Մխիթարյան առաքելությունները Հայաստանի գավառներում – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարյան առաքելությունները Հայաստանի գավառներում

Նույն հալածանքները քիչ թե շատ կային նաև գավառներում, թշվառությունը տիրում էր ամենուրեք, բայց աշխատելու ընդարձակ ասպարեզ կար. «հունձք բազում էին և մշակք սակաւ», հետևաբար՝ այնտեղ առաքելությունն ավելի արգասավոր եղավ: Մխիթարի քարոզիչները, կրոնի և լուսավորության այդ առաքյալները, Պոլսից բաժանվում էին իրարից և հստակ որոշված մի ուղեգծով, – որպեսզի միևնույն տեղերը չգնային քարոզելու, – իրենց քայլերն ուղղում էին դեպի հայաբնակ գյուղերն ու քաղաքները. Բյութանիայից սկսած մինչև Միջագետքի կողմերը, և այնտեղից, Փոքր և Մեծ Հայքերն ընդգրկելով, մինչև Կովկասի լեռնաշղթան: Զգուշանալով հալածանքներից ու մատնություններից, որոնք ընդհանրապես կաթողիկե քահանաների դեմ էին ուղղված, Մխիթարյան քարոզիչները ստիպված էին լինում կերպարանափոխվել, վաճառականի կամ ուրիշ արհեստավորների զգեստների մեջ ծպտվել ուղևորությունների ժամանակ[1]: Մի քաղաք կամ գյուղ հասնելով, հազիվ էին իրենց ո՛վ լինելը բացահայտում, մի ահագին բազմություն ուղղակի վազում էր խրատ և քարոզ լսելու, – այնքա՜ն որ մեծ էր ժողովրդի ծարավը, – և Սուրբ Խորհուրդներն ընդունելու, որոնցից զուրկ էին մնացել տարիներով: Մխիթարյան քարոզիչների եռանդուն և հոգելից խոսքերը որքա՜ն անզեղջներ ու մոլորվածներ էին դարձի բերում, քանիների՜ միտքն էին լուսավորում: Հայր Եղիա վարդապետը, Տրապիզոնում իր առաջին քարոզության ժամանակ, 1701 թվականին, մեծ մեղավորների դարձի պատճառ է լինում, և ժողովուրդը, որ նախապես չէր ուզում նրան քաղաքում ընդունել, հետո չէր թողնում, որ գնա, նրա հոգեշահ քարոզների համն առած լինելով[2]: Միևնույն արդյունքներն էին ունենում նաև Հայր Հովհաննես վարդապետի քարոզությունները Բուրսա, Մանիսսա և Թիվատիր քաղաքներում, ուր աղոթքով բժշկում էր այսահարներին և արմատախիլ բնաջինջ էր անում զեղծումներն ու նախապաշարումները[3]: Հայր Մանուելը, Եվդոկիայում, հայրաբար խնամում էր աղքատներին ու տկարներին, դաստիարակում էր պատանիներին, և բոլորի համար մի քաղցր, սփոփիչ կամ կրթիչ խոսք ուներ՝ յուրաքանչյուրի տարիքի ու աստիճանի համեմատ: Իսկ Հայր Ստեփանոսը աղոթքով առողջացնում էր հիվանդներին, իր կյանքի ու անմեղության դեմ լարված թակարդներից անվնաս էր մնում, և գետակուր լինելուց ազատվում էր ջրերը խաչակնքելով[4]: Հայր Հակոբ Կարնեցին իր առաջին իսկ քարոզով փափկացնում էր քարացած սրտերը, հարուստների գանձերը բացել էր տալիս աղքատների առաջ, և մի անդամալույծի է առողջացնում Ամենասուրբ Հաղորդության Խորհրդի զորությամբ. այդուհետև հիվանդները խուռնընթաց նրա մոտ էին վազում բժշկվելու համար, և հուսախաբ չէին մնում. աղոթքից բացի, նա գիտեր դեղերով ևս բուժել սովորական հիվանդությունները[5]:

Նրանք այնքան հմուտ և գիտակ էին աստվածաբանական գիտություններին, որ բազմաթիվ ունկնդիրների առաջ ճառում էին կրոնական ամենանուրբ խնդիրների մասին, վիճաբանում էին բարձրագույն վարժարաններում ուսանած նշանավոր աստվածաբանների հետ, և երբեք ամոթով չէին մնում: Մխիթարի երիտասարդ միաբաններից մեկը՝ Հայր Գաբրիել Կարնեցին, եռանդուն և կրոնական խնդիրներին հմուտ մի անձ, Պոլսում գտնված ժամանակ վիճաբանության է բռնվում Ջահկեցի Հայր Դավիթ անունով մի քահանայի հետ, որը պնդում էր, թե Հայոց Պատարագը ճշմարիտ Պատարագ չէ, նրանց տված Մկրտությունը վավերական չէ, և նմանատիպ ա՛յլ անմիտ բաներ: Հայր Գաբրիելը նրա մոլար կարծիքները հերքելու համար այնպիսի զորավոր փաստեր ու վկայություններ է մեջբերում, որ հակառակորդն ափ ի բերան է մնում, իսկ լսողներն ուրախանում են Մխիթարյան վարդապետի հաղթանակով և ուժգին ծափահարում են նրան[6]:

Եվ սակայն, այսպիսի անձնվեր, եռանդուն, բարերար և ուսյալ քարոզիչներն ամենուր չէ, որ սիրալիր ընդունելություն էին գտնում, երբեմն ուղղակի վտարվում էին, իսկ երբեմն էլ՝ հակառակորդների պատճառով նրանց քաղցած էին թողնում կամ անայցելու, որպեսզի հարկադրված թողնեին ու հեռանային: Հայր Թովմասը, Տրապիզոնում հռչակվելով իր սրբությամբ ու քարոզներով, ամբողջ ժողովրդի սիրտը նրան էր կապվել: Տեղի Առաջնորդը, նախանձելով նրան, ժողովրդին սպառնալիքներով ստիպեց, որ վարդապետին կերակուր չտան, իրենց տներում նրան որպես հյուր չընդունեն, որպեսզի ստիպվի քաղաքից հեռանալ[7]: Նրանց ճանապարհների վրա, տների մեջ, ամեն կողմ դարանակալում էին թշնամիները: Հայր Գաբրիելը, հակառակորդների ձեռքից ազատվելու համար, ստիպված եղավ երկար ժամանակ թաքնվել նեղ, մութ ու խոնավ մի թաքստոցում[8]: Իսկ Հայր Փիլիպպոսը, գրեթե հրաշքով, հազիվ ազատվեց իրեն փնտրողների ձեռքից, երբ գիշեր ժամանակ փախչում էր Եվդոկիայից դեպի Սեբաստիա. իրեն առաջնորդողը, մթության մեջ սխալվելով, բանուկ արահետի փոխարեն նրան տանում էր անհարթ ու դժվարագնաց մի ճանապարհով. ճիշտ այդ նույն ժամին, հետապնդողները նրան փնտրում էին բանուկ արահետի վրա, և չգտնելով՝ ետ են վերադառնում[9]: Բայց բոլորից ավելի վիշտ, նեղություն ու հալածանք է կրել վերոհիշյալ Հայր Թովմաս վարդապետը: Տերենտե քաղաքում գտնված ժամանակ, տեղի ազգայինները նրան մատնում են թուրք դատավորի ձեռքը, որը նրան բանտարկել է տալիս. ոտքերն ու պարանոցը շղթայված, օրերով սոված ու ծարավ մնում է զնդանում նետված: Եվ երբ ոչ մի տեղից ազատության հույս այլևս չուներ, դատավորի օգնականի գութն է շարժվում, դրամ է պահանջում վարդապետից և երկու ոսկի ստանալով ազատում է նրան[10]: Ուրիշ վարդապետներ իրենց անմնացորդ անձնվիրության զոհն էին դառնում, ինչպես երիտասարդ Հայր Գաբրիելը, որի Կարին գտնված ժամանակ ժանտախտի համաճարակ է տարածվում ժողովրդի մեջ, և նա մի հիվանդից մյուսի մոտ էր վազում, մխիթարում էր, Սուրբ Խորհուրդները մատակարարում, մինչև որ ինքն էլ վարակվեց միևնույն հիվանդությամբ և քաջությամբ կնքեց իր կյանքը, որքա՜ն գեղեցիկ հույսեր տանելով իր հետ գերեզման[11]:

Ավելորդ է այստեղ հիշել այսպիսի անձանց դեմ եղած անհիմն ու անտեղի զրպարտությունները, որոնք երբեմն կարողացան նույնիսկ մահացու հարվածներ տալ, բայց ընդհանուր առմամբ ծառայեցին նրանց անունն ու արդյունքներն առավել ևս պայծառացնելու գործին, քանի որ մեկ կամ երկու աննշան անձանց զրպարտությունների փոխարեն՝ հարյուրավորներ և հազարավորներ, նույնիսկ եպիսկոպոսներ և հեղինակավոր անձինք, բարձրացնում էին իրենց ձայնը՝ պաշտպան հանդիսանալու նրանց անմեղությանը և հռչակելու այդքան բազմաթիվ արդյունքները: Չուզենալով ընթերցողին տաղտուկ պատճառել՝ բազմաթիվ բարի վկայություններն ու դրվատիքների ամբողջ տարափն այստեղ մեջբերելով, գոհանանք դրանցից մի քանիսը միայն հիշելով, պարզապես ցույց տալու համար, թե ինչպիսի համարում կար նրանց հանդեպ:

Պոլսի կաթողիկեների գլխավորները 1717 թվականի Հոկտեմբերի 20ին մի նամակ են գրում Խաչատուր վարդապետին, ուր ասում են. «Հայր Եղիա և Հայր Գեորգ վարդապետներն ընտիր անձինք են, բավական գիտուն, հմուտ աստվածաբաններ, ուղղափառ և ճշմարիտ կրոնի ջատագովներ, մոլորյալներին ըմբերանողներ, խենեշ և անկարգ վարք ունեցողներին ուղղողներ: Ժիր են սուրբ գործերի և հոգիներին շահելու մեջ: Նրանց հասարակության մարդիկ ո՛ւր որ գնացել են, միշտ օգտակար են եղել և բոլորից էլ միշտ բարի վկայություններ ենք լսել»: Եվդոկիացի կաթողիկեները նույնպես, որոնք վայելել էին Մխիթարի և նրա աշակերտների արդյունքները, նույն վարդապետին 1717 թվականի Հունիսի 1ին գրած նամակում վկայում են, թե «Աստված այցելեց մեր Ազգին սույն հասարակության միջոցով, և յուրաքանչյուր քաղաքից ընտրեց այսպիսի բարեսեր անձինք և միմյանց միացրեց, որպեսզի միաշունչ և միակամ աշխատեն մեր Ազգի հոգևոր պայծառության համար: [...] Նրանք ո՛չ միայն քարոզությամբ, այլ՝ իրենց աստվածահաճո վարքով ևս արևի նման փայլեցին մեր մեջ: [...] Վկայում ենք դարձյալ, որ երբ Հայր Գեորգ, Հայր Եղիա, Հայր Հովհաննես և Հայր Մանուել վարդապետները քարոզում էին մեր քաղաքում, օրեցօր նվազում էր հակառակությունը և աճում էր եղբայրական սերը»: Քաղդեացիների Պատրիարք Հովսեփ Երկրորդը 1706 թվականի Մարտի 22ին նամակ է գրում Մխիթար Աբբահորը, ուր ասում է. «Սակավաթիվ տողերով հայտնում եմ այն մեծ համարումն ու հարգանքը, որ ունեմ Ձեր նկատմամբ: Ձեր կողմից առաքված քարոզիչը եկավ այս կողմերը, և շատ մեծ պտուղներ առաջ բերեց Քրիստոսի այգում: Ուստի աղաչում եմ Ձեզ, որ չմոռանաք քարոզիչներ առաքել այս կողմերը, առաջինի նման, որն Աստծո շնորհով լուսավորեց շատերին, որոնք թաղված էին մեղքերի խավարի մեջ: [...] Ե՛վս առավել ուրախ եմ, որ հոգևոր ուսումնարան եք հիմնել, որտեղից հուսով եմ, որ մեծամեծ և սուրբ անձինք դուրս պիտի գան»: Միևնույն զգացումներով, 1706 թվականի Հունվարի 24ին Մխիթար Աբբահորը նամակ է գրում նաև Մարդինի առաքելական քարոզիչ Թասբաս վարդապետը, որն իրենց քաղաքում Հայր Գեորգի քարոզությունն ու արդյունքները պատմելուց հետո՝ ավելացնում է. «Շատ ուրախացա լսելով, որ այդ կողմերն եք փոխադրվել[Մոռեա], ուր նպատակ ունեք Միաբանություն և ուսումնարան հիմնել, որպեսզի կրթեք և ուսուցանեք և ընտիր անձինք հասցնեք մեր Ազգին»:

Արևելքի առաքելությունների մասին այսպես թռուցիկ պատկերացում կազմելուց հետո, արդ մեր հայացքն ուղղենք դեպի Արևմուտք, տեսնելու, թե Մխիթարի Միաբանությունն այնտեղ ևս ի՞նչ արդյունքներ ունեցավ:

 

   

Ավստրիո կայսրուհի Մարիա Թերեզայի հրամանագիրը
Մխիթարյաններին Վիեննայում վանք հատկացնելու վերաբերյալ
[1] Մխիթար Աբբահոր նամակը Հայր Ստեփանոս Պետրոսյանին, 1727 Մայիս 5:
[2] Ժամանակագրություն Մխիթարյան Ուխտի, հտր. Ա, էջ 29-35:
[3] Նույն, էջ 30.35-36:
[4] Նույն, էջ 331-332, 337-338:
[5] Նույն, էջ 540-542:
[6] Այդ նույն Հայր Դավիթ Ջահկեցին տարիներ անց ամբողջովին փոխելով իր հին կարծիքն ու գաղափարները, պատահում է, որ ճամփորդում է դեպի Եվրոպա, և Վենետիկ ևս այցելելով, ծանոթանում է նաև Մխիթար Աբբահորը, և Միաբանության սերտ բարեկամներից մեկն է դառնում:
[7] Ժամանակագրություն Մխիթարյան Ուխտի, հտր. Ա, էջ 267:
[8] Նույն, էջ 323-324:
[9] Նույն, էջ 238-261:
[10] Նույն, էջ 272-273:
[11] Նույն, էջ 326-327:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։