Մխիթարի գլխավոր նպատակներից մեկը առաքելությունն էր – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի գլխավոր նպատակներից մեկը առաքելությունն էր

Այդ անկարգությունների առաջն առնելու միակ միջոցը քարոզչությունն էր: Քարոզչությունն էր վերարծարծելու կրոնի վսեմ գաղափարը. ներշնչելու էր հոգևոր իմացության մաքուր հոգին. աչքերի առջևից հեռացնելու էր տեսադաշտը փակող այն քողը, որ ծածկում էր Ճշմարտությունը. գրավելու և տիրանալու էր ըմբոստ մտքերին, փափկացնելու էր կարծրացած սրտերը. ընտանիքների և ընկերություների մեջ հաստատելու էր սերն ու խաղաղությունը. սանձելու էր կրքերն ու մոլորությունները. թշվառներին ու ցավագարներին սփոփելու էր, պաշտպան էր կանգնելու հարստահարված անմեղությանը. մի խոսքով, բուժելու էր մարդկային սրտի վերքերը: Ահա՛ այն բարձր գաղափարականը, որին Մխիթարն ուզում էր հասնել առաքելության միջոցով. այս իսկ պատճառով էր, որ իր կողմից հաստատված Միաբանության համար որպես կենսական պարտականություն՝ մի չորրորդ ուխտ դրեց. Առաքելությունը[1]: Անձամբ ինքն արդեն, իր քահանայության առաջին օրից իսկ ընտրել էր այդ քարոզչական ասպարեզը, անձնվեր ջանքերով հարթելով նրա դժվարին ուղին: Պոլսում եղած ժամանակ, Միաբանությունը դեռ չհիմնադրած, իր առաջին աշակերտներին առաքելության էր ուղարկում գավառները. Մեթոնում նույնպես, դեռ հազիվ էր մի ափ հող ստացել, որի վրա կառուցելու էր մենաստանը, Մխիթարի որդիները գնում էին սփռելու Ավետարանի լույսը, գիտակից լինելով հանդերձ, թե ինչպիսի վշտեր ու հալածանքներ էին սպասվում իրենց. նույն ոճով շարունակում էին նաև Վենետիկում ապաստանելուց հետո, մինչև որ զանազան զրպարտությունների պատճառով Սուրբ Ժողովի բացահայտ հրամանն արգելեց դա: Մխիթարի համար դա մեծագույն տագնապը եղավ, քանի որ իր միակ նպատակն էր Ազգի լուսավորությունը: Փութաց գնալ Հռոմ, վերացնելու համար այդ արգելքը և կրկին բացելու առաքելության ուղիները: 1718 թվականի վերջին ետ վերադարձավ Սուրբ Ժողովի վճիռը ձեռքին, որով իրեն ընդարձակ իշխանություն էր տրվում քարոզիչներ ուղարկելու ո՛ւր որ հարկավոր էր նկատում: Հաջորդ տարվա մեջ հաստատապես հիմնադրվում են Մխիթարյան առաքելությունները, որոնք անընդհատ տևեցին և շարունակում են տևել մինչև մեր օրերը, հակառակ մեծամեծ դժվարությունների ու փոթորիկների, որոնք չկարողացան տապալել Մեծն Սեբաստացու ձեռքով կանգնած այդ կոթողը: Բայց առաքելություն ասելով, այստեղ չենք հասկանում միայն սեղմ, անձուկ իմաստով, զուտ կրոնական ըմբռնումով. հոգևորը այդ առաքելության արմատն է, բայց նրա երկու գլխավոր ճյուղերն են գիտությունը և կրթությունը, ինչպես երևում է նրանց գործունեության պատկերից. Մխիթարն ու Մխիթարյանները միշտ իրարից անբաժան են նկատել եկեղեցին և դպրոցը:

[1] Մխիթարյան Միաբանությանն անդամակցելը կատարվում է երդման արարողությամբ, որը վանական ավանդության համաձայն կոչվում է Ուխտադրություն. նորընծա վանականը կատարում է չորս ուխտ՝ կուսակրոնության, աղքատության, հնազանդության և առաքելության: Այս ուխտերից առաջին երեքը հատուկ են վանական բոլոր հաստատություններին, մինչ չորրորդ ուխտը բնորոշ է միայն Մխիթարյան Միաբանությանը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։