Մխիթարի մահը և թաղումը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի մահը և թաղումը

Արշալույսը ծագելու մոտ էր. վանքի սրահներում լռիկ մնջիկ գնում գալիս էին տխուր դեմքեր, անշշուկ աղոթելով և արտասվալի աչքերը սրբելով: Մխիթարը հանդարտ տարածված էր անկողնու վրա, տժգույն, բայց խաղաղ, հստակ դեմքով, կիսաբաց աչքերով, դողդոջուն շուրթերով, ձեռնամած, խաչն ու Տիրամոր պատկերը կրծքին, շուրջն ալևոր, պատկառելի դեմքեր բոլորած: Հանդիսավոր պահ էր. համակ լռություն: Հոգեվարքի տագնապների որևէ հետք չէր նշմարվում նրա դեմքին. սպասող դիրքի մեջ էր, կարծես վերից մեկը ձայնելու էր կամ ակնարկելու, և նույն պահին մահկանացուի իր կապերը խզած՝ թեթևակի սավառնելու էր իրեն Սպասողի գիրկը: Վերջապես մոտենում էր հոգին ավանդելու երջանիկ րոպեն: Մոտը կանգնածները մոտեցան համբուրելու նրա աջը, ջերմ արտասուքի կաթիլներ թողնելով նրա ձեռքերի վրա: Նա ոչինչ չզգաց: Զմայլման մեջ էր, այդ պահին ավելի երկնքին էր պատկանում, քան երկրին: Խոստովանահայրն ականջին շշնջաց. «Հիսո՜ւս, Մարիա՜մ»: Ինքն էլ կրկնեց. «Հիսո՜ւս, Մարիա՜մ»: Խոստովանահայրը հարցրեց, թե արդյոք կփափաքե՞ր մի վերջին անգամ էլ արձակում ստանալ: Նա գլուխը մեղմ ցնցեց, իբրև հավանության նշան: Այդ ժամանակ տրվեց նրան վերջին արձակումը, որից հետո շուրթերին մոտեցրին ներողության խաչն ու Տիրամոր պատկերը, որոնք նա համբուրեց: Այդ պահին քահանաներից մեկը գնաց պատարագելու, որպեսզի խաղաղությամբ ավանդեր հոգին: Երբ Պատարագն ավարտվելու վրա էր, միաբան բոլոր հայրերի ներկայությամբ՝ Մխիթարը ննջեց արդարների քնով, մաքրափայլ հոգին ավանդելով Աստծո ձեռքը, 1749 թվականի Ապրիլի 27ին, յոթանասունչորս տարեկան հասակում: Անմիջապես նրա հոգու համար Պատարագներ մատուցվեցին: Ավելի դյուրին է մտքով երևակայել, քան թե գրչով նկարագրել Մխիթարի սիրասուն որդյակների սուգն ու վիշտը, արտասուքն ու հառաչանքը, զրկվելով այդպիսի սիրելի և աստվածարյալ մի հորից, որի խնամքի ու առաջնորդության կարիքը դեռ զգում էին:

Հոգին ավանդելուց անմիջապես հետո, երկարատև ու դժվարակիր հիվանդությունից ամբողջովին հյուծված ու տժգունած դեմքի դալուկը հանկարծ կարմրափայլ, վարդագույն պայծառության փոխվեց, ինչը տեսնելով՝ բոլորը սքանչացան: Դեմքի այդ գեղեցկությունը երկու օր տևեց, մինչև որ մարմինը ծածկվեց գերեզմանում: Իր հատուկ զգեստները հագցնելով՝ մարմինն արտաքին սենյակ փոխադրեցին, որպեսզի դյուրին լիներ բոլոր նրանց համար, ովքեր փափաքում էին տեսնել իրեն և աղոթել իր հոգու համար:

1749 թվականի Ապրիլի 27ին, երեկոյան դեմ, Սուրբ Ղազարի սրահների միջով անցնում էր սգավոր, տխրադեմ աբեղաների մի թափոր, վառված մոմերը ձեռքներին: Մղձուկ, հեկեկացող ձայներ ու հառաչ, զարնվելով կամարներին, կոտրվում ու սարսռուն հնչյուններով տատանում էին օդը: Խունկի ծուխը, սգակիր դեմքներին փարվելով, տխրագիծ գալարումներ էր անում: Թափորի ետևից համրաքայլ տարվում էր մի սևապատ դագաղ, որի մեջ հանգչում էր այն Մեծը, որն իր կյանքը զոհաբերել էր աշխարհիս ամենամեծ ու ամենասուրբ գաղափարականին, այն է՝ Կրոնին ու Գիտությանը: Այդ Մեծը ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՆ էր: Եկեղեցի հասնելով, դագաղը մի բարձր գահավորակի վրա դրեցին: Հաջորդ առավոտյան դարձյալ Պատարագներ մատուցեցին և կատարեցին թաղման կարգի առաջին մասը: Երեկոյան լրացնելով թաղման կարգը, վառվող ճրագների շքերթով, անուշահոտ խունկերի բուրմունքով, հոգևոր երգերով ու սաղմոսներով՝ այդ սրբասուն և մշտամեռ մարմինն իջեցրին տարիներ առաջ պատրաստած իր տապանի մեջ, եկեղեցու դասի մեջտեղում: Թաղմանը ներկա գտնվեցին երկու հայ եպիսկոպոսներ, – Զմյուռնիայի Մինաս և Կեսարիայի Սարգիս Արքեպիսկոպոսները, – Վենետիկում ապրող բոլոր հայերն ու հայ քահանաները, ինչպես նաև բազմաթիվ իտալացիներ՝ եկեղեցական և աշխարհական կարգից, և բոլոր ծանոթներն ու բարեկամները: Տապանի վրա ութ օր անընդհատ հոգեհանգստյան պաշտոն կատարեցին: Ութերորդ օրը Մխիթարի ատենադպիր Հայր Մատթեոս Եվդոկիացին ամբողջ Միաբանության առաջ մի հուզիչ ու իմաստալից դամբանական խոսեց լուսահոգի Աբբահորն ի պատիվ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։