Մխիթարը ծանր հիվանդանում է և առողջանում հուրախություն բոլորի – Հայր Մանուել վարդապետն առաքելության է ուղարկվում Եվդոկիա – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը ծանր հիվանդանում է և առողջանում հուրախություն բոլորի – Հայր Մանուել վարդապետն առաքելության է ուղարկվում Եվդոկիա

Միաբանությանը դրսից հարվածող ցավերին ավելացավ ներքին մի տառապանք, որը Մխիթարի սրտին շա՜տ ավելի ծանր եկավ, քան մյուս բոլոր նեղությունները միասին: Մինչ իր խնամաշատ աջի ներքո տիրում էր երջանկությունը և բոլորի դեմքին փայլում էր զվարթությունը՝ որպես ներքին խաղաղության ու գոհության ցոլացում, և Միաբանությունը հասունանում ու ծաղկում էր բուրաստանի նման, երբ ահա՛, հակառակ մշակի թափած տքնաջան քրտինքի, նրանց մեջ արմատ գցեց որոմը և փուշ դարձավ Մխիթարի գորովաշատ սրտին: Միաբանության արդյունավոր անձերից մեկը՝ Հայր Գեորգ Այնթապցին, իր անզուսպ լեզվով պղտորելով ոմանց, հատկապես ամենաերիտասարդների միտքը, խանգարում էր շատերի խաղաղությունը: Նախկին անդորրն ու բարեկարգությունը վերահաստատելու համար հարկ եղավ հեռացնել նրան Միաբանությունից: Հիմնադրի համար ծանր ու անբուժելի վերք եղավ դա, որին գումարվելով ներքին և արտաքին ուրիշ վշտեր ևս, ծանրորեն հիվանդացավ հրատապ ջերմախտով և գրեթե մահվան դուռն էր հասել: Աննկարագրելի է աշակերտների տագնապը. հիվանդությունն այնպիսի ծանր կերպարանք էր ստացել, որ բոլորն էլ սաստիկ վախենում էին հնարավոր պատուհասից, քանի որ համոզված էին, որ հանձինս Մխիթարի ինքնին Միաբանությունն էր հոգեվարքի ճգնաժամի մեջ մտել և նրա գոյության օրերն իսկ արդեն հաշվված էին: Բարեբախտաբար, սակայն, այդ ճգնաժամը երկար չտևեց: Երկնքի գթառատ մի ակնարկը բավական եղավ, որպեսզի նրանք իրենց արցունքները սրբեին և տեսնեին, որ իրենց է վերադարձվում այն կյանքը, որին մեծամեծ գործերով լի ապագա էր վերապահվել:

Մխիթարը, հազիվ թե ոտքի կանգնեց, իր ձեռքն առավ վարչությունը, և իսկույն իր ամբողջ կարողությամբ շարժման մեջ դրեց վանական կյանքի առօրյան. դասախոսություններ, հոգևոր խրատներ, գրական և կրթական վարժություններ, տնտեսական գործեր և մատակարարություն. ամեն բան մտավ իր բնականոն ընթացքի մեջ: Հայր Մանուել վարդապետին առաքելության ուղարկեց Եվդոկիա. սա, որ մի զվարթ, եռանդուն և գործունյա անձնավորություն էր, գնաց ժողովրդի ցավերը բուժելու ո՛չ միայն որպես հոգևոր դաստիարակ, այլ նաև որպես մարմնավոր բժիշկ, աղքատ հիվանդներին ձրիաբար դեղ ու դարման անելով, որի փոխարեն ընդունում էր ժողովրդի անկեղծ սերն ու երախտագիտական զգացումները: Վանքում շատացել էին գործերը. մի կողմից ավելանում էր երթևեկը Պոլսից դեպի Մեթոն և հակառակը. ուսանող պատանիներից նրանք, որոնց մոտ չէր երևում կրոնավորական կյանքի կոչումը, ետ էին ուղարկվում և նրանց տեղն Արևելքից ուրիշներն էին հասնում. մյուս կողմից, ում տարիքը հասել էր և արժանավոր էր, կատարում էր կրոնավորական ուխտադրությունը և ստանում քահանայական ձեռնադրությունը. ձեռնադրողը Հովնան եպիսկոպոսն էր, որն այդ ժամանակ Մեթոնում էր գտնվում և Մխիթարի Միաբանության հետ էր ապրում:

Այդ ժամանակավոր հաջողությունները չկարողացան, սակայն, փարատել այն մառախուղը, որ շրջապատում էր Մխիթարին և չէր թողնում նրան տեսնել իր գործի ապագան. նա դժվարություններից բացի ուրիշ բան չէր տեսնում իր դիմաց և խորհում էր, – ո՛չ առանց տխրության, – որ որևէ ձախող ելք ո՛չ միայն հաղթանակ էր լինելու իր թշնամիներին, այլ նաև մեծապես վնասակար էր լինելու Ազգի բարոյական շահերին: Նա գրեթե վստահ էր, որ Հռոմն իր գործին նպաստավոր վճիռ է տալու: Եվ չէր վախենում բացահայտ հալածանքներից, որոնք մինչ այդ իրեն միշտ շահեկան էին եղել: Ավելի վախենում էր գաղտնի հալածանքից, ծածուկ թշնամանքից, քսու լեզուներից, որոնք ձգտում էին բարոյապես մեռցնել, հիմնովին քանդել Միաբանությունը: Գրեթե սոսկումով մտահոգվում էր պարտքերի համար, որոնք ստիպված էր լինում խնդրել՝ իրենց գոյությունը պահպանելու համար: Եվ այդ երկուսի էլ փորձառությունն ունեցավ Մեթոնում հաստատվելու առաջին տարիներին, ինչպես կպատմենք հիմա:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։