Մխիթարի հոգևոր տաղերն ու շարականները – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի հոգևոր տաղերն ու շարականները

Տեսնելով, թե ինչպիսի բազմազբաղ ու մշտախռով կյանք ունեցավ Մխիթարը, մարդ ապշում և զարմանում է, թե որտեղի՞ց էր ժամանակ գտնում նաև գրականությամբ զբաղվելու համար, քանի որ նրա գրական գործունեությունը չսահմանափակվեց միայն երկրորդական գործերով, մի քանի աննշան գիրք կամ գրքույկ հրատարակելով, այլ՝ կարևորագույն երկեր հեղինակեց և որպես իրեն գիտությանը նվիրած մեկը՝ լույս ընծայեց այնպիսի գրքեր, որոնք կարող են որպես մեկական գլուխգործոցներ նկատվել: Միայն Աստվածաշնչի հրատարակությունն արդեն, որ այդքա՜ն մեծ խնամքով է կատարվել և նկարազարդվել է գեղեցիկ պատկերներով, կարող էր պատիվ բերել անգամ ամենահմուտ բանասերին և նրա անունը հավերժացնել: Այդպես նաև Մատթեի Մեկնությունը կամ Հայկազյան Բառարանը, ուրույն ուրույն նկատելով, կարող էին մեկական անմահ կոթողներ լինել: Եվ չեմ խոսում նրա փոքր ու միջին գրությունների կամ հրատարակությունների մասին, որոնք եթե բոլորը միասին վերցնենք, կտեսնենք, որ մի մարդու կյանքը հազիվ պիտի բավականացներ դրանք լույս ընծայելու համար, հաշվի առնելով նաև ժամանակի տպագրական դժվարությունները:

Մխիթարը ստեղծագործող միտք էր: Երբ կարողանում էր իրեն հարմար միջավայրում խաղաղվել ու ամփոփվել, ներքին մի կենսունակությամբ ծավալվում էր և մտավոր զարմանալի արդյունք էր տալիս: «Վեհ ու վսեմ իմաստները հասկանալու մեջ արագ էր, նուրբ խնդիրները հետազոտելու մեջ՝ խորաթափանց և դիպուկ, ճշմարտության խոսքերի խելամիտ ըմբռնման մեջ՝ կորովամիտ, իմաստները մտքում արձանագրված պահելու մեջ՝ մեծ հիշողությամբ օժտված»: Սա՛ է Մխիթարի ծանոթների ու ժամանակակիցների գնահատականը նրա իմացական կարողության մասին:

Աշխատելու մի զարմանալի ձև ուներ, որով հասցնում էր ամեն ինչ անել: Միաժամանակ երկու-երեք գործ էր ձեռնարկում, ինչպես տեղեկանում ենք իր նամակներից, և դրանք կատարում էր առանց շփոթվելու, առանց մեկը մյուսին խանգարելու: Ամբողջ օրը տնտեսական կամ վարչական գործերով զբաղվելուց հետո, շատ հաճախ գիշերվա ժամերը տրամադրում էր գրական աշխատություններին: Մխիթարը, երբ դեռ հազիվ տասնհինգ տարեկան էր, զգաց իրեն հոգևոր բանաստեղծ և երգիչ. հեշտությամբ հորինում էր տաղեր, ոտանավորներ և դրանց հարմարեցնում էր արևելյան տխրանուշ եղանակներ, որոնցից մի քանիսն իր հետ Վենետիկ բերեց և մինչև այսօր ավանդաբար պահվում ու երգվում են Սուրբ Ղազարում: Նրա պատանի հասակի երախայրիքն է. «Աղաչեմք զքեզ, Աստուածածին» երգը, այբուբենի գրերի համեմատ դասավորված, որի առաջին վեց տների վերջին տողերի սկզբնատառերը կազմում են «Մխիթար» անունը: Գովեստների մի փունջ է, ամեն մի քրիստոնյայի համար հարկավոր խնդրանքների մի հյուսվածք, որն ընծայել է Տիրամորը վարդերով հյուսված ծաղկեպսակի նման: Այդ երգի մեջ ընկալվում են Մխիթարի ջերմ ու անմեղ սրտի թրթիռները: Աստվածածնին նվիրված տոնական օրերին այս երգն է երգվում Սուրբ Ղազարի վանքում և Մխիթարյան առաքելավայրերում:

Գրել է նաև մի ճարտար ու երկար ոտանավոր երգ, որը մոտ 1500 տող է հաշվում: Սա գրել է այն տարին, երբ տառապում էր աչքերի հիվանդությամբ և գրեթե կուրության էր հասել: Շարակարգել է այբուբենի տառերի համեմատ, սկսելով «Ամէնօրհնեալ Սուրբ Կոյս, գթա» աղերսով, որի առաջին տաղի երկրորդական տողերի սկզբնատառերը կազմում են հետևյալ խոսքը. «Մինչ կոյրն էի՝ ուխտեցի, Զի ի Կուսէդ լոյս տացի»: Զգայուն տաղ է, ճարտար հորինվածքով. իրար հաջորդող տողերի մեջ հաճախ այնպիսի բառեր են գործածված, որոնք եթե դուրս հանվեն, ոտանավորի իմաստը բնավ չի փոխվի, իսկ հանված բառերը կողք կողքի դնելով՝«Հայր մեր» կամ ուրիշ աղոթքներ են կազմվում: Այս տաղի մեջ գործածված ամենաքաղցր բառը «լույսն» է, որ հաճախ է կրկնվում, որին հեղինակը ձգտում է իր ողջ ուժով և ներկայացնում է հազարումի երանգներով: Իմաստներն այնպիսի հորդությամբ են զեղում մտքի մեջ, որ դրանք գրի առնելու համար բավական թուղթ չի գտնում. «Գրելոյ՝ թուղթք չեն բաւական», ասում է: Անտարակույս, իր կյանքի այդ խավար օրերին է գրել նաև «Անճառին խորան» երգը, ուր հառաչանքով գոչում է. «Ցաւեցաւ ակն իմ, փարատեա՛ զցաւս իմ, Մարիամ», և քերականական մի փոքրիկ զարտուղությամբ, որ ներելի է ցաված սրտի համար, ասում է. «Լոյս տուր իմ ակին»: Իր մյուս ոտանավոր երգն էլ, որ սկսվում է «Երանելի Մայր անարատ» բառերով, ուր չկա մի տող, որտեղ կրկնված չլինի «լույս» բառը, այդ նույն հիվանդության օրերին է շարադրել: Բարձր, ազնվական սրտի խոսքերն են դրանք, որոնցից բնավ չի լսվում մի տրտունջ, նույնիսկ իր ամենադառն ցավերի մեջ, այլ ընդհակառակը՝ լույսերի, ծաղիկների, գոհարների մեջ է սավառնում մտքով, որոնք հավաքելով՝ դրանցով հյուսում է Տիրամորն ուղղված իր գովեստները:

Մխիթարի բոլոր ոտանավորները հոգևոր երգեր կամ աղոթքներ չեն, երբեմն կան նաև բարոյական խրատներ, ինչպես այս մեկը.

«Զքոյոց իրաց մինչ առ բարին տարածանել սկըսանիս,
Յայնժամ բանիւք բազմօք լըցեալ Արիստոտէլ երեւիս,
Իսկ ըզբարեացն այլոց խօսել՝ նաեւ զայբբեն անգիտես» [...] :
 

Իսկ երբեմն էլ նկարագրում է իր կրած ալեկոծությունները, որոնք հիշեցինք և որոնցից հատվածներ արդեն մեջբերեցինք իր կյանքի պատմության ընթացքում: Մխիթարի գեղեցիկ ոտանավորներից մեկն է նաև «Օրօրքը», որ գրել է Սուրբ Կույսի անունից՝ Մանուկ Հիսուսին ուղղված, և որ սկսվում է «Ննջեա՛, որդեակ, քաղցր և անոյշ» բառերով:

Մի օր Մխիթարը, երբ դեռ սարկավագ էր Սեբաստիայում, չորս ավագ տոներին նվիրված շարականների մի տետր հանձնեց տիրացուին, եկեղեցում երգելու համար: Շարականների բառերն ու եղանակները նոր էին, բայց տիրացուն իր ոլորուն ձայնով երգեց դրանք ճիշտ այն եղանակով, որով սովորեցրել էր իրեն Մխիթարը: Ժողովուրդը շատ զգացվեց, և բոլորն էլ կարծեցին, թե նախնիների նորագյուտ շարականներ են, բայց հետո հարցուփորձ անելով իմացան, որ Մխիթարն է գրել դրանք: Շարադրել է ուրիշ երեք շարականներ ևս՝ ի պատիվ Հիսուսի և Աստվածամոր անունների տոների և Սուրբ Հովսեփի, որոնք հետո տպագրվել են առանձին տետրով և դեռ երգվում են Սուրբ Ղազարի վանքում:

Իր ոտանավորների ու շարականների մեջ Մխիթարն ընդհանրապես պարզ լեզու է գործածում, երբեմն նույնիսկ շեղվելով քերականական և տաղաչափական կանոններից: Տաղաչափության և հանգերի հարցում հետևում է Շնորհալուն, որի «Յիսուս Որդի» քերթվածը մանուկ հասակից անգիր գիտեր: Հանգերը երգչի ամենամեծ կապանքներն են, որին չեն թողնում ազատորեն խոյանալ իր զգացումների թևերով: Այդ կապերը խզող սուրը լինելու էր Մխիթարի զավակներից մեկի՝ Բագրատունու խիզախ գրիչը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։