Մխիթարը Պոլսում և Վենետիկում հրատարակում է ուրիշների շարադրած կամ թարգմանած գրքերը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը Պոլսում և Վենետիկում հրատարակում է ուրիշների շարադրած կամ թարգմանած գրքերը

Մխիթարը, վանական Միաբանության հիմնադիր դեռ չեղած, եղավ գրքեր հրատարակող: Ինքը, որ ժամանակին տանջվել էր գրքերի ծարավից ու դրանց պակասից, չուզեց, որ ուրիշները նույնպես կրեն այդ նույն դժվարությունները: Նա երբեք չմոռացավ և դեռ սրտի կսկիծով հիշում էր այն օրը, երբ Միքայել եպիսկոպոսն իր ձեռքից խլեց գրքերը, և կենդանի գույներով դեռ իր աչքի առաջ էր այն պահը, երբ ինքը Գեմբացու գրքից միայն մի օրինակ ունենալով՝ կեսը կտրեց և իր աշակերտին տվեց կարդալու:

Նրա հրատարակչական գործունեությունը սկսվեց Կոստանդնուպոլսում, 1700 թվականի Հոկտեմբերին, ուրիշ հեղինակների կողմից գրված կամ թարգմանված գրքերը տպագրել տալով և իր վրա վերցնելով տպագրության ծախսերն ու սրբագրությունները: Իր անունը, սակայն, այդ գրքերում թաքցնում էր, հիշատակարաններում միայն նշելով. «Սրբագրութեամբ ումեմն չնչին բանասիրի»: Այդ դժվարին ու անհանգիստ ժամանակներում կարողացավ հրատարակել չորս գիրք. Թովմա Գեմբացու «Նմանություն Հիսուս Քրիստոսի» մատյանը, Մտածական Աղոթքների մի գրքույկ, և երկու մեկնություններ՝ Հայտնության և Երգ Երգոցի, դրանք տպագրելով Ոսկան վարդապետի տպարանում, որը Տասնյոթներորդ դարի վերջին Պոլիս էր փոխադրվել և կրում էր «Էջմիածնի և Սուրբ Սարգսի» անունը[1]:

Մշակութային կյանքի և գրականության համար աննպաստ դիրք ունեցող Մեթոնը հնարավորություն չտվեց Մխիթարին շարունակելու այդ գործը: Բայց երբ Միաբանությունը փոխադրվեց Վենետիկ, որն արդեն իսկ եղել էր հայկական տպագրության խանձարուրը և ուր արդեն կային ձուլված հայերեն տառերը, նրա տպագրական գործունեությունը մեծ ծավալ ստացավ: 1715 թվականին, հազիվ ոտք դրեց Դոժերի քաղաք, իսկույն ձեռնարկեց Ալբերտ Մեծի «Աստվածաբանության» հայերեն թարգմանությունը լատիներեն բնագրի հետ համեմատելու գործին, սրբագրելով ու հղկելով լեզուն որքան որ հնարավոր էր: Ապա Բորտոլիի տպարանում իրականացրեց այդ հատորի երկրորդ տպագրությունը, քանի որ առաջինն արդեն սպառվել էր: Մի քանի տարի անց, 1719 թվականին, երկու հոգևոր գրքույկ ևս հրատարակեց, – «Պարտէզ հոգեւոր» և «Խոկումն քրիստոնէական», – ի վայելումն և ի կրթություն ջերմեռանդ անձանց: 1722 թվականին, Թեոդոսյանց Դեմետրի տպարանում հրատարակեց երկու բավականին ստվար հատորներ, – «Գիրք առաքինութեանց» և «Գիրք մոլութեանց», որոնք 1339 թվականին թարգմանել էր Հակոբ Նախիջևանցին, – սրբագրելով դրանց լեզվական հայտնի սխալները: Այդ նույն տարում հրատարակեց նաև «Աղբյուր բարի» կոչված գիրքը, որ թարգմանել էր Տփղիսեցի Պետրոս վարդապետը: 1731 թվականին տպագրեց այդ նույն վարդապետի թարգմանություններից ևս մեկը. «Յարացոյց ապաշխարողաց» անունով գիրքը:

[1] Հայր Գարեգին Վ. Զարբհանալեան, Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ 1895, էջ 155:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։