Մխիթարի գեղեցիկ խոսքերից ու խրատներից մի քանիսը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի գեղեցիկ խոսքերից ու խրատներից մի քանիսը

Մխիթարն իր այդ խոնարհությամբ ու պարզությամբ կարողացավ բոլորին շահել, և չունեցավ մի թշնամի, որն հետո չդառնար իր ամենամտերիմ բարեկամներից մեկը: Նրա հանկարծահայտ ուժգին փայլն էր, որ շլացրեց ոմանց, որոնք իր նկատմամբ թշնամաբար տրամադրվեցին. բայց երբ տեսան, որ փայլը տևում և գնալով աճում էր, բոլորն էլ ստիպված եղան խոնարհվել նրա առաջ: Ովքեր չկարողացան հակառակությամբ վնասել, փորձեցին բարեկամությամբ շահել նրան: Եթե նրա մեծությունն ու հաջողությունները նախանձի ու հակառակության հուզումներ հարուցեցին, ապա հեզությունն ու խոնարհությունը հանդարտություն և սեր սփռեցին իր շուրջը: Նա հակառակորդների դեմ ա՛յլ զենք չէր գործածում, քան համբերությունն ու լռությունը, որովհետև համոզված էր, որ «անմեղ վարքի լռությունը շատ ավելի զորավոր և խոսուն է, քան բոլոր արդարացնող շատախոս պատասխանները»[1]: Հետևյալ խոսքերում կարող ենք տեսնել, թե ի՛նչ հոգիով ու գաղափարներով էր շարժվում Մխիթարը. «Շատ եմ աղաչում ու պաղատում ձեզ, սիրելիներ», գրում է Կարինի իշխաններին, «որ եթե ձեր քաղաքում գտնվեն մեկ կամ երկու աշխարհական կամ եկեղեցական անձինք, որոնք կարհամարհեն մեզ և մեր քարոզիչներին, նրանց հետ այնպես վարվեք, ինչպես որ մենք ենք վարվում: Եթե ուզում եք իմանալ, թե մենք ինչպե՞ս ենք վարվում նրանց հետ, ահավասիկ ասեմ. մենք ձեզ սիրում ենք, քանի որ մեր բարեկամներն եք, բայց նրանց է՛լ ավելի ենք սիրում, քանի որ մեր թշնամիներն են. ձեզ ծառայում ենք, նրանց՝ առավե՛լ ևս. ձեր համար աղոթում ենք, նրանց համար է՛լ ավելի ենք աղոթում: Այս կերպ է աճում ու զարգանում ուղղափառ կրոնը, և այսպես է ստուգությամբ գործադրվում սիրո պատվիրանը: Դուք էլ, ուրեմն, այսպես վարվեցեք, և չլինի թե մեզ գովելու համար նրանց պարսավեք կամ հետները կռվեք, այլ որքան կարելի է՝ քաղցրությամբ վարվեցեք, ամբողջ սրտով սիրեցեք և բարիք արեք նրանց»[2]: Իսկ այս տողերը գրել է իր միաբաններից մեկին. «Գրել էիր մեր դեմ չարախոսողների մասին: Ահավասիկ ասելիքս. դու թո՛ղ, որ նրանք մեր մասին չար խոսեն, որչափ ուզեն և կարողանան, որպեսզի Աստված էլ նրանց նայելով՝ ողորմի մեզ: Մեր Միաբանությունը տակավին փոքր ու դեռահաս լինելով՝ շատ ողորմության և գթության կարոտ է: Մեր մասին չարախոսողների բերանները խողովակներ են, որոնցից Աստծո գթության վտակները հեղվում են մեր վրա: Ուստի աղոթենք նրանց համար, որպեսզի Աստված նրանց մեղք չհամարի դա, որով մեզ այսքա՜ն բարիք են անում»[3]:

Հայազգի մի մարդ, որն Արևելքում և այլուր Միաբանության և հատկապես Մխիթարի դեմ շատ հակառակություններ էր արել, այնպես պատահեց, որ Վենետիկ եկավ և քաղաք մտնելու թույլտվություն ստանալու համար՝ օրենքի համաձայն դրվեց Լազարեթ կոչվող արգելարանում, ուր պետք է սպասեր քառասուն օր: Երբ Աբբահայրը լսեց, որ արգելարանում հայ կա, և թեև իմացավ, թե ո՛վ է այդ հայը, այդուամենայնիվ չհիշելով նրա արած բազմաթիվ չարիքները, փութաց նրա համար անկողին, վերմակ, բարձ և ա՛յլ հարկավոր բաներ ուղարկել: Ուրիշ անգամներ էլ զանազան մրգեր և ընտիր կերակուրներ առած՝ անձամբ նրան այցելության գնաց կամ իրենների ձեռքով ուղարկեց, և այդպես ցուցաբերեց քրիստոնեական սիրո բազմաթիվ արտահայտություններ: Մարդը, Մխիթարի այդքա՜ն վեհանձնությունից զարմացած, մանավանդ որ գիտեր, որ Աբբահայրը ճանաչում է իրեն և տեղյակ է իր կողմից գործված վնասներին, թողեց հակառակությունը և Միաբանության ամենանախանձախնդիր ջատագովներից մեկը դարձավ:

Մխիթարի հեզության և անհիշաչարության գեղեցիկ օրինակներից մեկը հետևյալ դեպքն է: Վենետիկում բնակվում էր հալածանքների պատճառով Արևելքից փախած մի հայ եպիսկոպոս, որի անունն էր Սարգիս Սարաֆյան: Ամեն անգամ, երբ նա վանք էր գալիս, Աբբահայրը նրան մեծ պատիվ և ընդունելություն էր ցույց տալիս: Տեսնելով, որ Մխիթարն ամեն տեղ հռչակվում էր իր գրքերով ու հրատարակություններով, ուզեց ինքն էլ հռչակել իր անունը: Այդ նպատակով լուր տարածեց, թե հայ մանուկներին կրթելու համար դպրոց էր բացելու, իսկ հայերեն գրքեր հրատարակելու համար՝ տպարան: Ուստի 1748 թվականին, վենետիկցի մի տպագրողի միջոցով, ճարպկությամբ ձեռք բերեց Աբբահոր կողմից նոր ձուլել տրված տառերի մայր կաղապարները և բավական քանակությամբ գրեր ձուլել տալով՝ գաղտնի տպագրել տվեց իր թարգմանած մի գիրքը: Այդ նույն տարվա ընթացքում Մխիթարը տպել էր տվել պատկերներով և զարդագրերով հարուստ, փոքրադիր մի Սաղմոսարան: Սարգիս եպիսկոպոսն էլ, հարևնման պատկերներ ու ծաղկագրեր պատրաստել տալով, ուզեց նույն ձևով տպել Սաղմոսարանը: Վենետիկցի Հայերից ոմանք տեղեկանալով, մեղադրեցին նրան. նա էլ Աբբահորը դիմեց, իբրև թե թույլտվություն խնդրելու համար, հետևյալ կարճ գրությամբ. «Հայր Աբբա, եթե դեմ չես, մի Սաղմոսարան պիտի տպագրեմ: Ապա թե ո՛չ, կամքդթող լինի»: Մխիթարը պատասխանեց. «Եթե ուզում ես տպել տալ, դո՛ւ գիտես: Բայց դա ո՛չ միայն մեզ է վնասելու, որ բնավ փույթս չէ, այլ նաև քեզ, քանի որ շատերից ես մեղադրվելու, և անունդ կոտրվելու է»: Եպիսկոպոսն այս խոսքերը որպես արտոնություն համարելով, տպագրեց իր Սաղմոսարանը, որ հարևնման էր Մխիթարի հրատարակածին: Միաբաններն իմանալով եղածը, այնքան վշտացան, որ Աբբահորից խնդրեցին պետական ատյանների միջոցով պահանջել, որ դադարեցնեն այդ տպագրությունը: Մխիթարը, փոխանակ նրանց խոսքերի համաձայն վարվելու, հեզության և անհիշաչարության մեջ թերանալու համար հանդիմանեց նրանց և ասաց. «Քա՛վ լիցի, չեմ կարող մի չնչին շահի համար կործանել մեր բարեկամությունը: Ես չեմ զղջում այն բարիքների համար, որ արել եմ իրեն, մանավանդ թե՝ ուրախանում եմ: Սրանից հետո էլ, ձեռքիցս եկածի չափ իրեն բարիք եմ անելու, իբրև թե մեր դեմ որևէ բան գործած չլինի: Քրիստոսը պատվիրում է հենց այդպիսիներին սեր ցույց տալ և բարիք անել: Ես ի՛նչ մտքի որ էի տպագրության ձեռնարկելուս պահին, նո՛ւյն մտքին եմ մինչև այսօր. այսինքն՝ բավական է, որ Ազգս օգտվի, լուսավորվի հոգևոր գրքերի բազմությամբ: Գիրք գրելու կամ հրատարակելու մեջ բնավ անձնական շահ չեմ փնտրում, ծախսին չեմ նայում: Ուստի եթե նրա տպագրությամբ մեր դիմաց փակվեն շահի դռները, և նույնիսկ Միաբանությունս վնաս կրի, դարձյալ սիրելու եմ նրան: Ի՞նչ փույթ, եթե նյութապես վնասվենք, երբ մեր Ազգը հոգեպես պիտի շահի՝ իր մեջ այսպիսի հոգևոր գրքերի ծավալվելով: Դուք էլ գիտեք, թե մինչև այժմ տպված գրքերից դրամական որքա՜ն վնաս կրեցինք. և սակայն, Աստված փոխարենը տվեց և մինչև հիմա հարկավոր բաների կարոտություն չունեցանք: Ավելորդ է, ուրեմն, հոգ անել և նեղվել այսպիսի նյութական վնասների համար, այլ միայն աներկմիտ հուսալ Աստծո նախախնամությանը, որն երբեք ձեռքից չի թողնում իր ծառաներին»: Մխիթարի մեծ հոգուն և լայն սրտին արժանավայել խոսքեր, որոնք աշակերտներին ափիբերան թողեցին:

Խոհեմությունը, որ մարդկային գործերի աչքն է համարվում, միշտ և ամեն տեղ փայլեց Մխիթարի հոգում: Իր նպատակին հասնելու միջոցները գտնելու հարցում նա ճարտար և հաջողակ էր, իսկ դրանց միջև ընտրություն կատարելիս՝ ո՛չ շտապող և ո՛չ էլ դանդաղ: Անհողդողդ և հաստատամիտ էր իր որոշումների մեջ, արագ և զգուշավոր՝ նրանց գործադրումի ժամանակ, և այնքա՜ն հեռատես, որ նախապես տեսնում էր գործի ելքը: Ամեն հարցում բռնում էր միջին ուղին. վեհանձնության հետ՝ խոնարհամիտ էր. հրամայելու ժամանակ՝ համեստ ու բարեշնորհ. խիստ էր, բայց և բարեհամբույր: Խորագետ էր, բայց ո՛չ խորամանկ. պարզ ու անկեղծ էր, բայց ո՛չ անզգույշ ու անգաղտնապահ. կիրթ ու ազնիվ էր, բայց ո՛չ մարդահաճո կամ կեղծավոր. բարեսեր ու բարեմիտ էր, բայց ո՛չ բնավ նվաստախոհ ու ծառայամիտ: Խոսքի մեջ ճոխ ու առատ էր, բայց ո՛չ սնոտիաբան. նրա բերանից երբևէ անօգուտ մի խոսք չէր լսվում. նույնիսկ օտարների հետ տեսակցելու ժամանակ խոսակցությունը փոխում էր եթե ո՛չ հոգևորի, ապա գոնե օգտակար ու պիտանի ինչ որ մի հարցի շուրջ. պարապ զրույցներն այնքան էին ձանձրացնում նրան, որ վայրկյաններն իսկ իրեն ժամեր էին թվում: Իր մեծամեծ գործերը համեստության քողի ներքո ծածկած, անձնագովության ստվերից անգամ խորշելով, նա շահում էր նախանձոտների սիրտը: Որքան խիստ էր իր անձի նկատմամբ, նույնքան կարեկցող էր ուրիշների տկարությունների հանդեպ: Ժիր և փութաջան էր մերձավորներին խնամելու հարցում. ուրիշներին հոգալու և երջանկացնելու համար մոռանում էր իր սեփական անձն ու հանգիստը: Անդուլ և անխոնջ էր բարին գործելու մեջ, անընկճելի էր ծանր դեպքերում, արի ու հնարագետ էր դժվարությունների առաջ. հաջողությունների և ձախողությունների մեջ՝ միակերպ աննկուն էր ու անայլայլ, ցավերի և տառապանքների մեջ՝ համբերող: Տրտում բաների մեջ անվրդով էր, հակառակությունների մեջ՝ անդրդվելի, կարևոր և մեծամեծ իրերի ձեռնամուխ, ո՛չ թե իր անձի փառքի կամ շահի համար, այլ միմիայն ըստ հարկի և ընդհանուր օգտակարության համար:

Նրա հոգևոր ձիրքերը, նրա ներքին գեղեցկությունը ընկալել, զգալ և նկարագրել կարողանալու համար անհրաժեշտ պայման է, որ նրա սիրտն ու հոգին կրենք մեզնում: Որքա՜ն մեծ, կենդանի և լուսավոր էր նրա Հավատքը, որ տակավին դեռահաս պատանի լինելով, իր սրտում արդեն ուներ կրոնի պաշտոնյայի նախանձախնդրությունը՝ Ճշմարտությունը քարոզելու, մարտիրոսի եռանդը, որ աներկյուղ անցնում է տանջանքների ու փորձությունների միջով: Մխիթարի բոլոր գործերի առաջնորդն էր այդ Հավատքը, որի խորհրդավոր մթությունների առաջ պատկառանքով կանգ էր առնում նրա հարցասեր միտքը, գիտակցելով, որ «Ավետարանի խոսքերն են հանգիստ պարգևում իմաստասիրական խնդիրների մեջ տատանվող մտքերին»[4]:

Մի անգամ Աբբահայրը հարցնում է փոքրիկ նորընծաներից մեկին. «Ո՞րն է առաքինությունների հիմքը»: «Չգիտեմ», պատասխանում է մանուկը: «Հավատքն է», ասում է Աբբահայրը, «որի վրա հիմնվում են մյուսները, և առանց սրա՝ ո՛չ մի առաքինություն չի կարող հաստատուն մնալ»[5]: Ուրիշ մի անգամ էլ Վենետիկում բնակվող մի հայ եպիսկոպոս, որն այդ օրը ճաշի էր հրավիրվել վանքում, կրոնական խնդիրների շուրջ խոսք բացելով՝ մեջբերեց անհավատների առարկությունները և պատասխան էր սպասում Աբբահորից: Մխիթարը համոզիչ փաստարկներով ու վկայություններով հերքեց առարկությունները: Եպիսկոպոսը, սակայն, կամենալով ավելի խոսքեր լսել Մխիթարից, ցույց տվեց, թե տրված պատասխանն իրեն բավարար չի թվում և պահանջեց, որ մտքի տրամաբանությամբ ևս ապացուցի հավատքի ճշմարտությունները: Այդ ժամանակ Աբբահայրը մեջբերեց նաև Սուրբ Թովմաս Աքվինացու ապացույցները, բայց տեսնելով, որ եպիսկոպոսը տակավին պնդում է և չի գոհանում, գոչեց. «Բոլոր մտքերը գերում ենք ի հնազանդություն Քրիստոսի Ավետարանի» (2Կր 10, 5): Այդպիսով փակվեց վիճաբանությունը[6]:

Մխիթարն իր ամեն մի խոսքի, ամեն մի գրության մեջ, ամեն դեպքում և ամեն ժամանակ սեր էր քարոզում և շնչում, և ինքն անձամբ տալիս էր իր ասածի կամ գրածի կենդանի օրինակը: «Ամբողջ սրտով Աստծուն սիրելու կերպը», գրում է, «Աստծուն առանց չափի սիրելն է, այսինքն՝ սիրել ու սիրել, ամեն բանից ավելի և ամեն ժամ սիրել, թե՛ հաջողության և թե՛ ձախողության մեջ, ամեն առիթի ու պարագայի մեջ սիրել»[7]: Մխիթարն ա՛յս կերպ սիրեց Աստծուն, և իր ողջ կյանքը մի անմնացորդ նվիրում եղավ, մի ողջակեզ՝ աստվածային և եղբայրական սիրույն:

Նրա բառապաշարում բացակայում էին «հուսահատվել, վհատվել, ընկճվել» բառերը: Փոթորիկների ժամանակ նրա ամրության խարիսխը քրիստոնեական հույսն էր, որը նրան ժայռի նման անսասան էր պահում: Վճռորոշ ու հաստատակամ էր գործերի ու մտադրությունների մեջ, որովհետև ասում էր. «Ինչպես իր հունից դուրս ելած գետն է վնասներ պատճառում, այդպես նաև որևէ մի գործ, թեկուզև բարի լինի, երբ երերում է այս կամ այն կողմ»[8]: Ոչ մի ցավ, վիշտ, տառապանք, ձախողություն կամ հիվանդություն երբեք չկարողացավ թուլացնել նրա կամքը, որովհետև համոզված էր, որ «ամեն ցավ և զվարճություն վայրկենական են, քանի որ անցյալը ետ չի դառնում, ապագան՝ գալիք է, ուստի մնում է միայն մի պահը, որ ներկան է, իսկ մի պահի ցավը՝ ցավ չէ, և հանգիստն էլ՝ հանգիստ չէ»[9]: Հույսն իր ձեռքին որպես մի ջահ բռնած, նա անսայթաք քայլեց խավարի և խութերի միջով, կանգ չառավ, մինչև չհասավ իր նպատակին: Հնարավո՞ր է ուրիշ կերպ բացատրել նրա այդքան հաջողությունները, եթե ո՛չ միայն՝ այդ ամենը վերագրելով աներևույթ այն Աջին, որն երբեմն թվում է, թե ետ էր քաշվում, բայց դա Իր ամենակարող ուժն առավե՛լ ևս ցույց տալու համար էր: Դժվար է պատկերացնել մի ավելի մեծ վստահություն, քան Մխիթարի ունեցած ապավինումն էր Աստծուն: Նրա հեռատեսությունը տարիների մի ամբողջ շարք էր ընդգրկում, որի հանդեպ տրամադրված էր որպես մի «այսօր». և սակայն, այդ հեռատես անձը գոհանում էր օրվա հացով, զգեստով ու բնակարանով, չէր մտահոգվում, չէր մտածում «վաղվա» մասին, գիտենալով, որ Նա, ով գեղազարդում է վայրի շուշանին և կերակրում է ճնճղուկներին, առավե՛լ ևս կհոգա իր ծառաների կարիքները[10]: Այս խոսքերն հաճախ էր կրկնում իր աշակերտներին, և խստիվ պատվիրում էր, որ դրամին հետամուտ չլինեն և չափազանց չմտահոգվեն ապրուստի կամ նյութական ուրիշ որևէ կարիքների համար: Իր իսկ խոսքերից լսենք, թե ի՛նչէր մտածում այդ մասին և թե ինչպե՛ս էր վարվում տարբեր պարագաներում. «Ես երբեք նվիրատվություններ չընդունեցի, երբ չկար մեկը, որի կարիքները պետք է բավարարեի: Նախ Միաբանությանս անձերը հավաքեցի, և միայն հետո՝ նրանց կարիքները հոգացի: Այս պատճառով է, որ ո՛չ մի բանի դեմ այնքան վրեժխնդիր ու նախանձախնդիր չեմ, որքան կրոնավորների կողմից դրամ հավաքելու, երբ դրա կարիքը չունեն. քանի որ դրանից մեծամեծ վնասներ են ծնվում: Ուստի, ովքեր մահիցս հետո կանդամակցեն այս Միաբանությանը և կուզենան իմանալ, թե ո՛րն է ինձ ամենահաճելի կամ կամքիս ամենահակառակ բանը, ահա՛ այն. Ինձ ամեն ինչից ավելի ատելի է դրամ կուտակելն առանց անհրաժեշտության, և չկա ինձ այնքան ախորժելի բան, որքան դրամ կուտակելուց հրաժարվելը: Արդ, ովքեր կփափաքեն հետևել ինձ և ինձ հաճելի մի բան անել, թող պահեն այս խոսքս, քանի որ դրամ կուտակելը բազմաթիվ Միաբանություններ թուլության մեջ գցեց, և ի վերջո՝ կործանեց»[11]: Այս պատվիրանը նախ ինքն անձամբ կատարեց գործով:

[1] Հատք, էջ 78:
[2] Մխիթար Աբբահոր նամակը Կարինի իշխաններին, 1726 թվական:
[3] Նամակ Հայր Պետրոս վարդապետին, 1726 Օգոստոս 3:
[4] Հատք, էջ 46:
[5] Խրատք, հտր. Բ, մասն Բ, էջ 18:
[6] Նույն, էջ 74-75:
[7] Հատք, էջ 10-11:
[8] Նույն, էջ 75:
[9] Նույն, էջ 57:
[10] Նամակ Հայր Եղիա վարդապետին, 1727 Հունիս 25:
[11] Կտակ Մխիթարայ Աբբահօր, 1749:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։