Մխիթարի ճգնությունները – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի ճգնությունները

Մխիթարն այն բոլոր հոգեշահ խոսքերը, որ լսել էր, սրբության օրինակները, որ տեսել էր երկու ճգնավոր եղբայրների և հոգետես կույսերի մոտ, ջանում էր ճշտորեն պատկերել իր անձի վրա, չուզենալով և ո՛չ մեկից ետ մնալ առաքինության ճանապարհի մեջ: Ճիշտ է, հարկավոր է ասել, որ նրա նախնական դաստիարակության մեջ գերակշիռ ազդեցություն ունեցավ կրոնական տարրը, բայց եթե դա մասամբ իրադրության ու պարագաների արդյունքն էր, պետք է սակայն ընդգծենք, որ հիմնականում արգասիքն էր Մխիթարի բնավորության, որն անչափ զգայուն էր հոգևորի նկատմամբ: Նրա սրտի առաջին բաբախումը եղավ կրոնավորական կյանքի համար, և քանի որ այդ կյանքի առաջին պահանջը վարքի սրբությունն է, նա իր ամբողջ եռանդով ձգտում էր դրան: Պատանի տարիքից իսկ սկսեց սանձել իր բնության պահանջները, զոհել հանգիստը և հաճույքները, որոնք բնականաբար կարող էր վայելել իր ընտանիքի գրկում: Պահքի ու ճգնության մեջ կամքի զարմանալի տոկունություն էր դրսևորում: Այդ տարիքի տղաները սովորաբար մի քիչ որկրամոլ են լինում. նա, մինչդեռ, որոշեց ընդհանրապես միս և գինի բերանը չդնել, հրաժարվեց համեղ կերակուրներից ու մրգերից, և կարողացավ իրոք, գործնականորեն ի կատար ածել իր այդ որոշումները: Միայն թե այդ հարցերում նա չէր կարողանում հարկ եղած չափը պահել: Եթե առանց հսկողության թողնվեր, կարող էր չափազանցությունների մեջ ընկնել և վնասել իր առողջությանը: Բարեբախտաբար, պատանի Մխիթարն ունեցավ լուսամիտ առաջնորդներ, և մանավանդ՝ բարեպաշտ մայր, որը չափավորելով տղայի եռանդը, սովորեցրեց խոհեմ ու զգուշավոր լինել ճգնություների մեջ: Մի անգամ կարդալով, որ հինավուրց ճգնավորներից մեկն ամբողջ պահքի ժամանակ բնավ ջուր չի խմել, ինքն էլ փորձեց ու հաջողեց: Ծնողներից ծածուկ, մերկ մարմնի վրա այծի մազով հյուսված կարծր զգեստներ էր հագնում և հաճախ երկու-երեք օր առանց ուտելու և խմելու էր անցկացնում: Օրվա մեծ մասն աղոթքին էր տրամադրում: Գրքեր կարդալու մեծ պահանջ զգալով՝ տառապում էր, որովհետև ձեռք բերելու հնարավորություն չուներ: Երբ տասնչորս տարեկան դարձավ, ամեն միջոց ու հնարք գործադրեց ծնողներին համոզելու, որպեսզի իրեն թույլ տան, որ վանք մտնի ու կրոնավորի սքեմ հագնի: Ծնողները, մանավանդ հորեղբայրները, փոքր տարիքը պատճառ բռնելով, չթույլատրեցին: Այդ պատճառով նա մի տարի էլ մնաց տանը, որպեսզի ավելի փորձվի և ավելի լավ ճանաչի կրոնավորական կոչման էությունը: Այդ տարվա ընթացքում ծնողները նրան ստիպեցին, որ դերձակության արհեստը սովորի, որպեսզի եթե հանկարծ կրոնավորական կոչումը չհաջողվի, ձեռքին մի գործ ունենա: Նա հնազանդվեց ծնողներին, թեպետ վստահ էր, որ եթե մի անգամ կրոնավորի սքեմ հագնի, այնուհետև մինչև գերեզման այն իր վրայից չի հանի[1]:

[1] Ճիշտ է, Մխիթարն իր վրայից այլևս երբեք չհանեց կրոնավորական սքեմը, բայց անօգուտ չթողեց նաև դերձակության արհեստը: Մեր սրբակենցաղ Աբբահայրը, ավետարանական աղքատության իրական ապրումով, իր պատռված կամ մաշված զգեստներն ինքն իր ձեռքով էր կարում ու կարկատում: Դա անում էր հատկապես Միաբանության ամենաչքավոր տարիներին, ինչպես կարդում ենք իր իսկ նամակներում (տե՛ս, օրինակի համար, 1718թ. Սեպտ.ի 10ին Հայր Եղիա Վարդապետին գրած նամակը), բայց նյութական ապահովության ժամանակներում էլ միշտ ուշադիր էր իր հագուստների պարզությանը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։