Մխիթարյանները Տրանսիլվանիայում – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարյանները Տրանսիլվանիայում

Տրանսիլվանիայի Հայ գաղթականության երկու գլխավոր կենտրոններն էին Կեռլան, որ Հայաքաղաք էր կոչվում[1], և Բաշֆալովը (Էբեշֆոլվոյ) կամ Եղիսաբեթուպոլիսը[2]: 1719 թվականին Սուրբ Աթոռն այդ կողմերն իբրև այցելու ուղարկեց Կարնեցի Խաչատուր վարդապետին, որը Կեռլայի հայ իշխանների առաջ մեծ գովեստով խոսեց Մխիթար Աբբայի նորահաստատ Միաբանության մասին: Նույն տարվա Սեպտեմբերի 28ին, քաղաքի քահանաներն ու իշխանները, քաղաքապետի հետ միասին, մի նամակ գրեցին Աբբահորը, խնդրելով, որ երկու քարոզիչ ուղարկի իրենց: Հաջորդ տարին, 1720 թվականին, Սուրբ Ղազար վանքում իբրև հյուր բնակվող Եվդոկիացի Հովնան եպիսկոպոսը գնաց այդ կողմերը. Մխիթարը նրա հետ ուղարկեց Հայր Մանուել վարդապետին, որն երեք տարի այնտեղ մնաց, հոգևորի հետ նրանց մեջ զարգացնելով նաև հայերեն լեզվի ուսումը: Մինչև 1742 թվականը այդ առաքելությունը հաջորդաբար ծաղկեցրին Հայր Մանուելը, Հայր Թեոդորոսը և ուրիշ վարդապետներ: 1743 թվականին, Բաշֆալովցի հայ հարուստ և ազնվական Աղաչա Պետրոս Գոբոցյանը, որն այդ տարվա քաղաքի Պիրովն էր (իշխանը), առևտրական գործերով Վենետիկ գալով, եկավ նաև Սուրբ Ղազար, Աբբահորն այցելության, որին արդեն ծանոթ և մտերիմ բարեկամ էր: Երբ իր քաղաքը պիտի վերադառնար, Աբբահորից խնդրեց, որ իր հետ Բաշֆալով քարոզության տանի Հայր Ղազարոսին, որը ծնունդով իրենց քաղաքից էր[3]: Մխիթարն անսաց նրա խնդրանքին և Հայր Ղազարոսին ուղարկեց իր ծննդավայրը: Վարդապետը, Ավետարանի խոսքի ընդհանուր սահմանման մեջ կարծես մի բացառություն լինելով, իր հայրենի գավառում մեծ ընդունելություն գտավ հետագա տարիների ընթացքում, և չնայած իր երիտասարդ հասակին, հայրաբար հոգաց ժողովրդի բոլոր կարիքները և նրանց սրտերում վառեց առաքինության ու գիտության սերը: Այս Աղաչա Պետրոսը, որ Միաբանության մեծ բարեկամներից մեկն էր, ուրիշ շատ ողորմություններից ու նվերներից զատ, մեռնելուց առաջ Միաբանությանը կտակեց քաղաքի հրապարակի վրա գտնվող իր մեծ տունը, որպեսզի վանատուն և եկեղեցի շինվի, ինչը որ կտակողի կամքի համեմատ արվեց հետո: Այդ առաքելությունը շարունակվում էր մինչև Համաշխարհային Պատերազմը:

Այսքանով ավարտում ենք Մխիթարյան առաքելությունների գլուխը, ուրիշների թողնելով ավելի ընդարձակորեն խոսել և դուրս ցայտեցնել Միաբանության առաքելական արդյունքները:

 

Բաշֆալովի Մխիթարյան վանատունն ու եկեղեցին 19րդ դարում

[1] Այս քաղաքը Հայերն էին կառուցել Շոմուշ գետի ափին, 1703 թվականին: Բնակիչները մեծ մասամբ հայեր էին, որոնք վաճառականությամբ էին զբաղվում: Քաղաքի կառավարությունը հիմնականում հայ իշխանների ձեռքին էր:
[2] Այս քաղաքը կառուցված է Դռնավա գետի ափին, գեղատեսիլ մի հովտի մեջ, և շրջապատված է դալարագեղ բլուրներով: Այս քաղաքի կառավարությունը նույնպես հայերի ձեռքում էր: Բնակչության մեծամասնությունը հայազգի էր, որոնք արհեստով ընդհանրապես վաճառականներ էին: Հինգ եկեղեցի ունեին հայերը քաղաքում, որոնցից մեկն էլ Մխիթարյանների եկեղեցին էր, Սուրբ Անտոն Անապատականին նվիրված: Միաբանությունն այնտեղ վանատուն էլ ուներ, ուր միշտ երկու կամ երեք վարդապետ էր բնակվում, մինչև Համաշխարհային Երկրորդ Պատերազմի տարիները, աշխատելով ազգայինների հոգևոր և ուսումնական զարգացման համար:
[3] Հայր Ղազարոսի անունը մինչև կրոնավորելը Մարտիրոս էր: Պատանեկության ժամանակ բռնվել էր մի անբուժելի ու մահացու հիվանդությամբ: Երբ բոլոր բժիշկներն այլևս հուսահատվել էին, միայն Սուրբ Հաղորդության մի ակնհայտ հրաշքով պատանին մի ակնթարթում կատարյալ առողջացել էր, և այնուհետև այլևս երբեք նույն հիվանդությունը նրա մոտ չէր կրկնվել (Ժամանակագրություն, էջ 360-365):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։