ամրացված ու ապահովված էր կրկնակի խրամատներով: Բնակչության մեծամասնությունը հույներ էին, որոնց մի մասը, գաղթելով Քիոս կղզուց, դավանությամբ պատկանում էին Հռոմեական Եկեղեցուն: Քանի որ ծանոթ էին նաև թուրքերենին, հարկ եղած դեպքում կարող էին օգտակար լինել Արևելքից գաղթած վանականներին: Կային նաև իտալացի ընտանիքներ, մինչ երկրի կառավարիչները Վենետիկցիներն էին: Մխիթար Աբբան իր նամակներից մեկում հետևյալ տեղեկություններն է տալիս Մեթոնի մասին. «Զի թէպէտ ոչ է այնքան շէն տեղ, որ առեւտուր և վաստակ աւելի լիցի, սակայն կարի աժանութիւն է, և սակաւ խարճով բարեպէս կարէ ապրիլ ամենայն ոք. զի աւելի աժանութիւն է քան զՍտամպօլ: [...] Իսկ ի կողմանէ քաղաքիս ծանիր, զի սրտաբաց տեղ է, և ունի զբազում բուրաստանս, և եթէ աստ լինիցի որ բնակիջիք՝ տարին ԺԵ կամ Ի ղուռուշ տալով, կարէք ահագին մեծ պահճայ մի վարձել ծառերով և այգով [...] նա և օդն՝ պատրաստ կեցողացն է բարի, եւս է ընդարձակ և ոչ նեղվածք»[1]:

Մեթոն գնալու և այնտեղ բնակվելու մտադրությունը միաձայն հավանությամբ հաստատելուց հետո, Մխիթարը մի աղերսագիր պատրաստել տվեց՝ երկրի Քննիչներ կոչվող իշխաններին ներկայացնելու համար, որպեսզի Մեթոնում բնակության տեղ և ագարակներ տային իրենց, դրանց եկամուտով ապրելու համար: Այդ նույն իշխաններին ներկայացրեց նաև այն վկայագիրը, որն իրեն տվել էր Կոստանդնուպոլսում Վենետիկի դեսպան Լորենցո Սորանցոն: Խնդրանքն ընդունելի եղավ և իշխանները համաձայնվեցին վանք և եկեղեցի շինելու համար ընդարձակ մի հողակտոր տրամադրել Արկադիայի Գալազոն գյուղում, ինչպես նաև Մավրամաթ կոչվող գյուղի մեծ մասը, որպեսզի դրանց եկամուտներով հոգային իրենց ամենօրյա ապրուստը: Մի պայման միայն դրեցին Մխիթարի առաջ. եթե երեք տարվա մեջ չսկսեին վանքի ու եկեղեցու շինությունը, զրկվելու էին թե՛ տեղից և թե՛ կալվածքներից: Գրելով և կնքելով, Քննիչները Մխիթարի ձեռքը տվեցին արքունի մի մուրհակ, ինչպես նաև Նավարին քաղաքում նստող գավառապետին ուղղված ուրիշ մի հանձնարարագիր, որպեսզի երեք տարվա համար նրանց տար Մեթոնում գտնվող արքունի տներից մեկը և վերոհիշյալ մյուս կալվածքները: Այդ երկու հրովարտակներն առած, իշխաններին հայտնեցին իրենցշնորհակալությունը և ուրախությամբ գնացին Մեթոն բերդաքաղաքը, ուր քաղաքապետը, ըստ գավառապետի հանձնարարության, իրենց մի ընդարձակ տուն տվեց, որը Մխիթարը վանքի հարմարեցնելով՝ աշակերտներին այնտեղ հավաքեց:

[1] Թուղթ առ Պ. Նորատունկ, ի Վենետիկ, 1712 Յուլիս 5: Իսկ Ավետիք Պատրիարքն իր նամակներից մեկում, որ գրել է 1706 թվականի Մայիսի 7ին, իր ուղևորությունը նկարագրելով՝ ասում է. «Ապրիլ 23ին, երեքշաբթի օր [...] հասանք Վենետկոյ հասարակապետութեան հպատակ քաղաք մը, ուր կար մէկ եկեղեցի մը, որուն զանգակները շարժման մէջ էին. փռանկ լեզուով Մետոն կը կոչուէր այդ քաղաքը: Ջրոյն (ծովի) եզերքը կայ դղեակ մը, տարափոխիկ հիւանդներու արգելարան մը, զոր կը պահէին պարեկապանք, եւ բազմաթիւ ձիթենիներ»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։