Մխիթարի անտիպ աշխատությունները – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի անտիպ աշխատությունները

Մխիթարի ինքնագիր մանր երկասիրությունների շարքին չմոռանանք հիշել նաև «Համառօտ ճարտասանութիւն, դիւրին ոճիւ և վայելուչ օրինակաւ» և «Յաղագս Մաթէմաթիկայի, այսինքն՝ Քանակաբանութեան» գրքերը, երկուսն էլ անտիպ մնացած, որոնցով դասախոսում էր իր աշակերտներին: Առաջինը, գրաբար լեզվով, մոտ 180 փոքրադիր միասյուն էջերից բաղկացած գրքույկ է, գրված 1733 թվականին: Նրանում, հասկանալի է, չենք կարող գտնել արդի ոճով գրված հռետորության դասագրքի բոլոր նրբություներն ու առավելությունները, բայց ներկա են ճարտասանական բոլոր ձևերը, իրենց հստակ և համառոտ սահմանումներով, յուրաքանչյուրը համապատասխան օրինակներով բացատրված: Լեզվի կանոնավորությունը և գրքի ոճը ցույց տալու համար մեջբերենք մի օրինակ. «Թուումն մասանց է ձեւ ինչ ճարտասանական, որով սեռն ի տեսակս, կամ տեսակն յանհատս, և կամ բոլոր ինչ ի մասունս իւր տրամաբաշխի. որգոն. Ո՛չ հրամայի ձեզ պատառել զառիւծս, յաղթահարել զարջս, նուաճել զփիղս, յետս նահանջել զընթացս կառաց բազմերիվարաց, և կամ յետս ընկրկել զամեհի ալիս ծովու Ովկիանոսի, առ ի ստանալ առաքինութիւն և ժառանգել զկեանս յաւիտենականս, այլ այս միայն, զի մահացուցանիցէք զշարժմունս ախտից և ըղձակերտութեանց՝ որք բուսանին ի ձեզ», և այլն (էջ 30, 32): Գրքի վերջում գտնվում է Նարեկացու Աղոթագրքից բերված օրինակների մի ցուցակ, ըստ յուրաքանչյուր ճարտասանական ձևի, նշանակելով դրանց գլուխներն ու համարները:

Իսկ «Յաղագս Մաթէմաթիկայի» գիրքը, սա նույնպես գրաբար լեզվով, մեծադիր երկսյուն 373 էջից բաղկացած ավելի ընդարձակ գործ է, բայց կարող է համառոտ անվանվել, եթե ի նկատի առնենք նրանում քննարկված զանազան նյութերը կամ ուսումները, որոնք են. «Թուաբանութիւն, Երկրաչափութիւն, Աստեղաբանութիւն, Բանք տօմարագիտականք, Երաժշտականութիւն, Ընդհայեցողութիւն, Կշռորդաբանութիւն»: Կաթողիկե սովորության համաձայն, Մխիթարը կամեցել է գիտական ընդհանուր հմտություն տալ իր աշակերտներին, միշտ սակայն գերակշիռ առավելություն ընծայելով եկեղեցական գիտություններին:

Ունի նաև թարգմանած կամ ինքնագիր ուրիշ մի քանի գրքույկ ևս, ինչպես օրինակ՝ «Դրախտ հոգւոյ» (Ալբերտ Մեծի), «Քրիստոնէական ի մեկնել զպատկերս հոգեւոր խաղու», «Արհեստ փրկութեան», «Ձայն Քրիստոսի», և այլն, որոնց մասին չուզենալով երկարացնել մեր խոսքը, անցնենք տեսնելու նրա ավելի մեծ երկասիրությունները:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։