Մխիթարը ճանապարհ է ընկնում դեպի Հռոմ – Ճանապարհին այցելում է Լիվոռնոյի Հայերին – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը ճանապարհ է ընկնում դեպի Հռոմ – Ճանապարհին այցելում է Լիվոռնոյի Հայերին

Միաբանության հիմնադրումից հետո սա առաջին անգամն էր, որ Մխիթարը ստիպված բաժանվում էր իր սիրելիներից: Միակ ուղևորությունն էր, որ կատարելու էր իր շուրջ հիսնամյա աբբայության ընթացքում. և եթե ծանր ու հարկադիր պատճառ չլիներ, գուցե և երբեք տեղից չշարժվեր, այնքան սրտանց էր կապված իր գործին: Եվ սակայն, անհրաժեշտ էր այդ ուղևորությունը, ո՛չ միայն Միաբանության համար շահեկան, այլ նաև Մխիթարի ունեցած համբավի տարածմանը նպաստող: Վանքի լուռ ու ամփոփ միջավայրում, համեստության քողով կարծես ամպերի տակ ծածկված մնալով, քչերն էին ճանաչում նրա եզակի ձիրքերը, իմաստությունն ու սրբությունը: Հարկավոր էր, որ անմեղությունը փայլեր աշխարհամուտ մայրաքաղաքում, դրվատանքով հնչեր նրա անունն այնտեղ, որտեղից դյուրավ պիտի սփռվեր և արձագանք գտներ մինչև Արևելքի խորքերը: Եվ մինչ գնում էր ծանր ամբաստանություններով բեռնավորված, այնտեղից վերադառնալու էր հաջողություններով ու փառքով պսակված, բարձրության գագաթնակետին հասած, և նույնիսկ իրեն զրպարտողների աչքին հարգելի դարձած: Այսքան ապիկար է մարդկանց չարությունը արդարության դիմաց:

Մխիթարն իր նամակներում այնքան մանրամասնորեն է նկարագրել իր այդ ուղևորությունը, որ մեզ ա՛յլ բան չի մնում անելու, քան քայլ առ քայլ հետևել իրեն, թվականների կարգով:

1718 թվականի Մայիսի 7ին, իր երկու աշակերտների հետ միասին, Մխիթարը Վենետիկից ճանապարհ ընկավ դեպի Հռոմ: Գրեթե երեք օր տևեց ուղևորության առաջին հատվածը, մի մասը նավակով, իսկ մի մասը կառքով, մինչև հասան Բոլոնիա, ուր հանգստանալու համար մնացին մի օր և մի գիշեր, քանի որ Վենետիկից ելնելուց ի վեր գիշերները գրեթե անքուն էին անցկացրել: Այնտեղից մինչև Ֆլորենցիա երկու օրվա ճանապարհ էր, բայց հարկավոր էր անցնել Ապենինյան լեռներով: Հինգ ոսկի վճարելով երկու կառք վարձեցին, որպեսզի փոթորիկի կամ անձրևի ժամանակ կառքի ներսում պատսպարվեին, որովհետև «սաստիկ դառնաշունչ հողմոտ լեռներ են», գրում է Մխիթարը. և իրոք, լեռնանցքի բարձրադիր մասում հանդիպում են տեղատարափ անձրևի, սաստիկ փոթորիկի և սարսռեցուցիչ ցրտի, Մայիս ամսում, և այնպիսի ամպերի ու մառախուղների մեջ են մտնում, որ ցերեկը գիշերվա պես մթնում է[1]: Երկու օրից, Մայիսի 12ին, վերջապես ողջ ու առողջ հասնում են Ֆլորենցիա, ուր իջևանում են Մայր Տաճարի մոտակայքում գտնվող մի փոքրիկ պանդոկում: Ֆլորենցիայում Մխիթարը ծանոթանում և բարեկամանում է Ռիկքարդո անունով բարեպաշտ ու մեծահարուստ մարկիզի հետ, շնորհիվ այն հանձնարարական նամակների, որոնք ստացել էր իր մտերիմ վենետիկցի սեպուհներից: Մեծ ընդունելություն գտավ Մխիթարը նրա պալատում և որքան ժամանակ այդ քաղաքում մնաց, նրա հյուրը եղավ:

Այդ ժամանակ Լիվոռնոյի Հայ գաղութի Առաջնորդն էր Բարթողիմեոս վարդապետը, Հռոմի Ուրբանյան վարժարանի աշակերտներից, գիտնական մի անձ, հավատքի նախանձահույզ ջատագով և Մխիթարին անկեղծ բարեկամ ու թղթակից: Աբբահայրը, կամենալով առավել ևս ամրապնդել բարեկամական կապերն այդպիսի մարդու հետ, որն որևէ հարցով կարող էր օգտակար լինել Միաբանությանը, Մայիսի 14ին դեպի Լիվոռնո ուղղեց իր ընթացքը: Մի շաբաթից ավելի մնաց այնտեղ, բարեկամացավ տեղի հայերի հետ և դարձավ նրանց խանդավառության առարկան. ամեն տեսակ պատիվ, մեծարանք և հրավեր ստացավ հայազգի ընտանիքներից: Բայց ամենքից ավելի Առաջնորդն էր, որ խնամք ու գուրգուրանք էր դրսևորում Աբբահոր հանդեպ[2], և նրա ուղևորության պատճառներին տեղեկանալով, մի այնպիսիցասումով բռնկվեց Միաբանության հակառակորդների դեմ, որ կրակոտ ոճով գրված երկու ջատագովական նամակ ուղղեց Սուրբ Ժողովին: Աբբահայրը ստիպված եղավ մեղմել նրա չափազանց եռանդը: Մխիթարն այդ օրերը Լիվոռնոյում անցկացրեց ինչպես իր սեփական տանը. եկեղեցում միասին էին կատարում Ժամերգություններն ու եկեղեցական մյուս հանդեսները. ինքն էր ասում մաղթանքները, իսկ Կիրակի օրն իրեն հրավիրեցին քարոզ խոսելու: Ամսի 27ին մեկնեց Լիվոռնոյից, այնտեղ անմոռանալի հիշատակներ թողնելով: Վերադարձավ Ֆլորենցիա, որտեղից երկու օր անց վերսկսեց իր ուղևորությունը դեպի Հռոմ, ուր հասավ Հունիսի 2ին, ճանապարհին կրած անտանելի տապից նվաղած: Այդ ժամանակ Հռոմի Քահանայապետն էր Կղեմես Տասնմեկերորդը, այն նույն Հայրապետը, որ մի քանի տարի առաջ հաստատել էր Միաբանության Սահմանադրությունը և Մխիթարին շնորհել էր Աբբահայր տիտղոսը:

 
[1] Նամակ Հայր Եղիա վարդապետին, 1718 Մայիս 13, Ֆլորենցիայից:
[2] «Սա էլ, Խաչատուր վարդապետի նման, անձնվիրաբար և ամբողջ սրտով աշխատում է մեզ և միաբանության գործերին ի նպաստ», գրում է Մխիթարը Լիվոռնոյից (Հայր Եղիային, 1718 Մայիս 20):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։