Մխիթարյանների գործունեությունը Պոլսում – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարյանների գործունեությունը Պոլսում

Արևելքի դուռն ու մայրաքաղաքը հանդիսացող Պոլիսը Մխիթարյան առաքելության արևելյան կենտրոնատեղին էր: Նախ այնտեղ էին գնում այն բոլոր քարոզիչները, որոնք իրենց առաքելական պաշտոնը հետագայում վարելու էին գավառներում կամ հայրենի երկրի մի որևէ վայրում: Նույնպես նաև վերադարձի ժամանակ, երբ որևէ մեկի քարոզության ժամանակը լրանում էր, նախ գալիս էր Պոլիս, որպեսզի այնտեղ ստանար վանքից եկած հրահանգները, որոնց համաձայն էլ՝ կամ մնում էր ու շարունակում իր գործը, և կամ՝ վերադառնում էր Վենետիկ: Պոլսում, – այն ժամանակներում և Մխիթարյանների համար, – քարոզելու և գործելու մեծ ասպարեզ չկար, իսկ եթե կար էլ՝ ապա շատ դժվարին ու վտանգավոր պայմաններում. շա՜տ մեծ զգուշություն էր հարկավոր, քանի որ այնտեղ վխտում էին զանազան ազգի ու դավանանքի պատկանող եկեղեցականներ ու քարոզիչներ, քաղաքը նմանվում էր մի մեծ վառարանի, միշտ եռման մեջ, պատրաստ՝ ամեն րոպե պայթյուն ու շփոթ առաջացնելու. այդ իսկ պատճառով, այնտեղ գործունեություն ծավալողներից պահանջվում էր մեծագույն խոհեմություն: Միաբանության գրքերի հիմնական վաճառատեղին այնտեղ էր, ուր ուղարկվում էին վաճառվելիք գրքերը, որոնք տեղի գործակալը սփռում էր գավառներում: Դարձյալ, Արևելքում գտնվող քարոզիչներին ուղղված նամակներն Աբբահայրն ուղարկում էր այնտեղ, իսկ գործակալը յուրաքանչյուրն իր հասցեատիրոջն էր հասցնում: Ուստի, Պոլիսը ամեն տեսակ առնչությունների միության օղակն էր Վանքի և Արևելքի միջև: Պոլսի գործակալի պարտականությունն էր նաև՝ նամակներով տեղեկացնել Աբբահորը Ազգի մեջ պատահող կարևոր դեպքերը, մանավանդ՝ որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեին Միաբանության հետ: Նրա պաշտոնն էր նաև՝ հոգ տանել վանք ուղարկվելիք տղաների ընտրության մասին, Աբբահորից ստացած հրահանգների համեմատ:

Ինչպես տեղեկանում ենք այդ ժամանակվա քարոզիչների կողմից Մխիթարին ուղղված նամակներից[1], գրեթե ամեն տարի, կամ գոնե երկու տարին մի անգամ, թեթև, իսկ երբեմն էլ ծանր հալածանքներ էին սկսվում Պոլսում և գավառներում ընդդեմ կաթողիկե Հայերի: 1723 թվականին մի թեթև հալածանք է սկսվում Պոլսում, որը լուրջ հետևանքներ չի ունենում: Շատ չանցած դադարում է: Արդեն կարծվում էր, թե բոլորովին վերջացել էր, երբ ահա երկու տարի հետո կրկին արծարծվում է: Այդ առթիվ Մխիթարը գրում է իր բարեկամներից մեկին. «Մեծ ցավ զգացինք, լսելով, որ հալածանքը դեռ տևում է: Արդ խնդրում ենք Աստծուց, որձեզնից հեռացնի հալածանքը, խաղաղություն տա [...] և նեղությունների մեջ՝ ճշմարտության սիրով միշտ դալար պահի ձեզ, ինչպես վարդը փշերի մեջ»[2]: 1728 թվականին ևս, Ավագ Շաբաթվա ընթացքում, հանկարծակի սաստիկ խռովություն և հալածանք է բարձրանում կաթողիկեների դեմ, այնպես, որ այնտեղ գտնվող միաբաններն իրենց ընտանիքներով ստիպված են լինում Լատինների եկեղեցու մեջ փակված մնալ Ավագ Հինգշաբթիից սկսած մինչև Զատկի օրը[3]: Մի քանի տարի հետո, 1732 թվականի վերջերին, դարձյալ բորբոքվում են հալածանքները, Հայ կաթողիկեների մի մասը ցրվում է, Պոլսում գտնվող Մխիթարյանները թաքնվում են մի բարեկամի տանը և շաբաթներով փակված են մնում ներսում[4]: Այդ հալածանքները, սակայն, ա՛յլ հետևանք չեն ունենում, քան կաթողիկեներին առավել ևս գրգռելը, որոնք իրենց անապահով դիրքից տաղտկացած, հալածանքներից ազատվելու միակ ելքը սկսում են տեսնել առանձին հասարակություն ձևավորելու մեջ, իրենց հատուկ Առաջնորդով և եկեղեցիներով, ազատորեն ապրելու համար իրենց հավատքը: Տարիներ առաջ արդեն, 1714-1715 թվականներին, փորձել էին առանձնանալ, բայց անհաջող ելք էին ունեցել: Այս անգամ ավելի փորձառու էին և ավելի պատրաստված էին թվում: Մխիթարը տեղեկանում է այդ ամենի մասին և խորապես գիտակից լինելով Ազգի ու տվյալ ժամանակվա հանգամանքներին, զգուշավոր ու անձնապահ դիրք է բռնում, ինչպես առաջ, և իրեններին գրում է, որ նման խնդիրների մեջ չխառնվեն, «քանի որ այդ ճանապարհի ելքը հաջող չեմ տեսնում», ասում է, «այդ բանի ժամանակը դեռ չի հասել: Իմ կարծիքով, այդ գործը ո՛չ միայն մեր կաթողիկե եղբայրների փափաքած խաղաղությունը չի տալու, այլ՝ մեծագույն խռովությունների առիթ է հանդիսանալու»[5]: Եվ իրոք, դեռ մի ամիս չանցած կատարվեցին Մխիթարի ասածները. մի մեծ փոթորիկ պայթեց բոլորի գլխին, ցիրուցան արեց ծրագրի ամենաեռանդուն գործիչներին, Պոլսում գտնվող Մխիթարյանները ևս կրկին ստիպվեցին ամիսներով բանտվել տներում: Այդ կրակների և կյանքի ամենօրյա վտանգների մեջ էր, որ գործում էին Մխիթարի աշակերտները, չունենալով ոչ մի երկրավոր ակնկալիք կամ քաջալերող մի բան: Այդուհանդերձ, տարի չէր անցնում, որ Վենետիկից դեպի Արևելք և հակառակ ուղղությամբ՝ քարոզիչների մի քանի երթևեկ տեղի չունենար: Սուրբ Ղազար կղզու միաբանների մեջ վաղուց արդեն սկսվել էր առաքինության և գիտության մեջ զարգանալու մրցումը, իրենք իրենց պատրաստելու համար առաքելական մեծ գործին. այդ սերունդը կազմ և գոտեպինդ կանգնած էր, Աբբահոր ամենաթեթև ակնարկին միայն սպասելով, ամենադժվարին ասպարեզների մեջ անվարան նետվելու համար:

[1] Օրինակ. Հայր Պողոսի նամակը Մխիթարին, 1723 Մարտ 13:
[2] Նամակ Տիրացու Գեորգին, 1725 Հունիս 8:
[3] Հայր Պետրոսի նամակը Մխիթարին, 1728 Ապրիլ:
[4] Մխիթար Աբբահոր նամակը Հաջի Հարություն Խազեզին, 1733 Հունվար 7:
[5] Նամակ Հայր Պողոսին, 1735 Օգոստոս 6: Նամակ Տ. Վրթանես Արքեպիսկոպոսին, 1735 Սեպտեմբեր 3:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։