Մխիթարը, պարտքերի տակ ճնշված, ձեռնարկում է վանատան շինությանը և հաջողությամբ ավարտում է այն – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը, պարտքերի տակ ճնշված, ձեռնարկում է վանատան շինությանը և հաջողությամբ ավարտում է այն

Երկրի իշխանների կողմից որպես պայման դրված երեք տարիներն արագորեն մոտենում էին իրենց ավարտին: Իրենց իրավունքներից բոլորովին չզրկվելու համար հարկ էր օր առաջ սկսել գոնե վանքի շինությունը, բայց այդ հետին չքավորության մեջ ինչպե՞ս ճարել անհրաժեշտ դրամը, մինչ կալվածքների եկամուտները հազիվ բավարարում էին իրենց ամենօրյա կարիքներին, մանավանդ որ մարդկանց թիվն օրեցօր ավելանում էր: Ուրիշ հնարավորություն չկար. միակ տարբերակը պարտք վերցնելն էր: Մեթոնում մի հարուստ հայազգի վաճառական կար, որ պատրաստվում էր մեկնելու դեպի Եվդոկիա. Մխիթարը նրանից հինգ հարյուր դահեկան վերցրեց, իսկ փոխարենը նրան մի մուրհակ տվեց, որ տանի Հայր Մանուել վարդապետին և նրանից ետ ստանա իր դրամը: Հայր Մանուելին էլ նամակ գրեց, որ Եվդոկիացի բարեպաշտների հավաքած Պատարագի ողորմություններից, որոնց գումարը հասնում էր գրեթե հազար դահեկանի, հինգ հարյուրը այդ վաճառականին հատուցի, իսկ մնացածը շտապ իրեն ուղարկի: Մեծ հույսով, որ այդ դրամը մի քանի ամսից հասնելու էր իրեն, շինության հարկավոր նյութերը գնեց, որմնադիրներ ու փայտագործներ կանչեց, նրանց հետ սակարկեց ու գին որոշեց, և վանքի հիմնաքարը դրեց Մեթոն դղյակում 1706 թվականի Մարտ ամսին, գործավորների հետ պայմանավորվելով, որ երբ կավարտեն վանատան բնակելի մասի կառուցումը և շենքի բանալիներն իրեն կհանձնեն, այդ օրն էլ կստանան իրենց աշխատանքի վարձը: Ինքն անձամբ հսկում էր աշխատանքներին, խորհուրդներ էր տալիս, փութացնում էր գործը, որը զարմանալի արագությամբ առաջ էր գնում: Մտածում էր, որ վանքի ու եկեղեցու շինության ավարտից հետո մի մեծ բեռից թեթևանալու էր և այլևս ազատորեն նվիրվելու էր Միաբանության ներքին դրությունը բարվոքելուն և ուսումնական վիճակը զարգացնելուն: Շենքը դեռևս կիսավարտ էր, երբ Մխիթարի ունեցած գումարը սպառվեց: Ստիպված եղավ Միաբանության կալվածքների երկու տարվա բերքը ընդամենը հինգ հարյուր դահեկանով վաճառել, բայց ամբողջ շինության համար դա էլ չբավեց: Ուրիշ լուծում չունենալով, հարկադրված կրկին դրամ փոխ առավ մի հարուստ քիացուց և նույնիսկ տեղացի մի հրեայից, այս վերջինը շատ բարձր տոկոսով: Եվ այդպես պարտքերի տակ ճնշվեց, մինչև որ վանքի շինությունն ավարտվեց այդ նույն՝ 1706 թվականի Հոկտեմբեր ամսին: Վանքի ձևն ուղղանկյուն էր. երկարությունը՝ գրեթե 42 մետր, իսկ լայնությունը՝ 34: Բնակության համար հատկացված մասն ուներ երկու սրահ և տասնյոթ սենյակ: Գետնահարկից վերին սրահ բարձրանալու համար կային երկու քարաշեն աստիճաններ, պատերը կառուցված էին կրով շարված անտաշ քարից: Պատուհանների ու դռների սեմերը փայտից էին, բայց շատ վայելուչ: Ողջ շինությունն առհասարակ բարեձև էր, նրա դիմաց գեղեցիկ տեսարաններ էին բացվում, քանի որ դիրքը ծովահայաց և բարձրադիր էր, ինչպես կարդում ենք Մխիթար Աբբայի Խրատներում. «Առ եզերբ նաւահանգստին էր սահման մենաստանիս մերոյ»: Դրա նման գեղեցիկ շենք չկար Մեթոնում, այնպես որ բոլոր տեսնողները զմայլվում էին, և ճարտարապետը նույն ինքը Մխիթարն էր, որն առանց ճարտարապետական արվեստը ուսանած լինելու, բնատուր ձիրք և ճաշակ ուներ, որոնք հետո գերազանց կերպով փայլեցրեց Սուրբ Ղազարի վանքի շինության ժամանակ, որը մինչև օրս էլ բոլոր այցելուներից հիացմունքի բացականչություններ է խլում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։