Մխիթարը հասնում է Հալեպ, ուր ծանոթանում է Հիսուսյան Հայր Անտոն կրոնավորի հետ – Նա Մխիթարին խորհուրդ է տալիս չգնալ Արևմուտք – Նրանից վկայագրեր է վերցնում և գնում Աղեքսանդրիադ – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը հասնում է Հալեպ, ուր ծանոթանում է Հիսուսյան Հայր Անտոն կրոնավորի հետ – Նա Մխիթարին խորհուրդ է տալիս չգնալ Արևմուտք – Նրանից վկայագրեր է վերցնում և գնում Աղեքսանդրիադ

Հալեպ քաղաքը գտնվում է Անտիոքի և Եփրատ գետի միջև, ճիշտ կես ճանապարհին: Հին ժամանակներում հույները քաղաքը կոչում էին Քաղիբոն կամ Քալյուբոս, որ միջին կարևորություն ունեցող բնակավայր էր, բայց արաբների և օսմանցիների տիրապետությունից հետո, Հալեպ անվան ներքո, դարձավ հյուսիսային Սիրիայի ամենաճոխ ու ճարտարվեստ քաղաքը: Արևելքի և Արևմուտքի առևտրական առնչությունների ու ճանապարհորդությունների կենտրոն էր, և նույնիսկ քաղաքական տեսակետից մեծ կարևորություն ուներ: Քաղաքում բազմաթիվ եվրոպացիներ էին բնակվում, այդ իսկ պատճառով լատին բազմաթիվ կրոնավորներ ու քահանաներ էին գտնվում այնտեղ, որոնք կրոնի հետ միասին՝ այդ կողմերում տարածում էին եվրոպական քաղաքակրթությունը:

Մխիթարն ու Հովնան վարդապետը, Հալեպ հասնելով, իջևանեցին Հայոց եկեղեցում: Նրանք հաճախ այցելության էին գնում լատին կրոնավորներին, մանավանդ՝ Հիսուսյան Միաբանության կրոնավորներին, որոնք ֆրանսիական պետության հովանավորության շնորհիվ՝ քաղաքում շատ ազդեցիկ դիրք ունեին: Նրանց մեջ առաքինությամբ և իր աստվածաբանական հմտությամբ նշանավոր էր Հայր Անտոն Բովոլլիեն, որն երկար տարիներ քարոզելով Հնդկաստանում, փորձառու էր արևելցիների բնավորությանը և ծանոթ էր տաճկերենին: Երկուսն էլ, թե՛ Հովնան վարդապետը և թե՛ Մխիթար սարկավագը, սերտորեն մտերմացան Հիսուսյան այդ կրոնավորի հետ, խոստովանեցին և կաթողիկե հավատքի դավանություն տվեցին նրա առաջ:

Արտաքին գործունեությունն արգելք չեղավ Մխիթարին իր ամբողջ էությամբ կենտրոնանալու ներքին և հոգևոր մտածումների վրա, կույր՝ աշխարհին, խուլ՝ նրա խոստումներին: Իր գաղտնի ճգնությունների թիվն ու աստիճանը հետզհետե այնքան աճեց, որ դրանցից մի քանիսը մեծագույն Սրբերի վարքերում անգամ հազվադեպ են հանդիպում, և իրենց խստությամբ՝մարդկային բնության վրա սարսափ են ազդում, ինչպես, օրինակի համար, այս մեկը, որ Հ. Մատթեոս Եվդոկիացին պատմում է իր Ժամանակագրության մեջ:

Մխիթարը կոպիտ մազերի թելով հյուսված խայթոցավոր շապիկ էր հագնում վերնաշապիկի տակից, բայց դժգոհ էր, որովհետև խայթոցները բավական բազմաթիվ չէին, իսկ շապիկի թելն իր ուզածի չափ կոպիտ չէր: Ուստի, Հալեպում եղած ժամանակ, դիմեց մի բարեկամի և գաղտնապահության խոստումը ստանալուց հետո՝ պատրաստել տվեց մաշկեղեն մի նոր ներքնազգեստ, որ պետք է կրեր մերկ մարմնի վրա: Ներքնազգեստի վրա, թիկունքի կողմից, կողք կողքի շարված էին երկաթե սուր խայթոցներ, որոնք միասին մեծ խաչ էին պատկերում: Երկու խաչեր էլ կրծքի վրա կային, նույնանման խայթոցներով շինված:

Արդարև, կան Սրբեր, որոնք եթե Դիոկղետիանոսի կամ Ներոնի ժամանակ ապրեին, քրիստոնյաներին հալածող այդ կայսրերին կարող էին որևէ հոգսից ու մտքից ազատել, քանի որ իրենք իրենց համար արդեն հնարել էին ամենանոր ու ամենաանգութ տանջանքները:

Մխիթարը Հայր Բովոլլիեին հայտնեց Արևմուտք գնալու և այնտեղ կրթություն ստանալու իր մտադրությունը: Նա, սակայն, արևելցիների բնավորությունը սեփական փորձառությամբ լավ ճանաչելով և ողջամտությունից միայն դրդված, հավանություն չտվեց Մխիթարի այդ մտադրությանը և ամեն կերպ ջանաց փոխել երիտասարդ սարկավագի միտքը, այդ քայլը համարելով Հայ Ազգին բոլորովին անօգուտ: Իսկ Մխիթարի տիրապետած գիտելիքներն, ասում էր, որ բավարար էին ժողովրդի լուսավորության համար: Մինչդեռ, հազիվ ոտք դներ Արևմուտք, խառնվելու էր օտար տարրերի հետ, փոխելու էր իր լեզուն, բնավորությունը և կամա-ակամա Ազգից հեռանալու էր հոգով ու սրտով: Այդ դեպքում ի՞նչ օգուտ կարող էր ծնվել իր գիտությունից: Այս և նմանատիպ խոսքեր էին, որ Հայր Անտոնը ստեպ կրկնում էր Մխիթարին: Բայց նա, Հռոմի միայն անունով արդեն դյութված, բուռն թափով մղված դեպի այն բարձր գաղափարականը, որն իր մտքի միակ երազանքն էր դարձել այլևս, – ճոխանալ Արևմուտքի գիտությամբ և հայրենիք վերադառնալով լուսավորել Ազգը, – ուշադրություն չէր դարձնում նրա խոսքերին: Հռոմ գնալու մի վկայագիր էր ուզում միայն, և ուրիշ ոչինչ: Կրոնավորը լռեց, երբ տեսավ, որ Մխիթարն իր ասածները հասկանալու ցանկություն չունի, և 1695 թվականի Մայիսի 30ին նրան լատիներեն լեզվով գրված երկու վկայագիր տվեց, մեկը՝ փակ և կնքված, իր Միաբանության առաջնորդին հասցեագրված, որի մեջ հիացմունքով վկայում է Մխիթարի շնորհալիության և հոգու կատարելությունների մասին. իսկ մյուսը՝ մի բաց հանձնարարագիր, որով բոլոր հանդիպողներին խնդրում է ամեն ինչով ձեռնտու լինել և բոլոր հնարավոր միջոցներով օգնել նրան: Հանձնարարական այդ նամակի ներքո ստորագրում են նույն քաղաքում գտնվող լատին կրոնավորների մյուս Մեծավորները ևս: Մխիթարը կարծեց, թե իր առաջ վերջապես բացվեցին հաջողության դռները և օր առաջ շտապում էր ճանապարհ ընկնել, առանց բնավ իմանալու, թե դեռ որքա՜ն նեղություններ էր կրելու, առանց տակավին հասնելու իր փափաքին: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ հոգևոր կյանքի և ուսման այն լուսավոր առաջնորդը, որին ինքն այդքա՜ն հետամուտ էր հասնելու, հենց ի՛նքն էր լինելու, որին Աստված պատրաստում էր Հայ Ազգի համար:

Հալեպում երեք ամիս մնալուց հետո, Մխիթար սարկավագն ու Հովնան վարդապետը գնացին Աղեքսանդրիադ[1], որն Հալեպի նավահանգիստն էր, ուր ֆրանսիական մի նավ գտնելով, պատրաստվեցին ճանապարհ ընկնել դեպի Կիպրոս:

[1] Իսսյան ծովածոցում շինված և Կիլիկիո սահմանակից այդ նավահանգիստն այժմ կոչվում է Իսքենդերուն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։