Մխիթարը ծերակույտից քաղաքում վանատեղի է խնդրում – Խնդրանքը օրենքներին հակառակ լինելով՝ չի ընդունվում – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը ծերակույտից քաղաքում վանատեղի է խնդրում – Խնդրանքը օրենքներին հակառակ լինելով՝ չի ընդունվում

Մոռեան վերջնականապես դուրս ելավ Վենետիկի Հանրապետության ձեռքից, Մեթոնը մոխրացավ և այլևս վերականգնվելու հույս չկար: Հարկավոր էր, հետևաբար, մի նոր մենաստան կառուցել Վենետիկում, հուսալով, որ գոնե այնտեղ երկարատև կյանք կունենար: Միաբանության կարիքների համար շատ փոքր էր քաղաքում վարձած տունը, ուր կարող էին բնակվել միայն տասնհինգ հոգի: Երբ Մեթոնում և առաքելության մեջ գտնվող մնացյալ անդամները հասան Վենետիկ, առանձին վանք ունենալու կարիքն է՛լ ավելի զգացվեց. մանավանդ, որ Մխիթարի ծրագրի էական կետերից մեկն էլ ամեն տեղից դեռահաս պատանիներ բերելը, նրանց կրթելը և Միաբանության ապագա սերունդը պատրաստելն էր, և պետք է շուտով սկսեր իրականացնել այդ գեղեցիկ գաղափարը: Բայց ո՞ւր կարող էր տեղավորել նրանց և բոլոր միաբաններին: Ուստի հարկավոր էր, որ ունենային իրենց առանձին մենաստանը, ուր լինեին վանական կյանքի պահանջած բոլոր հարմարությունները. միաբանների համար առանձին խցեր, աշակերտների համար մասնավոր կրթարան ու դասարան, հասարակաց խմբատեղիներ. իրենց հատուկ եկեղեցին՝ միասին ժամերգելու, աղոթելու և ազգային արարողության համեմատ եկեղեցական հանդեսներ կատարելու համար. ունենային իրենց սեփական պարտեզը, ուր կարողանային հանգստանալ, զբոսնել և մշակել իրենց պետք եղած բանջարեղենը: Մխիթարն այդ ամենը ի նկատի ունենալով, իր խորհրդականների հետ որոշեց մի աղերսագիր պատրաստել ծերակույտին ներկայացնելու համար, որպեսզի իրենց շնորհվի բնակության ու մենաստանի համար հարմար մի տեղ: Այդ գործը հաջողացնելու համար աշխատեց մի ամբողջ տարի, 1716 թվականը, ջանք ու նեղություն չխնայելով, դիմելով իր ծանոթ բարեկամներին՝ Նանի, Էմո և Սեբաստիանո Մոչենիգո սեպուհներին, որոնց միջոցով ծանոթանալով ուրիշ պաշտոնական ազդեցիկ անձանց հետ և Մոռեայի իշխանների կողմից տրված վկայագրերը ձեռքն առած, մեծամեծների պալատներն անդադար երթևեկելով և հաճախ մինչև իսկ դոժական ապարանքն այցելելով, երբեք կանգ չառավ արգելքների առաջ: Սակայն ամբողջ մի տարվա ջանքերն ամբողջովին ապարդյուն եղան, որովհետև այնպիսի դժվարություններ ու խոչընդոտներ էին առաջանում, որոնք ծերակույտն անգամ, նրա խնդրանքը կատարելու հոժարակամ լինելով հանդերձ, չէր կարողանում հաղթահարել: Պետական դիվանի արձանագրություններում մի որոշում կար, որով հաշվի առնելով Վենետիկում կրոնավորական հաստատությունների չափից ավելի բազմաքանակությունը, արգելվում էր Վենետիկ քաղաքում կրոնավորական մի որևէ նոր կարգի հաստատություն ստեղծել, և այդ վճիռն այնքան աներկմիտ էր ու միանշանակ, որ բնավ մեկնության կամ բացատրության տեղ չէր թողնում: Ծերակույտը, կամենալով միաժամանակ թե՛ օրենքը հարգել, և թե՛ Մխիթարի խնդրանքը չմերժել, հետևյալ առաջարկությունն արեց. կա՛մ վանք կառուցել քաղաքից դուրս և մշտնջենավոր կերպով ժառանգել այն, կա՛մ էլ քաղաքում կառուցել վանքը, բայց պայմանով, որ Միաբանությունն այդ հողի և շինությունների վրա իրավունք ունենա միայն ներկայումս եղող անդամների կենդանության ժամանակ, իսկ նրանց մահից հետո ամեն բան անցնի տերությանը: Մխիթարն այդ երկու առաջարկներն էլ անհարմար գտավ. առաջինը՝ որովհետև քաղաքից դուրս դժվար էր Պատարագների ողորմություն գտնել, իսկ այդպիսի դեպքում ինչպե՞ս էին ապրելու, քանի որ դեռ հաստատուն եկամուտներ չունեին. իսկ երկրորդը՝ որովհետև իր նպատակն էր հիմնել տևական ու մնայուն հաստատություն, որն իրենով ու իրեններով չվերջանար, այլ՝ հաջողություն ունենար և դարերով շարունակվեր:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։